Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Պողոսյանն ուզում է արգելել հոգեկան խնդիրներ ունեցողներին դառնալ պատգամավոր. «Եթե օրենքը հետադարձ ուժ ունենար, անակնկալներ կլինեին»

Հունիս 03,2019 17:24

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պատրաստվում է նոր նախագիծ դնել շրջանառության մեջ, որով հոգեկան խնդիրներ ունեցողներին կարգելվի դառնալ պատգամավոր:

Այսօր լրագրողների հետ զրույցում Պողոսյանը մեր հարցին, թե ինչո՞ւ է նման մտահղացում առաջացել, ի՞նչն է դրդել նրան՝ պատասխանեց. «Ես իմ պարտքն եմ համարում, երբ վստահության քվե եմ ստացել մարդկանց կողմից այստեղ ներկայացնելու իրենց իրավունքները, առաջիկա 5 տարվա մեջ անել այնպիսի փոփոխություններ, որ հինգ տարի հետո ՀՀ-ն ունենա էլ ավելի լավ ԱԺ, եւ է՛լ ավելի լավ կառավարություն: Դրա համար անհրաժեշտ բոլոր՝ թեկուզ ցավոտ փոփոխությունները ես պատրաստ եմ ինքս նախաձեռնել եւ առաջնորդել՝ անկախ նրանից, թե դա ինչ արձագանք կունենա: Ես կարծում եմ, որ մենք մանդատ ենք ստացել այստեղ գալու՝ հենց փոփոխություններ կատարելու, երբեմն նույնիսկ հեղափոխական եւ դրանցից մեկը համարում եմ դա: Գոյություն ունեն պաշտոններ, որոնց համար որոշակի հիվանդությունների դեպքում անգործունակ են ճանաչվում եւ թույլ չի տրվում աշխատել՝ դատավորներ, դատախազներ, ուսուցիչներ: Եթե դատավորն ու դատախազը չեն կարող աշխատել, ինչպե՞ս կարող է օրենսդիր մարմնում լինի մի մարդ, ով չի անցել այդ սահմանափակումների միջով եւ կարող է օրենքի նախագիծ բերել, քվեարկել եւ այլն: Եթե վարորդական իրավունք ստանալու համար դա պարտադիր է, ինչպե՞ս կարող է պատգամավոր դառնալու համար չլինել»:

Նա ասաց, որ հիմա գործընկերների հետ աշխատում է նախագծի վրա, որոշ փոփոխություններ է արել: Առանցքում լինելու է հոգեկան խնդիրներ ունենալու սահմանափակումը, բայց նաեւ ավելացվել է, որ պարտադիր բարձրագույն կրթություն ունենալն է անհրաժեշտ՝ պատգամավորի համար. «Եթե կա մարդ, ով դրա հետ համաձայն չի, ես կուզեմ հիմնավորումները լսել»:

Լրագրողները հարցրեցին՝ արդյոք այս նախագիծը պայմանավորվա՞ծ է Գեւորգ Գորգիսյանի հետ իր ունեցած թունդ վեճով՝ նա պատասխանեց. «Իսկ Գեւորգ Գորգիսյանը առողջության հետ խնդիրնե՞ր ունի, չէ, բացարձակ, Գեւորգ Գորգիսյանը հետ խնդիրները ԱԱԾ տիրույթում են»:

Մենք հարցրեցինք՝ ձեր աչքի առաջ ո՞ւմ եք ունեցել, ինչ-որ խնդի՞ր եք նկատել, պատգամավորներն իրենց անհավասարակշի՞ռ են պահել՝ Պողոսյանը պատասխանեց. «Հա, դուք չե՞ք նկատել: Քանի որ դեռ օրենքը ուժի մեջ չի մտել, սահմանափակումներ չկան, ես ոչ ոքի անձնական դաշտ եւ առողջական խնդիրների մեջ ներթափանցելու եւ բարձրաձայնելու իրավունք այս պահին չունեմ, ցավում եմ,որ օրենքը հետադարձ ուժ չի ունենա»: Հարցին՝ եթե ունենար հետադարձ ուժ, շատե՞րը «կզտվեին»՝ նա պատասխանեց. «Այ, եթե հետադարձ ուժ ունենար, ինձ թվում է անակնկալներ կլինեին»:

Հարցրեցին՝ ձեր խմբակցությունո՞ւմ էլ անակնկալներ կլինեին՝ նա պատասխանեց, որ պատրաստ է ինքն առաջինն անցնել այդ «պսիխոանալիզը»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ բա որ պատգամավոր դառնան, հետո նկատվեն խնդիրները, այդ դեպքում կզրկվե՞ն մանդատից, ասենք, պատգամավոր դառնալու հետո 3 ամիսը մեկ ստուգվեն՝ Քրիստինե Պողոսյանն ասաց, որ պատրաստ է քննարկել ամեն ինչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Ռշտունի says:

    Վերևի նկարը, եթե դիտմամբ աղավաղված չէ, տեղով ինքնավեթինգ է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930