ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գտնում է, որ խորհրդարանում 2016 թվականի ապրիլյան պատերազմի մանրամասներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ՀՀԿ փոխնախագահին հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները ՀՀԿ-ի իշխանությանը ապրիլյան պատերազմից հետո: Ռոբերտ Քոչարյանը, քննադատելով ՀՀԿ-ին, ասել էր, որ «նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում»:

Արմեն Աշոտյանը հիշեցնում է` ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու նպատակ էր հետապնդում: «Քննիչ հանձնաժողովը ձեր ցիտատից հետո կարող է Ռոբերտ Քոչարյանին լրացուցիչ քննարկման հրավիրել: Նրանք պարտավոր են հրավիրել նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ ստանալ պարզաբանում, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր, որ ՌԴ-ն է մեղավոր ապրիլյան պատերազմի մեջ»:
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ՀՀԿ-ի առնչությամբ ավելի սուր արտահայտություններ է հնչեցրել, բայց այդ դաշտ վերադառնալն անշնորհակալ գործ է համարում, այլապես կհիշեցներ նաեւ Նիկոլ Փաշինյանի քննադատությունները Լեւոն Տեր-Պետրոսյանի, իր թիմակիցների եւ ոչ թիմակիցների հասցեին:
Հարցին` Սերժ Սարգսյանը կհրավիրվի՞ քննիչ հանձնաժողով` բացատրություններ տալու, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ նման հրավեր դեռ չեն ստացել:
Այլ մանրամասները` տեսանյութում
Անդրադառնալով Քոչարյան-Սարգսյան վերջերս կայացած հանդիպմանն էլ, Արմեն Աշոտյանն ասաց, որ հանդիպման ընթացքում որեւէ քաղաքական օրակարգ չի քննարկվել: Իսկ այն, որ ՀՀԿ-ն սատարում է Ռոբերտ Քոչարյանին, պետք է ընկալել ոչ թե շահերի համընկնում, այլ որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը շինծու է. «Այս պահին մեր թիմերի միջեւ ապագայում համագործակցելու ծրագրեր չկան: ՀՀԿ-ի սատարումը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է բազմաթիվ այլ հանգամանքներով, բայց ոչ քաղաքական ընդհանուր ապագայի տեսլականով: Նման գործընթաց անգամ Ռոբերտ Քոչարյանը չի հարուցել»:
Լրագրողը հակադարձեց`երկու նախագահների հանդիպումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը դատարանում Սերժ Սարգսյանի ուղղությամբ սլաքներ ուղղեց: Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Ջանքերը, որոնք գործադրում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հնարավոր քաղաքական համագործակցությունը կանխելու համար, ես տեսնում եմ: Հիշեցնել տարբեր ցիտատներ՝ տարբեր ժամանակներում միմյանց մասին արված` նշանակում է չգիտակցել, որ դրա պատասխանը տասնապատիկ մեծ է: Հանդիպումը մարդկային էր: Դուք ընկերներ ունե՞ք, նրանց մեջ կա՞ն այնպիսիք, որ գժտվել եք, հետո իմացել եք, որ գլխին սարքում են, փորձե՞լ եք օգնել՝ անկախ նրանից, որ նախկին մտերմությունը չկա, չե՞ք գնացել նրան տեսնելու: Հիմա այդ հանդիպումն ընկերական, մարդկային բացատրություն ունի ինձ համար, եւ որքան էլ երկրորդ և երրորդ նախագահներն են, քաղաքական գործիչներ են, բայց տակը մարդկային վերաբերմունք եմ տեսել, այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն այցելեց Լևոն Տեր-Պետրոսյանին վիրահատությունից հետո նրա առանձնատուն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































