«Տիկնիկագործի աշխատանքը սահմանափակումներ չունի, անհրաժեշտ է ձեռքի շնորհք, երևակայություն և մեծ համբերություն»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց տիկնիկագործ Անահիտ Պողոսյանը: Նա 30 տարուց ավելի է, ինչ աշխատում է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Ամեն մեկն իր գործն անելուն զուգահեռ փորձում էր հիշել` ի՞նչ հետաքրքիր դեպքեր են պատահել աշխատանքի ընթացքում, բայց չէին կողմնորոշվում` որը պատմեն, որը թողնեն:
«Նկարիչը էսքիզով եկել էր, փորձում էին ինքն ու Անահիտը հասկանալ` ինչ ստանալ, ինչ չստանալ: Նկարիչը չէր կողմնորոշվում, թե ինչ է պետք անել, Անահիտն ասաց` կլինի՞ ինձ երկու օր հանգիստ թողնես, ու երկու օր հետո տիկնիկն արդեն պատրաստ էր: Նկարիչը շատ էր ուրախացել, նա չէր խառնվել ո՛չ պրոցեսին, ո՛չ ձևին, ո՛չ որակին, այսպես ասած` հանգիստ էր թողել: Այսինքն՝ նկարիչն ու ռեժիսորը մեկ-մեկ պետք է վստահեն տիկնիկագործին, որովհետև փորձն ամեն դեպքում իր գործն անում է»,- երկար մտորումներից հետո ասաց նկարիչ-տիկնիկագործ Հասմիկ Գասպարյանն ու հավելեց`«եթե չկա ազատություն, չկա արվեստ, կմնա սովորական արհեստը, որը ոչ մեկին պետք չէ»:
Կարդացեք նաև


Տիկնիկների նախապատրաստական աշխատանքներին հետևելուց հետո իջանք արդեն բեմում թրծված տիկնիկներին տեսնելու: Պարզվեց`ամենադիմացկունը Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե ձկնիկը» հեքիաթի տատիկն ու պապիկն էին, որոնք բեմում էին արդեն 40 տարի:

Այս տարի լրանում է մի շարք փառատոնների մասնակցած, հավերժական խնդիրներին անդրադարձող և հեղափոխական «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակը: Հենց այս հեղափոխական աքլորն է համարվում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի խորհրդանիշը:
Հիմա թատրոնը պատրաստվում է «Փշե մուշտակը» ներկայացմանը, որը տիկնիկների պատրաստ լինելուն պես կներկայացվի հանդիսատեսին:
Անի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































