Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը: Այն ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Նա գտնում է, որ նախագիծն ընդունելու դեպքում բանակում մարտական հերթապահությունը դրական փոփոխություններ կկրի եւ կկարողանան մարդկային կյանքեր փրկել. «Մարտական հերթապահություն պետք է իրականացնեն ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ նվազագույնը մեկ տարի ծառայելուց հետո, փորձառություն ձեռք բերելուց հետո նոր նրանք մարտական հերթապահություն ունենան: 18 տարեկանները չափազանց փոքր են, որ մարտական հերթապահություն իրականացնեն: Այս հարցի լուծումը պետք է լինի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, մենք չենք ունենա մի շարք դժբախտ պատահարներ, մահվան ելքով պատահարներ՝ մարտական հերթապահության ժամանակ»:
Էնֆիաջյանն ասաց, որ ուսումնասիրել է նաեւ միջազգային փորձը, հատկապես՝ Իսրայելի:
Պատգամավորներին հետաքրքրում էր՝ մենք ռեսուրս ունե՞նք առաջնագիծը համալրելու, եթե 18 տարեկանները մարտական հերթապահության չանցնեն: Էնֆիաջյանը պատասխանեց, որ տվյալներ կան, բայց փակ են, հանրային չի կարող ասել, բայց, ըստ նրա, կա դրա հնարավորությունը. «Տրամաբանությունը հուշում է, որ խնդիր չի կարող առաջանալ»: Նա նաեւ հիշեցրեց, որ «Ես եմ» ծրագիրը կա, որը հնարավորություն է տալիս ավելի պրոֆեսիոնալ զինծառայողներ ընդգրկել՝ երկար ժամանակահատվածով:
Կարդացեք նաև

Սիփան Փաշինյանը գտնում է, որ սպանության դրդապատճառները այլ տեղում են, եթե զինծառայողների ուսուցումը եւս 7 ամսով երկարաձգեն, դա ինքնասպանությունների թիվը չի կրճատելու: Նշենք, որ ներկայումս 5-ամսյա պատրաստվածություն անցնելուց հետո նոր միայն զինակոչիկը կարող է մարտական հերթապահության անցնել, նախագծով առաջարկվում է դա դարձնել 1 տարի:
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ Իսրայելի օրինակն է բերում Էնֆիաջյանը, բայց նրանք հասել են դրան, ըստ Էնֆիաջյանի, մենք այդ ճանապարհին ենք: Պատգամավորները հիշեցրին՝ Իսրայելում 3 տարի են ծառայում ու համեմատությունն անտեղի է:
Քննարկման մանրամասները եւ պաշտպանության փոխնախարարի արձագանքը՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































