Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային ֆեդերացիան հեծանվորդ Էդգար Ստեփանյանին Եվրոպական խաղերին մասնակցելու երկրորդ քվոտան էլ տվեց

Ապրիլ 01,2019 17:40

Մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը եւս երկու հեծանվորդների՝ Ջանիկ Գրիգորյանի եւ Վազգեն Ոսկանյանի հետ միասին այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»:

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ի հետ զրույցում ուրախությամբ տեղեկացրեց, որ միջազգային ֆեդերացիան  Էդգար Ստեփանյանին Եվրոպական խաղերի մասնակցության երկրորդ քվոտան է տվել:

«Էդգարը Մինսկում խճուղային հեծանվավազքում հանդես գալու իրավունք ուներ, սակայն օրերս նրա համար ստացանք նաեւ օլիմպիական օմնիում մրցաձեւում մասնակցելու թույլտվությունը: Այս հավաքով Էդգարն սկսում է նախապատրաստվել տարվա կարեւոր մեկնարկներին: Անցած տարեվերջին ստացած վնասվածքից Էդգարն ապաքինվել է: Նա արդեն սկսել է լիարժեք մարզվել ու աստիճանաբար մարզավիճակ հավաքել: Հավաքն ու մարզումներն ավելի արդյունավետ լինելու նպատակով նրա հետ են մեր եւս երկու շնորհաշատ պատանի հեծանվորդները, որոնք արդեն իսկ իրենց տարիքի համեմատ բարձր արդյունքներ են ցույց տալիս եւ ապագայի հույսեր են ներշնչում մեզ: Մասնավորապես,  Ջանիկ Գրիգորյանի համար  մենք դիմել ենք միջազգային ֆեդերացիա, որպեսզի նրան բացառության կարգով թույլ տան մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի երիտասարդական առաջնություններին ու սպասում ենք պատասխանի:

Էդգարի հետ ապրիլ ամսին  Տուլայում եւ Մոսկվայում կմասնակցենք «Գրան Պրիների», որոնք վարկանիշային են թե աշխարհի առաջնության, թե օլիմպիական խաղերի համար: Անցած տարվա չարաբաստիկ վնասվածքի պատճառով մենք  օլիմպիական անչափ կարեւոր  միավորներ կորցրինք, որի պատճառով Էդգարը համաշխարհային դասակարգման վարկանիշով 8-րդից հիմա նահանջել է 41-րդ հորիզոնական եւ Տոկիո մեկնելու շատ փոքր հեռանկար ունի: Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր տրվում է 24 լավագույն երկրներին: Սակայն Էդգարը պայքրարող մարզիկ է ու չի հանձնվում: Եթե այս տարի մեր նախատեսած բոլոր մրցումներին մասնակցենք, բարձր միավորներ հավաքենք ու ճակատագիրն էլ մի փոքր բարեհամբույր լինի, հույս կա»,-ասաց մարզիչը:

Մնում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունն էլ ամեն կերպ աջակցի մարզիկին, մանավանդ, որ այս տարի ֆեդերացիային հատկացված բյուջեն ավելացվել է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930