«Մեր այսօրվա իրավիճակը 100 տարի առաջ ունեցած մեր ռազմաքաղաքական պարտության հետեւանքն է, որի արդյունքում թուրք-ադրբեջանական եւ բոլշեւիկյան դաշինքը մեզ վերցրեց հրե օղակի մեջ ու հայրենազրկեց՝ թողնելով մեր մեծ հայրենիքից շատ փոքր հատված: Արցախյան հակամարտությունը եւ հայ- ադրբեջանական հակամարտությունը պետք է դիտարկել այդ համատեքստում, մեր ժողովրդի իրավունքների վերականգնման երկարաժամկետ պայքարի մաս»,- Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը: Ըստ նրա, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը մեր բնական անքակտելի իրավունքների վերականգնման առաջին ու կարեւորագույն քայլերից մեկն է, բայց վերջինը չէ: Զգուշացնում է`ճանապարհը կարող է երկար լինել եւ հավելում, որ հաղթանակը հնարավոր է նախաձեռնողականության պայմաններում. «Հնարավոր չէ պաշտպանվելով հաղթել: Այստեղից երեւում է Շուշիի բարձունքը, որը մարդիկ գրավել են ֆանտաստիկ նախաձեռնողականության պայմաններում: Դա երեւակայությունից դուրս բան է եղել, որը մարդիկ արել են: Կարծում եմ, որ դրանից հետո սկսված կարգավորման դիվանագիտական գործընթացն ինչ-որ իմաստով արժեզրկել են այն ռազմական հաջողությունները, որոնք մենք ունեցել ենք: Մարտի դաշտում մենք եղել ենք շատ ավելի քաջ, քան հետո, երբ մեր վրա վերցրել ենք միջազգային, այսպես ասած, գոյություն չունեցով իրավունքի պարտադրանքը, որը մեզ չի տանում կարգավորման: Մենք հրաշալի հասկանում ենք, որ Մադրիդյան սկզբունքները չեն տանում ոչ մի կարգավորման, բայց չգիտեմ՝ ինչ պատճառով շարունակում ենք բանակցել»:
Ավետիք Չալաբյանի կարծիքով, մեր հստակ նպատակը պետք է լինի Արցախի վերջնական ազատագրումը եւ միացումը Հայաստանին, որպես միասնական հայկական պետություն. «Միաժամանակ, բանակցային գործընթացը, կարգավորման գործընթացը պետք է առաջ մղենք հետեւողականորեն, նախաձեռնողականորեն, բայց այնպիսի քայլերով, որպեսզի ոչ մեկը, առանձին վերցրած, չխաթարի պրոցեսի վերջնական նպատակը: Այդ իմաստով, Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմաքաղաքական դաշինքը վաղուց հասունացած խնդիր է, որի մասին երկու անգամ բարձրաձայնվել է, բայց տարբեր պատճառներով հետ ենք կանգել»:

Նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանն էլ՝ ողջունելով նախաձեռնությունը, նաև նախատեց Արցախի իշխանություններին, որ պատժեցին այն մարդկանց, ովքեր ընդվզեցին Հայաստանում ներքնաշորերով տեսախցիկներ փակելու և դա արցախյան ազատամարտից վեր դասելու հայտարարությունների դեմ ընդվզողներին։
Կարդացեք նաև
Ֆորումի ավարտին նաեւ հռչակագիր կընդունվի: 15 հոգանոց կազմկոմիտեն՝ Հայաստանից Արցախից և Սփյուռքից կքննարկի ստորագրահավաքի անցկացման և սեղմ ժամկետներում կլրացնի իրավապայմանագրային բացը՝ դաշինքի կնքման համար։
Ֆորումի փակման խոսքում Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը ասաց՝ լավ հիշեք մեր գործն ազնիվ և արդար է և, եթե մի բանի համար պայքարում ես մինչև վերջ՝ պետք է պայքարել ու առանց վախի։ Նա ասաց՝ գալու է օրը և ստանալու ենք այն ամենն, ինչ ցանկանում ենք՝ միայն թե պետք է պայքարը շարունակել։ Նա շնորհակալություն հայտնեց միավորման համար և այն գործի, որ պետք է արվի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































