Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Իսլամական աշխարհի պատվերով Հայաստանում ոչխարներին սկսել են մորթել հատուկ ծիսակարգով (Տեսանյութ)

Ապրիլ 04,2019 21:02

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի, շիրակցի ֆերմերների, որոշ գյուղապետերի մասնակցությամբ քննարկվեցին մարզի գյուղատնտեսական հարցերը։

Փոխնախարարը նախ և առաջ ներկայացրեց գյուղատնտեսության ներկա վիճակը։

«Անկասկած լավ վիճակ չունենք գյուղատնտեսության ոլորտում և, ցավոք, առանձին ուղղություններով նույնիսկ անկումային տրամադրություն են գերիշխում և, բնականաբար, այսօր մեր նոր իշխանությունները, նոր կառավարությունը լուրջ անելիքներ ունի գյուղատնտեսության ոլորտում և լուրջ ծրագրեր են անհրաժեշտ մշակել և իրականացնել, փորձենք մեր հնարավորություններն առավելագույնս օգտագործել։

Ամենակարևոր խնդիրն այսօր հողօգտագործման արդյունավետության բարձրացումն է։ Ցավոք սրտի մեր հանրապետությունում այսօր շուրջ 45 տոկոսը հողատարածքների, ի նկատի ունեմ վարելահողերի, չեն օգտագործվում, մի մասն էլ դրանց օգտագործվում՝ ոչ բարձր արդյունավետությամբ։ Սա սակավահող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, ուղղակի անթույլատրելի է։ Մեր ընդամենը 445 հազար հեկտարի, եթե 45 տոկոսն է շրջանառությունից դուրս մնում, սա, ինքնըստինքյան, բավականին լուրջ և անընդունելի փաստ է։

Պատճառները միանշանակ տարբեր են, մենք խորը ուսումնասիրություն ենք արել և տասնյակ պատճառներ ենք բացահայտել հողերի չօգտագործման հետ կապված։ Դրանից առաջին պլանում ցածր եկամտաբերությունն է, մեր հողատարածքներից բարձր արդյունք, ցավոք, չի հաջողվում ապահովել տարբեր պատճառներով և նաև շուկայի անկման հետ կապված խնդիրներով։ Գյուղացիական շուկայի խիստ անկայունության պատճառով շատ հաճախ մեր ֆերմերները ստիպված են լինում իրենց արտադրանք իրացնել ոչ շահեկան գնով, երբեմն նաև ինքնարժեքով, և սա իրականում լուրջ խոչընդոտ է գյուղատնտեսության զարգացման համար»,-ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ վերջին տարիներին իրականացված մեծ թվով ծրագրեր ցածր արդյունավետություն են ցուցաբերել,  որպես օրինակ մատնանշեց պարարտանյութերի, սերմացուների, դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրերը, որոնց իրականացման հետ կապված բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։

Փոխնախարարն ասաց, որ արմատապես փոխում են իրենց մոտեցումները ու խնդիր է դրվում հասցեական աջակցության ծրագրեր իրականացնելու։

Գառնիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ  վերջին շրջանում մի քանի ծրագրեր են ներկայացրել հաստատման, կոնկրետ պտղաբուծության զարգացան ծրագիրը։  Պաշտոնյան ասաց, որ տրվող վարկերը իջեցրել են 2 տոկոսի, անտոկոս վարկեր են տրամադրում թվով 37 սահմանամերձ համայնքների։ 5 տարի արտոնյալ ժամկետ են տրամադրում․ 6-րդ տարվանից սկսած է միայն մայր գումարի մարումը սկսվում։

Մասնակիցներից մեկը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ոչխարաբուծության զարգացման հետ կապված կա՞ արդյոք ծրագիր, որը կվարկավորեն։

Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ դա իրենց ուշադրության կենտրոնում է, շատ են կարևորում ոչխարաբուծության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում։

«Առաջին հերթին մենք ունենք հսկայական ռեսուրսներ, մեր արոտային տարածքների ընդամենը 40 տոկոսն է օգտագործվում լավագույն դեպքում, մնացածը չի օգտագործվում։ Մենք ունեցել ենք շրջան, երբ երկրում առկա են եղել 1 միլիոն 700 հազար գլխից ավելի մանր եղջերավոր կենդանիներ։ Հիմա 600 հազարից էլ դեռ մի քիչ պակաս է գլխաքանակը, այսինքն` կեսից էլ պակաս գլխաքանակ ունենք։ Սա այն բնագավառն է, որը կարծես թե զարգացման շատ լուրջ հեռանկարներ ունի այն պարզ պատճառով, որ մի կողմից ռեսուրսներն առկա են, մյուս կողմից ամենակարևորն այն է, որ մենք շուկայի խնդիր գործնականում չունենք։ Մեր հարևան իսլամական պետությունները ու նաև ամբողջ արաբական աշխարհը մեծ պահանջարկ է ներկայացնում ոչխարի մսի նկատմամբ։

Այս ուղղությամբ բավականաչափ լուրջ քայլեր են իրականացվում հանրապետությունում։ Գիտեք, որ առանց համապատասխան ծիսակարգի սպանդի ենթարկված կենդանին չի կարող իսլամական երկրներում պահանջարկ ունենալ, այդ կապակցությամբ հանրապետությունում կառուցվել են մի քանի սպանդանոցներ, որոնք իսլամական ծիսակարգով սպանդ են իրականացնում և արտահանում և բավականին մեծ պահանջարկ ունեն, ունենք Կապանում, Մասիսում, այլ տարածաշրջաններում։

Վերջին ժամանակ պարզվեց, որ արաբական ծիսակարգը ինչ-որ տեղ տարբերվում է և հիմա այդտեղ էլ որոշակի լուծումներ են տրվել, և մենք առանց խնդրի կարող ենք այս սպանդը կազմակերպել, որովհետև բավական լուրջ պահանջարկ կա, որը պետք է բավարարվի։ Եթե անցյալում ոչխարների արտահանման հետ կապված մենաշնորհներ էին գործում, կային մարդիկ, որոնք որ արհեստական խոչընդոտներ էին ստեղծում, բարեբախտաբար, հիմա նման խնդիր չկա այլևս, և մենք ազատ կարող ենք այս ծրագրերը մշակել և իրականացնել։ Մենք կարևորում ենք տոհմային ոչխարաբուծության զարգացումը, տոհմաբուծարանների ստեղծումը»,-պարզաբանեց փոխնախարարը։

Ըստ պատմաբանների, ոչխարներ մորթման հատուկ արարողակարգը կոչվում է «հալալ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930