Մարդկության կարևորագույն հարցերից մեկն առողջ լինելն է, իսկ օրգանական սննդի կիրառումը նպաստում է առողջ ապրելակերպին։ Այսօր շատ երկրներում, որոնց շարքին է դասվում նաև Հայաստանը, օրգանական սննդի կիրառումը դարձել է գլխավոր հիմնախնդիրներից մեկը, սակայն վերջին շրջանում Հայաստանը թիրախավորել է օրգանական գյուղատնտեսության ոլորտը` որպես առավել հեռանկարային ճյուղ: Այն մի համակարգ է, որտեղ չեն կիրառվում թունավոր նյութեր, կայուն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր, իսկ օրգանական սննդամթերքի արտադրության մեջ չեն կիրառվում արհեստական նյութեր:
Թեև Հայաստանում համակարգը նոր է շրջանառության մեջ մտել, սակայն կան անհատ նորարարներ, ովքեր ավելի վաղ են սկսել զբաղվել օրգանական սննդի մշակմամբ: Նրանցից մեկը Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակչուհի Ֆլորա Ամիրջանյանն է: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց օրգանական սննդի աճեցման իր եղանակների մասին. «Օրգանական սննդի գաղափարն առաջացել է օրգանական սննդի մասին տեղեկանալուց անմիջապես հետո: Ունեի հողակտոր, որը ճիշտ ոռոգելով` հողը սնուցել եմ օրգանական հումքով, և արդյունքում ստացել եմ առողջ բերք: Մասնավորապես օգտագործել եմ սննդի մնացորդներ, բանանի կեղևներ, գոմաղբ, ծառերից թափված տերևներ, ինչպես նաև մանդարինի կեղևներ, որը ոչնչացնում է հողում գտնվող և ծառերի արմատները վնասող բոյբոյ կոչվող միջատներին։ Սկզբնական շրջանում օրգանական սնունդն աճեցնում էի ընտանիքիս համար, այնուհետև որոշ ժամանակ անց` սկսեցի զբաղվել մարզի որոշ գյուղեր արտահանելով»։

Հիշեցնենք, որ Եվրոպական մի շարք երկրներում ստանում են օրգանական պարարտանյութեր. այն է` հողի վերին շերտով ծածկում են բանջարեղենի և մրգերի մնացորդները 1 տարվա կտրվածքով, և սննդային թափոնները վերածվում են օրգանական պարարտանյութի:
Օրգանական սննդամթերքը մարմնին տալիս է կենսական վիտամիններ, հանքային նյութեր եւ կենսական նյութեր, որոնք այն չեն կարող կամ միայն մասամբ են արտադրում։ Դրանք հակակշռում են սթրեսի, ֆիզիկական և մտավոր լարվածության կամ ֆիզիկական վարժությունների բացակայության հետևանքով մարմնի ավելի թուլացումը և օգնում են երկար պահել բջիջները:
Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ


















































