Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանաբար Հասմիկը հղիությունը փորձել է ընդհատել «սայտոտեքով»

Ապրիլ 04,2019 15:00

Կինը մահացել է հիվանդանոցում. ինչպե՞ս է նա ձեռք բերել «արգելված» դեղորայքը

Օրերս՝ մարտի 30-ին, Գավառի բժշկական կենտրոնում հղի է մահացել: Նրա հղիությունն, ըստ բ/կ-ի բժիշկների, 7 շաբաթական է եղել:

26 ամյա Հասմիկ Հարությունյանը փորձել է տնային պայմաններում, առանց բժշկական միջամտության ընդհատել հղիությունը. նա այդ նպատակով դեղորայք է ընդունել:

«Առավոտ»-ի հետ զրույցում Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանն ասաց, որ հիվանդության պատմության նկարագրի մեջ գրված է՝ տանը դեղորայք է օգտագործել:

«Մեր ունեցած տեղեկություններով դեղորայք է ընդունել վիժելու համար: Հետո ցավեր է ունեցել, դիմել է ամուսնու քրոջը, որը բուժքույր է: Նա տեսել է սպառնացող վտանգ կա, բերել է հիվանդանոց: Նրան գրանցել են, բարձրացրել են մանկաբարձ-գինեկոլոգի մոտ, նա էլ նայել է, հետազոտել է, որոշել են ընդհատել հղիությունը: Առաջարկել են վակում- ասպիրացիա անել: Կինն ասել է՝ էդ ցավերն էլ չեմ ուզում, առանց էդ էլ ուժեղ ցավեր ունեմ: Առաջարկել են նարկոզ՝ ընդհանուր անզգայացում անել, հրաժարվել է: Ասել է՝ տեղային անզգայացում արեք: Տեղային անզգայացման համար արգանդի պարանոցում «Լիդոկային» են սրսկել, ասեղը դեռ չհանած՝ անաֆիլակտիկ շոկ՝ դեղորայքային շոկ է զարգացել»: Կարապետյանն ասաց, որ կինը 2 երեխա ուներ, եւ չէր ցանկանում 3-րդն ունենալ. «Փոքր երեխան 9 ամսական էր, դեռ չէր ուզում 3-րդն էլ ունենալ»:
Արդյոք այդ դեղորայքի նկատմամբ հղիի զգայունությունը պարզե՞լ են. այս հարցին բուժկենտրոնի տնօրենն ասաց՝ որեւէ հակացուցում չկար. «Նրան հարցրել են՝ ատամ հանե՞լ է սրսկումով: Դրական է պատասխանել, այսինքն՝ խնդիր նախկինում չի ունեցել: Դրա համար էլ արել են այդ ներարկումը»: Կարապետյանը վստահեցրեց՝ հղիին սպասարկող բժիշկը բավականին փորձառու էր՝ 30 տարվա աշխատանքային փորձ ունի:

Մեր հարցին՝ արդյոք հղին հղիությունն ընդհատող «սայտոտեք» դեղորայքն է ընդունել, Կարապետյանը պատասխանեց. «Երեւի «սայտոտեք», ըստ «իստորիայի» եմ ասում»:

«Սայտոտեքի» ազատ վաճառքն արգելված է. այն պետք է վաճառվի բացառապես դեղատոմսով եւ առավելեւս պետք է ընդունել բժշկական ցուցումով:

Մենք Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենց բուժկենտրոն շատ են դիմում կանայք, որոնք հղիության ընդհատման համար տանը դեղ են խմում, ապա բարդություններով դիմում հիվանդանոց: «Դե արնահոսություններով գալիս են, չգիտեմ շատ են, թե՝ քիչ: Չեմ կարող ասել: Ինչքան գիտեմ հաճախակի է լինում, դիմում են այն դեպքում, երբ արնահոսություն է սկսվում, կամ ուժեղ ցավեր են ունենում»:

Նույն բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի ղեկավար Վազգինե Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել մահացած հղիի բարդությունների մասին հարցերին, նշելով՝ աշխատանքի չի եղել, մանրամասների չի տիրապետում: Հովհաննիսյանն էլ վստահեցրեց՝ իրենց շատ չեն դիմում այն կանայք, որոնք հղիությունը տանը, դեղորայքի միջոցով են ընդհատել ու բարդություններ ունեցել:

Այսինքն՝ կանայք բժշկի դիմում են այն դեպքերում, երբ արհեստական վիժեցումն արգելված դեղորայքի միջոցով բարդություններով է ուղեկցվում:

Մի քանի տարի առաջ կառավարությունը որոշում ընդունեց «սայտոտեք» դեղամիջոցի ազատ վաճառքն արգելել. քանի որ այս դեղորայքը հղիները շատ հանգիստ ձեռք էին բերում դեղատներում եւ տանը խմում ու հաճախ կյանքը վտանգելով հղիությունն ընդհատում:

«Միզեպրեֆստոն, միզապրաֆստոն եւ սայտոտեք, սրանք այն դեղերն են, որոնք վիժեցում են առաջացնում: Թե՝ ինչպե՞ս են կանայք ձեռք բերում դրանք, հավատացնում եմ, ոլորտի պատասխանատուները շատ լավ գիտեն: Ես վստահ եմ, ոլորտի պատասխանատուներն անգամ գիտեն, որ դեղատներում են ազատ վաճառում այս դեղերը»,-մեզ հետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգը, որը չցանկացավ անունը հրապարակենք: Բժիշկն ասաց, որ իր պրակտիկայում էլ քիչ չեն պատահում հղիներ, որոնք արնահոսությամբ դիմում են, ոմանք խոստովանում են, որ ասենք՝ «արգելված» սայտոտեք են խմել, ոմանք՝ ոչ:
«Կարելի է հետեւություն անել՝ եթե կան դեպքեր, ու դրանք քիչ չեն, որ հղին ինքնուրույն է դիմել հղիության ընդհատման դեղամիջոցով, ապա վերահսկողություն չկա: Օրինակ Գավառում մահացած հղին: Ցավալի է: Մահ է գրանցվել, արդեն բժիշկներն ասել են, որ կինը խոստովանել է՝ տանը դեղ է խմել վիժելու համար: Ուրեմն՝ պետք է պարտադիր բացահայտվի, թե ինչպես է հաջողվել այդ դեղը ձեռք բերել: Հղիության արհեստական ընդհատումը պետք է իրականացվի բացառապես մասնագիտացված հիվանդանոցներում, եւ այդ դեղորայքը վաճառվում է դեղատոմսով: Հիմա պետք է պարզել՝ արդյոք դեղատոմսով է գնել, եւ ինչո՞ւ է առանց բժշկի հսկողության նման քայլի դիմել»,-ասաց բժիշկը:

Առողջապահության նախարարությունից հրաժարվեցին պատասխանել «Առավոտ»-ի հարցերին. մենք, մասնավորապես հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս են առանց դեղատոմսի ձեռք բերում դեղորայքը, ի՞նչ ցուցանիշներ կան տնային պայմաններում կատարվող հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ, եւ ինչպե՞ս է իրականացվում վերահսկողությունը այդ ոլորտներում: Սակայն նախարարության մամուլի ծառայությունից ընդամենն ասացին՝ «Դատաբժշկական փորձաքննություն է ընթանում. դեպքն արդեն մեր վերահսկողության տակ չէ: Քանի դեռ փորձաքննություն է ընթանում, ոչինչ չենք կարող ասել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

03.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930