Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաժշտությունն էլ պակաս կարեւոր չէ պատերազմական գործողություններում»

Մայիս 09,2019 17:00 Share

Վետերան պրոֆեսորը՝ պատերազմի, իր բացառիկ կոլեկցիայի ու հայտնի ուսանողների մասին

Նախօրեին «Առավոտը» հյուրընկալվել էր դաշնակահար, վաստակավոր մանկավարժ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշխարհում միակ նկարազարդ ձվիկների կոլեկցիոներ Յակով Զարգարյանին: Հաղթանակի օրվա առիթով նա արդեն շնորհավորանքներ էր ընդունում: Մեր այցի պահին երաժիշտ-վետերանին փոխանցեցին մոսկվացի գրող Յուլիա Կիրիլլովայի «Երջանիկ երկարակեցություն» գիրքը: Այս առիթով վետերանը հիշեց. «1960-ականների սկզբներին լրագրող Յուլիային հրավիրել էի Երեւան: Գեղեցկուհու հետ շրջեցինք Հայաստանով մեկ: Արդյունքում՝ 1969թ. Յուլիան հրատարակեց իր առաջին գիրքը «Հայաստանը՝ բաց թանգարան» խորագրով»:

Արվեստագետի երկսենյականոց բնակարանը, առանց չափազանցության, պատկերասրահ է, որտեղ «հանգրվանում» են ոչ միայն հայ ճանաչված նկարիչների աշխատանքներ: Իսկ նրա նկարազարդ 1099 ձվիկների հավաքածուն, սկսած 1963 թվականից մինչ օրս էլ համալրվում է նոր նմուշներով: Առաջին ձվիկը նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, հետո իրենց «հետքն» են թողել Մինասը, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Հենրի Էլիբեկյանը եւ այլ անվանի նկարիչներ:

Իսկ ինչպե՞ս կարող էր ծնվել նման գաղափար, արվեստագետը նախ հումորով ասաց, թե կոլեկցիոներն ամենաանկուշտ մարդն է, 1000 հատ ունի, ուզում է 1001-ն էլ ունենա, դա հիվանդություն է, բայց ուրախ եմ, որ տառապում եմ այդ հիվանդությամբ», հետո էլ ներկայացրեց. «1963 թիվն էր: Հասկանալի պատճառով գաղտնի նշում էինք Սուրբ Զատիկը, ներկած ձվեր էինք կռվացնում: Գլխումս միտք ծագեց. ի՞նչ կլինի, որ ձվերը տարբեր պատկերներ ունենան: Բայց դրանց հեղինակները լինեն պրոֆեսիոնալ նկարիչներ: Սարյան ընտանիքի հետ մտերիմ էինք ու առանց վարանելու նպատակիս մասին տեղեկացրի վարպետին: Սկզբում այնքան էլ չողջունեց գաղափարս, ասաց՝ ձվի վրա ի՞նչ նկարեմ: Ասացի՝ կյանք… Կարծես ինձ հաջողվեց համոզել նրան: Մի խոսքով, վերցրեց վրձինը, դիմեց ինձ, ասելով՝ կնկարեմ կյանք, իսկ գիտես, որ ինձ համար կյանքը Հայաստանն է: Հենց Հայաստանից մի կտոր էլ կպատկերեմ»:

Յակով Զարգարյանի բնակարան-պատկերասրահը

Յակով Զարգարյանի բնակարան-պատկերասրահը

1963-ից մինչեւ 2015-ը դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: Նրա դասարանում ուսանել են ճանաչված դաշնակահարներ Մարինե Աբրահամյանը, ամերիկաբնակ Արթուր Փափազյանը, Արմեն Ահարոնյանը, Զավեն Պարսամյանը, Ֆրանսիայում ստեղծագործող Արթուր Ահարոնյանն ու այլք:

Յակով Զարգարյանը Հայրենականին իր մասնակցությունը ներկայացրեց այսպես. «1942 թիվն էր: Տասնյոթ տարեկան դեռ չկայի: Դասընկերներիս՝ Դիմայի ու Կորյունի հետ որոշեցինք, որ մենք էլ պետք է ռազմի դաշտ գնանք: Ժամանակն է միջամտել, քանի որ Հիտլերը լկտիացել եւ հասել էր արդեն Կովկաս: Դժվար է հակիրճ ներկայացնելը: Գնացինք զինկոմիսարիատ: Ինձ մերժեցին, որովհետեւ ռազմաճակատ էին տանում 18 տարեկանից սկսած, բացառությամբ՝ 17:

Այդ ժամանակ ես երաժշտական ուսումնարանի 3-րդ կուրսի սովորող էի: Չգիտեմ ինչպես, բայց ինձ հաջողվեց համոզել բարձրաստիճան զինվորականին, որն ինձ ուղարկեց Արաբկիր 21 հասցեում տեղակայված տանկային գումարտակ: Մեկուկես ամիս սովորեցի, դարձա տանկիստ: Բայց հետո որպես երաժշտի խորհուրդ տվեցին, ասելով, թե երաժշտությունը պակաս կարեւոր չէ պատերազմական գործողություններում: Հայտնվեցի Պյատիգորսկի փողային նվագախմբում… Այնտեղ էլ տոնեցի հաղթանակը»:

 

Մարտիրոս Սարյանի նկարազարդ ձվիկը

Մեր զրուցակիցը նշեց, որ թեեւ միանգամից դժվար է հավատալ, բայց ինքը երաժիշտ լինելով հանդերձ, սիրել է զինվորական գործը, պատերազմից հետո էլ ծառայել է Սուվորովյան ուսումնարանում: Եվ միայն 1950թ. ընդունվել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիա: Որպես մենակատար հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ Գորկիում, Դոնի Ռոստովում, Մոսկվայում, Թբիլիսիում, Իտալիայում… Նա հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկային վերաբերող գրքերի, հրապարակախոսական հոդվածների, էսսեների եւ հուշերի:

Հարցին, Ձեզ՝ 94-ամյա արվեստագետին, ո՞ր Հայաստանն է ավելի հարազատ, Յակով Զարգարյանը պատասխանեց. «Հայաստանը մեկն է… Ամեն ինչ շատ լավ է լինելու…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031