Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործի մասին՝ ուշագրավ հայտարարություն արեց:
Նա ասաց. «Այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին, բոլոր ուղղություններով քննությունը կատարվել է, ուղարկվել են մի շարք հարցումներ, այդ թվում նաեւ արտասահմանյան երկրներ: Քննությամբ այս պահին կան ձեռք բերված տվյալներ, որոնք հնարավոր է ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկից տարածում է ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը: Այդ ուղղությամբ քննությունը շատ ակտիվ իրականացվում է, նշանակվում են մի շարք փորձաքննություններ»:

Aravot.am-ի հարցին, թե ԱԱԾ-ից հնարավոր չէ՞ արած լինեն այդ գաղտնալսումը՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից գաղտնալսում իրականացնելու հանգամանքը: Բայց տեխնիկապես հնարավոր է վեց եղանակով այսօր իրականացնել գաղտնալսում, այդ թվում նաեւ Հայաստանում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ կասկածներ կան, որ ՀՀ-ում գաղտնալսող սարքեր ունեցել են բարձրաստիճան պաշտոնյաները, օլիգարխները, հնարավո՞ր է նրանք արած լինեն՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք համապատասխան հարցումներ եւ այդ ուղղությամբ քննություն իրականացրել ենք, նման ապացույցներ կամ ապացույցների համակցություններ չկան»:
Հարցին՝ գործն առաջ գնո՞ւմ է՝ Քննչական կոմիտեի ղեկավարը պատասխանեց, որ այո, ինտենսիվ աշխատում են եւ կրկնեց. «Մենք ունենք տվյալներ, որ հնարավոր է հարեւան երկրներից մեկից այդ գաղտնալսումը տարածված լինի»:
Նա ասաց, որ վարկածներից մեկն այն է, որ գաղտնալսումն արել են արտերկրում՝ հայերի կողմից. «Այդ հարցին մենք կպատասխանենք այն ժամանակ, երբ կհայտնաբերենք այդ անձին, ում հետ կապվում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































