Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց երիտասարդական աշխատանք․ Հայաստանում խոցելի և ամենամեկուսացված երիտասարդներին օգնելու նոր միջոց

Մարտ 29,2019 17:19

Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների գրեթե 90 տոկոսը հնարավորություն չունի օգտվել այն սոցիալական ու կրթական ծրագրերից, որոնք ընձեռվում են տարբեր հասարակական կազմակերպությունների, պետական ու միջազգային կառույցների կողմից։ 800 հազարի հասնող երիտասարդների ընդամենը 11 տոկոսն է ակտիվորեն ներգրավված տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների մեջ։

Այս մասին «Երկխոսության մեդիա կենտրոնում» հայտարարեց «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանը՝ նշելով, որ այդ բացը լրացնելու, այսպես կոչված՝ չկազմակերպված երիտասարդներին հասարակության մեր ներգրավելու ու կարևոր դերակատարներ դարձնելու հիանալի միջոց է բաց երիտասարդական աշխատանքը։

Նա իր գործընկերների՝ երիտասարդական ոլորտի փորձագետների հետ անդրադարձավ մեր երկրում իրենից նորություն ներկայացնող երիտասարդական աշխատանքի տեսակներից մեկին՝ բաց երիտասարդական աշխատանքին, որը թրենդային է դառնում ողջ աշխարհում։

Երիտասարդական ոլորտի փորձագետները ներկայացրեցին իրենց կատարած ուսումնասիրության նախնական արդյունքները Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի առկա վիճակի ու դրա զարգացման նախադրյալների շուրջ։

Արթուր Նաջարյանը, խոսելով Հայաստանում Եվրամիության աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի մասին, նախ հարկ համարեց բացատրել բաց երիտասարդական աշխատանքի առանձնահատկությունները։

Ի դեպ, Գյումրին առաջատարն է բաց երիտասարդական աշխատանքում, քանի որ 2018 թվականին Եվրամիության աջակցությամբ Գյումրիում հիմնվել է իր տեսակով հանրապետությունում երկրորդը չունեցողը «Երիտասարդների տուն» կենտրոնը, որտեղ նախատեսվածից շատ՝ մոտ 600 պատանիներ են հաճախում, ու նրանց մեծը մասը Գյումրի քաղաքի սոցիալապես խոցելի թաղամասերի ընտանիքներից են։ Այստեղ քիչ ծախսերով մեծ աշխատանք է տարվում։

«Բաց երիտասարդական աշխատանքը երիտասարդական աշխատանքի ենթատեսակներից է, որը գնալով ավելի թրենդային է դառնում ամբողջ աշխարհում, ինչը ունի հստակ առանձնացված մոտեցումներ և նաև աշխատանքային գործիքակազմ։ Այն տարբերվում է երիտասարդական աշխատանքի մյուս տեսակներից, ինչը հնարավորություն է տալիս ավելի քիչ ծախսային հատկացումներով ավելի մեծ արդյունավետության ապահովում և ավելի լայն թիրախային խմբերի ներգավվածություն այն կարևորագույն ծառայություններին, որն ընձեռվում է կրթության և սոցիալական ոլորտներում։ Մենք երիտասարդական աշխատանքը Հայաստանում փորձում ենք դարձնել օրինաչափ, քանզի շատերի համար այն տարբեր կառույցների կողմից միայն ազատ ժամանակի կազմակերպումն է։ Բայց երիտասարդական աշխատանքն ավելին է, քան ուղղակի երիտասարդի ժամանցի ապահովում, և այն չպետք է լինի միայն հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվող, այլ պիտի լինի պետության կողմից հստակ մոտեցում, քաղաքականություն, որը պետք է ներառի հնարավորինս ավելի շատ թվով պատանիների»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Ըստ բանախոսի՝ երիտասարդական աշխատանքը Հայաստանում բավականին ճանաչելի է դարձել վերջին շրջանում, իսկ բաց երիտասարդական աշխատանքը, ի տարբերություն երիտասարդական աշխատանքի մյուս տեսակների, հնարավորություն է տալիս աշխատել այնպիսի երիտասարդների հետ, որոնք մարգինալ խմբեր են՝ ընդհանրապես ներգրավված չեն սոցիալական-հասարակական, քաղաքական, մշակութային կամ որևէ այլ ոլորտում։

Բանախոսը տեղեկացրեց նաև, որ մտադրված են Հայաստանում ձևավորել բաց երիտասարդական աշխատանքով հետաքրքրված կառույցների ցանց, որը նորություն է երիտասարդական դաշտում։

Երիտասարդական աշխատանքի փորձագետ Կարեն Տերտերյանն էլ, որը մի քանի համայնքներում՝ Գյումրիում, Ամասիայում, Վանաձորում, Սպիտակում, Աշտարակում և Երևանում ֆոկուս խմբային հանդիպում- քննարկումներ է անցկացրել պատանիների, նրանց ծնողների, ուսուցիչների հետ, ասաց, որ բաց երիտասարդական աշխատանքի արդյունքում շահառուների ու նրանց ընտանիքի անդամների մոտ կարծրատիպեր է փոխվում։

«Մի ծրագիր ունեինք աղջիկների հեծանվավարության, ի սկզբանե աղջիկների ծնողները մտածել են՝ հեծանիվը աղջկա ի՞նչ բանն է, հետո ինչ-որ պահից հասկացել են դրա կարևորությունը, համաձայնել են, բայց երբ տանը հյուր են ունեցել, երեխան ասել է՝ գնում եմ հեծանվավարության ակումբի, բարեկամներն են նեղվել, թե էս ո՞ւր եք ուղարկում էրեխուն»,-ասաց Կարեն Տերտերյանը։

Ըստ բանախոսի՝ եղել են երեխաներ, որոնք դպրոցում դաս պատմելուց ամաչել են, հուզվել, բայց երիտասարդական կենտրոն հաճախելուց հետո դարձել են ինքնավստահ, անգամ սկսել են օգնել դասարանի թույլ աշակերտներին։

«Փշաքաղվելու աստիճան պատմություններ ենք լսում», -ասաց Կարեն Տերտերյանը։

«Բոլոր համայնքներում որ պտտվում էինք, տեսնում էինք, որ երեխաներն իրենց ցանկությունների մեջ շատ բազմազան են․ խոշոր համայնքներում, որտեղ ենթակառուցվածքները մի փոքր ավելի լավ վիճակում էին, միանգամից խոսում էին իրենց անմիջական ցանկությունների մասին՝ ժամանցի, մասնագիտական կողմնորոշման հետ կապված, բայց այն համայնքները, որոնք ավելի թույլ ենթակառուցվածքներ ունեն, իրենց մանկական հետաքրքրությունները թողած՝ խոսում են համայնքային խնդիրների մասին։

Օրինակ՝ Ամասիայի տարածաշրջանի երեխաները առաջարկների ցանկում պատկերացնում էին, որ ոչ թե ծառայությունները գան իրենց մոտ, դժվարությամբ էին պատկերացնում, որ մարդիկ գային իրենց համայնք, իրենց համար ինչ-որ բան անեին, առաջարկում էին, որ լիներ ուսանողական տրանսպորտ, որ կարողանան Ամասիայից Գյումրի գալ և Գյումրիից եղած ծառայություններից օգտվել։ Այստեղ մտածողության հարցեր կան, աշխատանք է պետք տանել, երեխաներին հավատացնել, որ իրենք են կարևորը, և այդ ծառայությունները, երեխայակենտրոն լինելով, պետք է գան դեպի իրենց դուռ, ոչ թե իրենք գնան որևէ այլ տեղ», -ասում է Կարեն Տերտերյանը։

Երիտասարդական ոլորտի հետազոտող Մարինա Գալստյանն էլ խոսեց այն մասին, թե ինչ խնդիրներ ունեն երիտասարդները և դրանք լուծելու ուղղությամբ ինչ են արվում տարբեր կառույցների կողմից։ Ըստ նրա՝ ավանդական այն խնդիրները, որոնց բախվում են երիտասարդները, կրթությունն ու զբաղվածությունն են։

«Երիտասարդների գործազրկությունը 10 տարվա կտրվածքով 25-30 տոկոսի շրջակայքում է եղել, որը բավական խնդրահարույց է նման կենսունակ տարիքի համար, երբ որ մարդ պետք է ռեսուրսներ ստեղծի իր բարեկեցությունն ապահովելու համար։ Մյուս խնդիրը մասնակցությունն է, սա այն ուղղություններից է, որը ևս բարելավման կարիք ունի։ Օրինակ՝ կամավորությունը, որը ևս մասնակցության կարևոր բաղադրիչ կամ ուղղություններից է երիտասարդների շրջանում, վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ 16 տոկոսի շրջակայքում է, որի մեջ մտնում ասենք իր դասընկերոջը օգնելը, ոչ միայն հանրային որոշակի միջոցառումներին մասնակցելը։ Այսինքն, այստեղ ևս ունենք անելիքներ խրախուսելու մասնակցության մշակույթը»,-ասաց բանախոսը։

Նա խոսեց նաև մարզերում ազատ ժամանակի կառավարման հնարավորությունների պակասից։ Ըստ նրա՝ այստեղ խոսքը ոչ թե ժամանակի վատման, այլ ինքնության, ինքնաճանաչման ձևավորման մասին։

«Մենք՝ որպես երկիր, որպես երիտասարդական ոլորտում աշխատող մարդիկ, պետք է մտահոգվենք, որովհետև այսօր Հայաստանում ազատ ժամանակի կազմակերպման հնարավորությունները միատեսակ են», -ասաց Մարինա Գալստյանը։

Ըստ նրա՝ դպրոցներում կազմակերպվում են էքսկուրսիաներ, բայց դրանք ավանդական ձևեր ունեն․ սննդի կազմակերպումը մեծ տոկոս է կազմում, բայց բնության հանդեպ հոգատարությունը, որն անչափ կարևոր է, հաճախ որպես երիտասարդների հետ տարվող աշխատանքի թեմա չի ներառվում։

«Երիտասարդական ոլորտում շարունակում են տրադիցիոն ակտիվ մնալ հասարակական կազմակերպությունները, ինչը ուրախալի է, չենք քննադատում․ դրանք ինքնակազմակերպվող օջախներ են, մենք չենք կարող կառավարել, որ հ/կ-ները չառաջանան, բայց պետական մանդատի տեսանկյունից վաղուց ժամանակն է, որ պետությունը վերցնի իր հոգածության տակ»,- ասաց բանախոսը։

Մարինա Գալստյանի կարծիքով, եթե այդ աշխատանքը թողնեն միայն հ/կ-ների հույսին, աշխարհագրական ծածկույթի տեսանկյունից հնարավոր չի լինի հասնել բոլորին երիտասարդներին, իսկ այդ խնդիրը կա Հայաստանում։ Օրինակ՝ գյուղական համայնքներում հ/կ-ները քիչ են, իսկ շատ հաճախ գյուղական բնակավայրերի երիտասարդությունը և՛ խոցելի է, և՛ մեկուսացված։

Մարինա Գալստյանի փոխանցմամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ երեխաների աղքատության 2016 թվականին հրապարակած զեկույցի համաձայն՝ գյուղական բնակավայրերի երիտասարդությունը խոցելի է նաև տեղեկացվածության առումով, քանի որ սոցիալական ցանցերը ոչ միշտ են օգտագործվում ինտելեկտուալ մակարդակը բարձրացնելու համար, դրանք ծառայում են որպես հաղորդակցության միջոց։

Ըստ բանախոսի՝ պետական միջոցների վերաբաշխում պետք է կատարվի, քանի որ պատճառաբանությունները, թե աղքատ, պատերազմող երկիր ենք, արդարացված չեն․ եղած պետական միջոցները ճիշտ պետք է օգտագործվեն, ավելի հասցեական ծախսել, քանի որ և՛ համայնքապետարանները, և՛ մարզպետարաններն ունեն ռեալ միջոցներ՝ երիտասարդական աշխատանքի համար նախատեսված, որոնք, սակայն տարբեր ձևով են ծախսում։

Հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանն էլ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր անորոշ վիճակ է երիտասարդական քաղաքականության առումով, քանի որ երիտասարդական աշխատանքը համակարգող մարմինը՝ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը օպտիմալացվում է։

Աննա Եղոյանը, ևս անդրադառնալով բաց երիտասարդական աշխատանքին, ասաց, որ այն ունի շատ լուրջ սոցիալական բաղադրիչ, որովհետև ուղղված է ռիսկերի նվազեցմանը, երիտասարդի համար ապահով միջավայրի ստեղծմանը, և ի տարբերություն երիտասարդական աշխատանքի, որը տարվում է 16-30 տարեկանների շրջանում, այստեղ խոսքը գնում է դեռահասների՝ 13-18 տարեկանների մասին։

Ըստ բանախոսի,՝ բաց երիտասարդական աշխատանքը պետք է դառնա հասանելի, համընդհանուր՝ բոլոր դերակատարների մասնակցությամբ։ Աննա Եղոյանի համոզմամբ, պարտադիր չէ, որ երիտասարդական կենտրոնների հիմնադիր հանդիսանան հ/կ-ները, հիմնադիր կարող է լինել պետությունը, համայնքային իշխանությունը, որոնք կկիսեն բաց երիտասարդական աշխատանքի արժեքների և սկզբունքների ընդհանուր գաղափարները։ Բացի դրանից, ըստ բանախոսի, ճիշտ կլինի կենտրոնների պահպանման ու զարգացման ծախսերը համայնքը վերցնի իր վրա, քանի որ խոսքը շատ մեծ գումարների մասին չէ, իսկ այդ ծախսերը, Աննա Եղոյանի ձևակերպմամբ, կարող են ավելի էժան արժենալ, քան ազատ ժամանակի ընթացքում երիտասարդի՝ համայնքին հասցրած վնասն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031