Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը չօգտագործեց «հեղափոխություն» բառը

Մայիս 04,2019 13:30

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ զրույցում անդրադարձել ենք հայ-ռուսական հարաբերություններին եւ ռուս պաշտոնյաների վերաբերմունքի արտահայտումներին

ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց կառավարական առանձնատանը: «Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարեւոր պահ է եւ ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դարձնել լավատեսներ»: ՀՀ վարչապետի այս խոսքում, արդյոք մտահոգություն կար, որ հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Հիշեցնենք, օրերս, ռուսական մամուլին տված հարցազրույցներից մեկում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական կողմի անվստահությունը իր թիմակիցներից ոմանց նկատմամբ է: «Կան իմ եւ Պուտինի անձնական շփումը եւ հարաբերությունները, եւ կան ինստիտուտների միջեւ հարաբերություններ: Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ովքեր են եկել իշխանություն»,- ասել է վարչապետը՝ նկատելով, որ այժմ իշխանության ներկայացուցիչներից շատերն այն մարդիկ են, որոնք նախկինում եղել են քաղաքական ընդդիմություն եւ ունեցել են որոշակի սկզբունքներ. «Չեն ցանկացել նախկին իշխանությունների հետ համագործակցել, այդ մարդիկ ստիպված հասարակական սեկտորում են եղել, որոնք ֆինանսավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից, նաեւ այնպիսիների, որոնք լավ չեն ընկալվում Ռուսաստանում եւ նախկին խորհրդային տարածքում: Սրանից ելնելով՝ շատ դեպքերում մենք տեսնում ենք անվստահություն, եւ ես վստահ եմ, որ ժամանակի բերումով այդ անվստահությունը կհաղթահարվի»: Իսկ ավելի վաղ, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը քանիցս է հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերությունները գերազանց են:«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ՝ ի վերջո,

ի՞նչ հարթությունում են հայ-ռուսական ռազմավարական անվանվող հարաբերությունները: Հարաբերությունների որակը պարզելու համար, մեր զրուցակիցը մի քանի չափորոշիչներ է նշում, քանի որ միջպետական հարաբերություններն ըստ արդյունքների են գնահատվում, կողմերի գնահատականները կարող են սուբյեկտիվ լինել: Այսպիսով, առաջին կարեւորագույն չափորոշիչը հայ-ռուսական հարաբերություններում, վերջին մի քանի տարիների ընթացքում, ըստ մեր զրուցակցի, եղել եւ մնում է Ադրբեջանին զենքի, այդ թվում նաեւ հարձակողական զենքի վաճառքը. «ՌԴ-ն, իր դաշնակցային պարտավորությունները, որոնք միջազգային փաստաթղթերով ստանձնել է, չի կատարում: Արդյո՞ք, դադարեցրել է այդ զենքի վաճառքը: Չի դադարեցրել: Այդ խնդիրը լուծված չէ»: Հաջորդ խնդիրը, իբրեւ ՀԱՊԿ-ի «միջուկ» երկիր, ՌԴ-ի դիրքորոշումն է՝ ՀՀ-ի տարածքի նկատմամբ ոտնձգությունների դեպքում. «ՀՀ-ի տարածքը ինձ համար Արցախն էլ հետն է, բայց ՌԴ-ի համար, Արցախը հետը չի. երբ Տավուշը ռմբակոծվում եւ գնդակոծվում է, ի՞նչ դիրքորոշում ունի ՀԱՊԿ-ը: Մենք, մասնավորապես տեսանք, որ Մեդվեդեւի այցի ժամանակ 40 րոպե ռմբակոծվեց ճանապարհը: Ես չեմ ասում`անպայմանորեն գործողություններ անի, բայց գոնե դիրքորոշում արտահայտի, դատապարտի իր դաշնակցի եւ ՀԱՊԿ անդամ երկրի վրա հարձակողական կեցվածքը: Այդ մասով չկա որեւէ հայտարարություն»:

Արա Պապյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին, ապա վարչապետի թեկնածուի ծրագրային ելույթը խորհրդարանում՝ անարդարության մասին այն առումով, որ ռուսական գազը Հայաստան է մտնում մեկ գնով, իսկ սպառողին է բաշխվում կրկնապատիկ թանկ գնով. «Խոսում էր գազի գնի նվազեցման եւ դրա հնարավորությունների մասին: Արդյոք Հայաստանում գազի գինը իջել է սպառողների համար: Չի իջել: Ավելին, դեռ մի բան էլ բարձրացել է, ինչի հետեւանքով փորձ է արվում «Գազպրոմ Արմենիայում» աշխատողներին կրճատելով`պահպանել նույն գինը: Եվ այսպես, բազմաթիվ կետերով կարելի է գնալ եւ հետեւություններ անել: Հայտարարելով չի լինում»: Հայ-ռուսական հարաբերություններում էլ ավելի բարելավում, մեր զրուցակիցը ոչ միայն չի տեսնում այլ համաձայն չէ այդ ձեւակերպման հետ. «Եթե ասում ենք՝ էլ ավելի բարելավում, նշանակում է, որ այդ հարաբերությունները շատ լավ են, պետք է էլ ավելի բարելավենք: Ես այդպես չեմ գնահատում, որ դրանք շատ լավ են: Ես գնահատում եմ, որ ՌԴ-ն իր «Ո ՍցՊՈ ՏվՌ ՊպվցՑրՈ» մտածողությամբ, համարելով, որ Հայաստանն իր գրպանում է, Հայաստանի հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է: Եվ մենք կտեսնենք, որովհետեւ ԵԱՏՄ-ի միջուկն էլ էլի ՌԴ-ն է, որ հունվարի 1-ից, մոտավորապես 700 անուն ապրանքներ մեզ համար կթանկանան, այդ թվում նաեւ կենսական նշանակության, քանի որ ուժի մեջ կմտնեն նոր դրույքաչափերը: Այսինքն, դարձյալ խնդիր է առաջանում, որովհետեւ այն դրույքաչափերը, որոնք նշված են ԵԱՏՄ-ի համար, որոշված են ռուսական շուկան, ռուսական արտադրողին պաշտպանելու տեսանկյունից: Հայաստանը ավտոմեքենաներ չի արտադրում, խնդիր չկար, կարող էինք ներմուծել: Բայց ՌԴ-ն արտադրում է, դրանք չեն վաճառվում, բոլորին պարտադրում է բարձր դրույքաչափեր, որպեսզի մարդիկ ստիպված լինեն գնելու իր, մեղմ ասած, ոչ որակյալ արտադրանքը»:

Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի նշած իր նկատմամբ վստահությանը, մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ երբ Նիկոլ Փաշինյանը ողջունում էր Դմիտրի Մեդվեդեւին, ասաց. «Սա ձեր առաջին այցն է ՀՀ, անցած տարվա հայտնի իրադարձություններից հետո»: «Նիկոլ Փաշինյանը չասաց «հեղափոխություն», նա այդ բառը չօգտագործեց: Սա ինքնին նշանակում է, որ չկա վստահություն, որ եթե «հայտնի իրադարձությունները» ինքը կոչեր «հեղափոխություն»՝ դա կընդունվեր ըմբռնումով: Այնպես որ, անգամ Նիկոլ Փաշինյանն է խուսափում նման ձեւակերպումներ տալ: Ես այսպես կարող եմ ասել`մեր հարաբերությունները եղել են խնդրահարույց, մնում են խնդրահարույց: Եվ ցանկանում եմ շեշտել, որ Նիկոլ Փաշինյանի մեղքն այստեղ մեծ չէ: Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, մեղքն այստեղ այն է, որ ինքը խոստումներ է տվել որոշ ոլորտներում հարցերի լուծման եւ այսօր չի կարողանում իրականացնել: Դա այլ հարց է, բայց դա է իրականությունը»: Նկատեցինք, որ սոցիալական ցանցերում շատ քննարկվեց Նիկոլ Փաշինյանի «լեզվի սայթաքմանը» ՌԴ վարչապետի հեգնական արձագանքը: «Իմ տպավորությամբ, ոչ մի լեզվի սայթաքում էլ չկար, Նիկոլ Փաշինյանը հանգիստ, նորմալ խոսում էր, շատերը շատ ավելի կոպիտ սխալներ են թույլ տալիս եւ դա շատ նորմալ է: Բայց այստեղ արձագանքի խնդիրն է: Անկախ նրանից՝ Փաշինյանն ինչ կանի կամ չի անի, ինքը ռուսական իշխանությունների համար մնալու է իբրեւ օտարածին մարմին, իբրեւ անընդունելի եւ ոչ թե իր քաղաքականության պատճառով, որովհետեւ իր արտաքին քաղաքականությունն այսօր Սերժ Սարգսյանի քաղաքականության շարունակությունն է, ավելին, ավելի պրոռուսական է, քան Սերժ Սարգսյանի ժամանակ: Պարզապես, ինքն անընդունելի է մնալու այն ճանապարհի համար, որով ինքը եկել է իշխանության: Այսինքն, ռուսները չեն ցանկանում նման նախադեպ, օրինակ ստեղծել այլոց համար: Այսինքն, սա քաղաքականության հարց չէ, անձի հարց է: Հետեւաբար, այդ արձագանքը պայմանավորված էր նախնական մտադրությամբ՝ ամեն ինչով որոշակի վերաբերմունք ցույց տալ: Դա չլիներ, մեկ ուրիշ տեղ, մեկ այլ բանով էր վերաբերմունքն արտահայտվելու: Լեզվի սայթաքումներ լինում են եւ կարող են լինել, դա բնական բան է: Սա վերաբերմունք էր`լավ հասկանալով, որ ամբողջը տեսագրվում է կամ ուղիղ եթերում է հեռարձակվում»:

ԵԱՏՄ վարչապետների նիստում Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց միության տարածքում գազի միասնական սակագնի հարցը: Նաեւ Բելառուսի ղեկավարը բավական կոշտ դիրքորոշում հայտնեց այդ մասով: Հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, մեր զրուցակիցը, որ երբեւէ ՌԴ-ն այս հարցում կզիջի Բելառուսին եւ Հայաստանին, քանի որ այս երկու երկրներն են միության տարածքում թանկ գնով գազ գնում: Արա Պապյանը հիշեցրեց ՌԴ-ում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Անատոլի Չուբայսի տարիներ առաջ արած հայտարարությունը, որ ՌԴ-ի համար գազը եւ նավթը քաղաքական գործիքներ են: «Այսինքն, իրենք թույլ չեն տալիս, որ տարբեր երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը, զարգացնեն էլեկտրականության եւ գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ: Օրինակ, երբ Հայաստանում հնարավորություն կար նոր ատոմակայան կառուցելու, իրենք դրան դեմ էին: Սկզբից հանդես եկան խոստումներով, որ իրենք դա կանեն, մյուսներին վանեցին, իսկ հետո, հետ կանգնեցին: Նույնը նաեւ Հայաստան-Իրան գազամուղի հարցով եւ բազմաթիվ մեր իմացած ու չիմացած տարբեր հարցերով: Հետեւաբար, իրենք ասում են, որ Հայաստանին գազն էժան ենք տալիս եւ, իսկապես էժան են տալիս, այլ հարց, որ սահմանի վրա են վաճառում, իրենք չեն վերանայի գազի գինը»,- ասում է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ Հայաստանը «Գազպրոմի» դուստր-ձեռնարկության հետ պետք է հարցը լուծի, որն, ի դեպ, հայաստանյան ընկերություն է եւ պետք է ենթարկվի հայաստանյան օրենսդրությանը, թեեւ 100 տոկոս ռուսական սեփականություն է:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

03.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031