Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պետք է վերջակետ դնի

Հունիս 06,2019 15:30

Եթե սա իշխանության կողմից որդեգրված հստակ քաղաքականություն է

Շաբաթներ, նույնիսկ արդեն ամիսներ շարունակ կամաց-կամաց հայաստանյան ներքաղաքական կյանքում խոսքի ատելությունը դարձավ քննարկվող թեմաներից մեկը:

Քաղաքական ուժերի պայքարի համար որպես կարեւոր «ատրիբուտ» ատելության խոսքը նորանկախ Հայաստանի կյանքում եղել է մշտապես: Տարբեր փուլերում՝ մի նախագահի ժամանակ շատ, մյուս նախագահի ժամանակ փոքր-ինչ պակաս, կարեւոր չէ, դրա առկայությունը ոչ ոք չի կարող հերքել:

Հանուն արդարության պետք է փաստենք, որ նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ ատելության խոսքի չափաբաժինը աննկարագրելի մեծ էր՝ հենց նրա իշխանավարման մեկնարկից սկսած: Անցած 10 տարիներին քաղաքական ընդդիմադիր ուժերն էլ իրենց ելույթներում առանձնապես իրենց նեղություն չէին պատճառում զսպելու հարցում ու հաճախ անցնում էին կոռեկտության սահմանները: Այս առումով նախկին իշխանությանը դաժան քննադատության հարցում համբերատարություն ցուցաբերելու ու դիմանալու հարցում, թերեւս, կարելի է ռեկորդակիր էլ համարել:

Այսօր նախորդ իշխանությանը ընդդիմադիրների մի մասը իշխանության են արդեն: Ներկայիս իշխանության հասցեին ժամանակին համացանցում ամենացածրորակ բնույթի ու մակարդակի որակումներով հանդես եկող համացանցային պաշտպաններն այսօր էլ անգործ չեն մնացել, գիտեն ում պաշտպանեն: Արդեն՝ գործող իշխանությանը:

Ինչ-որ երիտակտիվիստներ «Ազատության» հրապարակից Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին են սպառնալիքներ հնչեցնում ու մնում անպատիժ, մեկ այլ երիտակտիվիստ համացանցում վիրավորում է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանին…

Ու չկան սահմաններ, կարմիր գծեր. խոսում, գրում են ինչ մտքներով անցնի, «վայելում են» ազատ համացանցային տիրույթը՝ իրենց ստացած դաստիարակության ու մակարդակի չափաբաժնին համահունչ: Նպատակը, թերեւս, իրենց է հայտնի՝ երիտակտիվիստները կատարում են իրենց անմիջական ղեկավարի (որն ունի իր ղեկավարը, վերջինն էլ իր հերթին` ունի իր ղեկավարը) հրահանգը, կամ նրանց դուր գալու, նրանց հպանցիկ ժպիտին արժանանալու, ուսին՝ ձեռքով հպելու, կամ՝ «ապրես» լսելու մղումն է: Նպատակն էլ արդեն էական չէ:

Առավել կարեւոր է այն, որ համացանցային առօրյայում շատերը չեն էլ գիտակցում, որ արդեն բոլորը անցնել են թույլատրելի սահմանները, տրորել են կարմիր գծերը: Եվ որ ամենացավալին է, հնարավոր է, որ այլեւս ետդարձի ճանապարհ էլ չի մնացել, որովհետեւ գոնե այս պահին չի նկատվում, որ իշխանությունը, որը Սահմանադրությամբ պարտավոր է ապահովել օրենքի գերակայությունը, փորձ անի շտկել իրավիճակը: Իսկ ատելության խոսքը ծնում է ատելության նոր խոսք: Դա, խոշոր հաշվով, խանգարում է պետության կայացմանը: Անկաշառ դատավորներ ունենալու ձգտումն առավել կարեւոր չէ, քան ամենօրյա հոսող թույնը միտումնավոր անտեսելը: Դա ունենալու է հետեւանքներ, չափազանց վատ հետեւանքներ: Վեթթինգով անցած դատավորները չեն փրկելու, եթե քաղաքական ուժերն՝ իրենց համախոհների բանակով հանդերձ, իրենք իրենց մեջ չունեն սեփական «վեթթինգի» սահմանները:

Եթե սա իշխանության կողմից որդեգրված հստակ քաղաքականություն է՝ կոնկրետ նպատակներով, ուրեմն, իշխանավորները պետք է նաեւ գիտակցեն, որ վաղ թե ուշ գիտակից հասարակությունը կտա գնահատական այս մթնոլորտին, կգտնի նրանց քողարկված նպատակները, որովհետեւ Հայաստանի զարգացման հեռանկարի, պետականության պահպանման անհրաժեշտության ճանապարհին քաղաքացին կկարողանա զատել կարեւորն անկարեւորից, քաղաքական նպատակներն ու ծրագրերն ավելի արժեքավոր նպատակներից:

Հանուն արդարության պետք է նաեւ նշել, որ գործող իշխանությանը ընդդիմացող տարբեր խմբերն էլ հավանաբար ոգեւորված մեկ տարի առաջ նաեւ Ֆեյսբուքի ուժով կատարված իշխանափոխությունից, ու գուցե՝ ոչ միայն դրանից ոգեւորված, ինքնամոռաց, ֆեյսբուքյան «լայքերի» հաշվարկով տարված, պատասխանում են ատելության խոսքին՝ իրենց չափաբաժին ատելության խոսքով, չնկատելով, որ քաղաքական պայքարը իջեցրել են ցածրորակից ավելի ցածր մակարդակի, հաճախ հասցնելով իրենց պայքարը անլրջության ու աբսուրդի մակարդակի: Եթե մեկ տարի առաջ նախորդ իշխանությունից դժգոհ հասարակությամբ հնարավոր եղավ Հայաստանում իրավիճակ փոխել, դրանից ինքնաբերաբար չի բխում, որ այսօրվա իշխանությունից դժգոհ հասարակությունը ապագայում քաղաքական պայքարի նշաձողը գետնին հավասարեցրած անհատներին է հետեւելու:

Եվ հետո, «շահագրգիռ» քաղաքական ուժերի, գործիչների համակիրների բանակներին չէր խանգարի, եթե մտորեին նաեւ այն մասին, որ իրենց «ղեկավարները» մի գեղեցիկ օր կարող է, այսպես ասած, հեշտ ու հանգիստ հաշտվեն, իսկ իրենք ներքեւներում մնան կարմիր գծերը տրորած՝ բոլոր առումներով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

06.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. V.k says:

    Որպէս միշտ բացառիկ հոդված.

  2. henri says:

    Որքան որ համակրինք և գնահատենք Պ.Վարչապետին սկսած շարժումին դրական կողմերը , այնքան անբացատրելի կը գտնեմ իր որպէս վարչապետ,քաղաքական գործիչ, գործածած բառամթերքը և ՛՛անվայել՛՛ արտայայտութիւնները իր քաղաքացիներուն հանդէպ ;Առ նուազն խոհեմ չէ ՛՛թաւիշով՛՛հրապարակ մտած վարչապետի մը համար որ ի պաշտօնէ պէտք էր համերաշխութեան և միասնականութեան սկզբունքը որդեգրել 25 տարի խաբուած և չարչարուած և անիրաւուած քաղաքացիներուն հանդէպ ,որդեգրած կը թուի ճիշդ հակառակ ուղղութիւնը և սա լաւ տեղ չի կրնար հասցնել դիւրազգած երկիրը;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930