Այսօր Եռաբլուր էր այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը: Նա լրագրողների հարցին՝ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ տարվող գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008-ի Մարտի 1-ի իրադարձություններից հետո ձեր քաղաքական ուժը կոալիցիա կազմեց այդ ժամանակվա իշխանությունների հետ, պատասխանեց. «Այսօր չկա Մարտի 1-ի բացահայտման գործընթաց: Սպանությունների մասով որեւէ առաջընթաց չկա, մնացած ամեն ինչը քաղաքական լիրիկա է»:

Հարցին՝ ցուցմունքները առարկայական քայլ չե՞ն, այն ցուցմունքները, որոնք տրվել են բազմաթիվ գեներալներ, առանցքային դեմքեր՝ Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ «Ասե՞լ են՝ ովքեր են սպանել: Որեւէ հրապարակային փաստաթղթում, այն, ինչ ներկայացվում է նախաքննական շրջանակներում փաստաբանների կողմից, մեղադրողների կողմից, ես չեմ լսել որեւէ մի հայտարարություն, մի փաստ, թե ովքեր են սպանողները: Մնացած առումով լուրջ թեմա է, որ պետք է քննարկենք»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ անցյալ տարի են դեռ ասել՝ սա չպետք է թողնի քաղաքական հետապնդման տպավորություն ու այսօր վերահաստատում են այդ հայտարարությունը եւ ասում. «Այն, ինչ քաղաքական մակարդակում արվում է, դա քաղաքական լիրիկա է ընդամենը»: Դիտարկմանը, որ հրաման տվողներին են կալանավորել՝ Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Ի՞նչ հրաման, հրաման է տրված, որ սպանե՞ք: Դուք այդպիսի բա՞ն եք լսել: Սահմանադրական կարգի տապալում եւ այլն, եւ այլն…Դրա համար եմ ասում՝ հրավիրում եմ գրասենյակ, նստենք, իրավական, քաղաքական վերլուծության ենթարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































