Հայաստանում 2025 թվականի մարտի 5-ին «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումից հետո սկսել է մեծ պահանջարկ ունենալ երիտասարդական աշխատողի մասնագիտությունը:
Այն կարելի է և համարել նոր մասնագիտություն, որը դեռ չի ուսուցանվում հայաստանյան բուհերում, սակայն երիտասարդների հարցերով զբաղվող ակտիվ կառույցներից մեկը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը»՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը։
Երեկ մայրաքաղաքում միջազգային այս կառույցների՝ ՀՀ-ում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբանի, ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանի ու այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ երիտասարդական աշխատողի վկայականներ հանձնվեցին վերապատրաստում անցած 50 անձանց․ տեղի ունեցավ «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
Ուշագրավ է այն, որ այս ծրագիրը Հայաստանի բոլոր մարզերից մասնակիցներ ունի․ նրանց մեջ կային տարբեր տարիքային խմբի մարդիկ․ շատերը պաշտոնատար անձինք են՝ մեծամասամբ համայնքապետարանների աշխատակիցներ, մյուսները՝ երիտասարդական կենտրոնների կամ հասարակական կառույցների։
Կարդացեք նաև
Ըստ Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքի, համայնքապետարանները ԿԳՄՍ-ի ու հասարակական կառույցների հետ համագործակցությամբ պարտավորվում են երիտասարդական միջավայր ստեղծել իրենց համայնքներում՝ երիտասարդական տարածքներ, կենտրոններ բացել և պարտադիր ունենալու են երիտասարդական աշխատողներ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը այս միջոցառումը համարեց կարևոր քայլ Հայաստանում երիտասարդական աշխատողի մասնագիտության կայացման գործընթացում։
«Երիտասարդական աշխատողը կարևոր դեր ունի մեր հասարակության մեջ ու բոլորիս նպատակն է, որ այս մասնագետները դառնան ճանաչված ու գնահատված, քանի որ նրանք երիտասարդների զարգացման ճանապարհին առանցքային դերակատար են։
Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երիտասարդ՝ հատկապես խոցելի խմբերից և հեռավոր համայնքներից, իր կողքին ունենա վստահելի մեծահասակի, ում հետ կարող է խոսել, նրան դիմել, կիսվել իր մտահոգություններով, երազանքներով ու գաղափարներով»,- ասաց փոխնախարարը։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ իր ելույթում կարևորեց երիտասարդական աշխատանքի մասնագիտացումն ու երիտասարդական աշխատողի դերի արժևորումը։
Ըստ նրա, դրանով է պայմանավորված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպական միության հետ համագործակցությամբ՝ Հայաստանում երիտասարդական աշխատանքի վերապատրաստումը համընդհանուր ու ընդգրկուն դարձնելը։
Արթուր Նաջարյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականի փոխարեն 2026 թվականին 50 երիտասարդական աշխատողներ ունենք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներից, այդ թվում նաև Երևան քաղաքից։
Ըստ բանախոսի, այս պահին Հայաստանում երիտասարդական աշխատողի մասնագիտացման համար չկա բարձրագույն ուսումնական հաստատության կրթական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր և այդ բացը լրացվում է համապատասխան վերապատրաստումներով։
«Այդ վերապատրաստումները մենք կարևորում ենք, որովհետև համարում ենք ներդրում և զինում, որպեսզի կարողանաք կարևոր պաշարներով ձեր համայնքներում երիտասարդների հետ աշխատելով՝ էական փոփոխություններ բերել», -մասնակիցներին դիմելով՝ ասաց Արթուր Նաջարյանը։
Ըստ նրա, երիտասարդական աշխատանքը ուղղակի մասնագիտական գործունեություն չէ, այն հստակ գործողությունների գործիքակազմ է՝ ուղղված երիտասարդների ներուժի իրացմանն ու երկրի ապագայի կայացմանը։
Դասընթացավարներից մեկը՝ Կարեն Այվազյանն էլ նշեց, երբ տարիներ առաջ ասում էին երիտասարդական աշխատող, ստիպված էին լինում մի մեծ պարբերությամբ բացատրել, թե դա ինչ մասնագիտություն է։ Նա մասնակիցներին հորդորեց ամենուր ներկայանալ որպես երիտասարդական աշխատողներ, որպեսզի կարողանան ճանաչելի դարձնել մասնագիտությունը։
Ըստ նրա, երևի թե մի քանի տարի հետո ստիպված չեն լինի բացատրել, թե ով է երիտասարդական աշխատողը, ինչպես հիմա չեն բացատրում, թե ով է ուսուցիչը կամ ինժեները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դաշտում շատ մեծ պահանջարկ կա երիտասարդական աշխատողների, այս պահին Հայաստանում կան 300 վերապատրաստված երիտասարդական աշխատողներ։ Նրանք վերապատրաստվել են 2016 թվականից մինչ օրս։
«Բայց մենք ունենալու ենք շատ ավելի մեծ թվով երիտասարդական աշխատողների կարիք․ 68 համայնք պետք է ունենա երիտասարդական աշխատող, բոլոր համայնքները պետք է ունենան երիտասարդական կենտրոններում աշխատող երիտասարդական աշխատողներ, որոնք ևս պետք է վերապատրաստված լինեն։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ խոշոր համայնքներում կարող է մեկից ավելի երիտասարդական կենտրոններ լինել, վերապատրաստված երիտասարդական աշխատողների կարիք ավելի է մեծանալու։
Եվ հասարակական կազմակերպություններում, երիտասարդական կազմակերպություններում ևս լինում են երիտասարդական աշխատողներ, որովհետև, ըստ մեր օրենքի, երիտասարդական կազմակերպությունը չի կարող չիրականացնել երիտասարդական աշխատանք»,- ասաց նախարարության պաշտոնյան։
Ըստ նրա, այս պահին այս մասնագիտությունը դեռ ֆորմալ առումով չի ճանաչվել, նախարարությունն այս ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի ներառվի կրթական հաստատություններում՝ կամ բարձրագույն կրթական հաստատություններում կամ միջին մասնագիտական կրթության մեջ։
Ըստ մեր զրուցակցի, «երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը երեքամսյա դասընթաց է, որն ունի նաև պրակտիկայի հնարավորություն․ երիտասարդական աշխատողներին հնարավորություն է տրվում գնալ երիտասարդական կենտրոններ, իրենց աչքով տեսնել, թե ինչպիսի աշխատանք են իրականացնում երիտասարդական կենտրոնները, ընդ որում այցելում են տարբեր մոդելով գործող երիտասարդական կենտրոններ՝ և՛ երիտասարդական տարածքներ, և՛ երիտասարդական կենտրոններ։
Ըստ Արմենուհի Պետրոսյանի, վերապատրաստման այս ծրագրում մասնակիցների 50 տոկոսը համայնքապետարաններում աշխատող երիտասարդական աշխատողներ են, իսկ մյուս 50-ը երիտասարդական կենտրոնների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը եղել է վերապատրաստման ծրագրի մշակման ակունքներում կանգնած կազմակերպություն, ԵՆԿ-ի թիմում գտնվող մարդիկ բոլոր տարիներին եղել են որպես վերապատրաստողներ՝ «երիտասարդական աշխատողի վերապատրաստման» ծրագրում, սերտ համագործակցում ենք»,- ասաց Արմենուհի Պետրոսյանը։
Ըստ նրա, Հայաստանում երիտասարդական աշխատողի վերապատրաստումը եղել է դեռ 2016 թվականից։ 2015 թվականին, երբ հայկական պատվիրակությունը մեկնել է Բելգիա՝ եվրոպական երիտասարդական աշխատողների 3-րդ կոնֆերանսի մասնակցելու, մեր պատվիրակությունը ոգևորված վերադարձել է Հայաստան ու սկսել մշակել մեր երկրում երիտասարդական աշխատողի ինստիտուտի համակարգը, երիտասարդական աշխատողների առաջին վերապատրաստման ծրագիրը։ Նրանք ուսումնասիրել են միջազգային ու տեղական փորձը, որի հիման վրա էլ մշակել են ծրագիրն ու սկսել վերապատրաստման դասընթացներ իրականացնել։
Երիտասարդական աշխատողի վկայական ստացած Վարդուհի Ցոլակյանը, Կատյա Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեցին, որ Հայաստանում կա երիտասարդական աշխատողների մեծ բաց, իրենց վերապատրաստումը կօգնի իրենց համայնքներում երիտասարդների հետ ավելի գրագետ աշխատանք տանելու ։
Կատյա Մարգարյանի ասելով՝ ստացած վկայականը իր համար պարզապես փաստաթուղթ չէ, այլ հնարավորություն ստացած գիտելիքները ծառայեցնելու երիտասարդների խնդիրները լուծելու համար, հատկապես որ աշխատում է ներառական ոլորտում, որտեղ երիտասարդների՝ հասարակության մեջ ներգրավելու, լիարժեք անդամ դառնալու ուղղությամբ մեծ անելիքներ կան։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



























































