Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղի դպրոցի տնօրեն Տաթեւիկ Ծատինյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դպրոցն արդեն քանի տարի է՝ շրջանավարտ չի ունենում: Այժմ էլ դպրոցում ընդամենը 17 աշակերտ է սովորում:


Տաթեւիկ Ծատինյանը կարեւորեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով գյուղի դպրոց եկած ուսուցչի` Նատալի Հարությունյանի մուտքը, ասաց, որ երկար տարիներ չունեին ռուսերենի եւ անգլերենի ուսուցիչ: Սակայն նա ընդամենը երկու տարով էր աշխատելու գյուղում եւ այժմ վերադառնում է: Ի դեպ, երիտասարդ աղջիկը ոչ միայն լեզուներ է դասավանդել, անգամ պար է սովորեցրել գյուղի դպրոցի երեխաներին:
Կարդացեք նաև
Տնօրենից տեղեկացանք, որ չունեն մի շարք առարկաների ուսուցիչներ` մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռուսաց լեզվի ու անգլերենի, ինֆորմատիկայի ու կենսաբանության:
Պարզեցինք, որ վերջին տարիներին Ջիլիզայի դպրոցից բուհ ընդունվածներ էլ չկան:
Հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սուսաննա Ծատինյանը շնորհակալ է, որ իրենց` փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղում միջնակարգ դպրոց է գործում: «Դժվար է ապրել մեր գյուղում, որտեղ յուրաքանչյուրս զինվորական ու սահմանապահ ենք: Սիրում ենք մեր հողը եւ պահում ենք այն, բոլոր դժվարությունները մերն են»,-ասաց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին: Նա չի հիշում, թե վերջին հարսանիքը երբ է եղել գյուղում, բայց փաստում է, որ երեխաների ծնունդներ կան:
«Վերջապես ունենք առաջին դասարանցիներ, նրանք 3-ն են, ինչը մեզ համար ուրախացնող է»,-ասաց նա: Հավելեց, որ լավատեսորեն են տրամադրված. «Հուսանք՝ մեր դպրոցի զանգը միշտ կհնչի, որովհետեւ եթե գյուղում դպրոցի զանգ է հնչում ու երեխայի ճիչ է լսվում, ուրեմն գյուղը գոյություն ունի»:

Գյուղացիներից մեկը նեղսրտեց, որ սահմանապահ գյուղ են, ու ենթադրվում էր, որ դրա համար ավելի մեծ ուշադրության եւ հոգածության կարժանանային, սակայն չեն զգում իրենց` սահմանամերձ լինելու առավելությունը:
«Մեր գյուղը մեկուսացած է աշխարհից, անգամ բուժկետ չունենք, հնարավոր չէ այստեղ ոչ մի արտադրություն սկսել կամ էկոտուրիզմ զարգացնել, իսկ ճանապարհներն ուղղակի ահավոր են»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































