Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի հարցը որոշված է ավելի քան մեկ տասնամյակ առաջ կամ դա միշտ էլ հնարավոր էր, բայց ի՞նչ գնով․․․․

Հունիս 16,2019 11:00

Հայաստանում կատարված իշխանափոխությունից հետո Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի քաղաքական շեշտադրումը նոր իշխանությունների կողմից այնքան ուժգին քարոզվեց, կարծես թե առաջ էր քաշվել ղարաբաղյան հիմնախնդրում նախադեպը չունեցող կարգավորման հայանպաստ մի տարբերակ։ Մինչդեռ Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձի հարցը ուղեկցել է բանակցային գործընթացին, գոնե սկսած 2007թ․ից, երբ, ըստ էության, սկսվեց բանակցային նոր շրջափուլ, իսկ գործող իշխանությունը շարունակում է լինել միակը նորանկախ Հայաստանի ողջ պատմության մեջ, որը ղարաբաղյան հիմնահարցի՝ պետության կարևորագույն խնդրի վերաբերյալ, քաղաքական դիրքորոշում այդպես էլ չի հայտնել։ Սակայն սույն հրապարակմամբ նպատակ ենք հետապնդում, ոչ թե անդրադառնալ ղարաբաղյան հիմնահարցում իշխանությունների որպես այդպիսին չհայտարարված քաղաքականությանն ու բազմաթիվ անհայտներով ուղեկցվող բանակցային գործընթացին, այլ քննարկել մի այնպիսի բազմաշերտ հարց, ինչպիսին բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունն է՝ դիվանագիտական կոնկրետ իրավիճակում, երբ փորձ է արվում Արցախը ներքաշել բանակցային գործընթաց։

Ինչու՞ է պետք, որ Արցախը մասնակցի բանակցային գործընթացին

Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձը այն տրամաբանությամբ, որը տեղավորվում է մեր անկեղծ ընկալումների շարքում, շատ կարևոր է։ Ղարաբաղյան հակամարտությունն իր բնույթով ղարաբաղա-ադրբեջանական է, իսկ Հայաստանի Հանրապետությունը հակամարտությունում ներառված կողմ է և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Այս հանգամանքը շատ կարևոր է, որովհետև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության էությունը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության ապահովումն է, իսկ երբ հակամարտությունը ներկայացվում է Հայաստան-Ադրբեջան տիրույթում, հակամարտության էության աղճատման վտանգ է առաջանում՝ վերաճելով զուտ տարածքային խնդրի, ինչն այսօրվա աշխարհի համար խիստ անընդունելի է։ Հետևապես, Արցախի բանակցային գործընթաց վերադարձը կարևոր է առաջին հերթին այն առումով, որ բանակցային գործընթացը լինի  կոնֆլիկտի հիմնական մաս կազմող երկու սուբյեկտների միջև, և որ Արցախի օրինական ընտրված իշխանությունները, իրենց տրված մանդատի շրջանակներում, սպասարկեն Արցախի Հանրապետության պետական շահը։

Վերոգրյալն այն է, ինչը մեր անկեղծ մղումների, նվիրական ցանկությունների տիրույթում է, թե ինչպես ենք մենք պատկերացնում Արցախի բանակցային գործընթացին մաս կազմելը։ Բայց ինչպես վերն եմ ակնարկել, այս խնդիրը բազմաշերտ է և Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձը կարող է տրամագծորեն հակառակ ազդեցություն ունենալ։

Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցելու հարցն իրականում որոշված է

Իրականությունը, որքան էլ որ անցանկալի լինի մեզ համար, միևնույնն է պետք է առերեսվել։ Բանն այն է, որ նախընթաց տարիների ընթացքում, սկսած 2007թ, երբ հայտնի Մադրիդյան սկզբունքներով բանակցային գործընթացում մեկնարկեց նոր փուլ, համանախագահ երկրների ներկայացուցիչները մշտապես նշել են, որ բանակցային գործընթացի որոշակի փուլից հետո Արցախի ներկայացուցիչները դրան մաս են կազմելու։ Այսինքն` միջնորդ համանախագահության մոտ կա սահմանված այն ժամկետը, երբ Արցախը պետք է բանակցային կողմ լինի։ Դա կլինի այն ժամանակ, երբ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ որոշված կլինի, բանակցված-ավարտված և արցախյան կողմի բանակցային մասնակցությունը կլինի զուտ հիմնախնդրի կարգավորման ընթացակարգային և տեխնիկական խնդիրների լուծումը, և ոչ թե բովանդակային բանակցությունները, որոնք այսօր ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և որոնց մասին խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարություններում։

Այսինքն, ստացվում է, որ ցանկացած ժամանակ, երբ Հայաստանն անվերապահորեն կընդուներ Մինսկի համանախագահության՝ հիմնախնդրի կարգավորման առաջարկությունները, Արցախը կդառնար բանակցային կողմ։ Դա չի արվել միայն այն պատճառով, որ ներկայացված առաջարկությունները երբեք էլ չեն տեղավորվել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր ժողովրդի հավաքական պատկերացումների շրջանակում։

Խնդիրն իրականում չափազանց վտանգավոր է, որովհետև ի դեմս Մինսկի խմբի մենք գործ ունենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի, ասել է թե այս հարցում միջազգային կոնսենսուսի հետ և եթե այս շրջանակը որոշել է թե Արցախը, երբ պիտի վերադառնա բանակցային գործընթաց, մեղմ ասած մանկական է կարծելը, թե օր-օրի վարկանիշ զիջող Հայաստանի իշխանությունները կարող են փոխել միջազգային կոնսենսուսը։ Առավել հավանական ու միաժամանակ վտանգավոր սցենար է այն, որ մեր իշխանությունները մոտեցրել են այն իրավիճակն ու ժամանակը, երբ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ բանակցված վերջացած է և Արցախը արդեն պետք է մաս կազմի գործընթացին՝ ընթացակարգային և տեխնիկական նպատակներով։ Այս իրավիճակում, կարող ենք ենթադրել, որ իշխանությունները պատրաստվում են ժողովրդին հրամցնել իրենց թվացյալ հաջողությունը՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու համար՝ հմտորեն քողարկելով դրա իրական վտանգը։

Ինչու՞ հենց հիմա կամ գուցե հասունացել է կարգավորման պահը

Հայաստանում տեղի ունեցած իշխանության փոխանցումից հետո, ղարաբաղյան հիմնահարցով տեղի են ունեցել ու ունենում են գործընթացներ, որոնք հասարակական, քաղաքական ու փորձագիտական պատշաճ գնահատականի չեն արժանանում՝ մի դեպքում հասարակական էյֆորիկ տրամադրվածությունների պարագայում, մի դեպքում առողջ դիսկուրսի բացակայության պարագայում, մյուս դեպքում էլ՝ հարցի խիստ մասնագիտական բնույթի պատճառով։ Եթե միայն շատ հակիրճ վերլուծելու լինենք վերջին ամիսների բանակցային զարգացումները, ապա կնկատենք, որ օրինակ Մինսկի խմբի ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ապրիլի 15-ի  համատեղ հանդիպման հայտարարությունը[1] տարօրինակաբար խիստ հումանիտար բնույթ էր կրում: Դեռևս այն ժամանակ ակնհայտ էր, որ հումանիտար երանգները ընդամենը նպատակ ունեն քողարկելու բանակցային իրական և կոնկրետ գործընթացը: Մինսկի խմբի հաջորդ հայտարարությունների համադրությունը արդեն ի ցույց դրեց այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը խնդրել են Մինսկի խմբին, կամ գոնե չեն առարկել, որպեսզի վերջինս ներկայացնի հիմնախնդրի կարգավորման կոնկրետ քայլեր, այդ թվում անվտանգության և հումանիտար հարցերում։ Վերջիններս արտացոլվեցին համանախագահների՝ մայիսի 30-ին կատարած հայտարարությունում[2], որից պարզ է դառնում, որ հայկական ու ադրբեջանական կողմերը համանախագահներից սպասում են հիմնախնդրի կարգավորման կոնկրետ քայլեր՝ ներառյալ հումանիտար և անվտանգային հարցերը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 20-ին՝ Վաշինգտոնում։ Հետաքրքիր է ի՞նչ են այսքան բանակցում հայկական ու ադրբեջանական կողմերը, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում են թե բանակցային մանդատ չունեն Արցախի ժողովրդի կողմից, իսկ Մինսկի խմբի հայտարարությունները, ցավոք այլ բան են ասում․․․

Գևորգ Ղուկասյան

[1] Joint Statement by the Foreign Ministers of Azerbaijan, Armenia, and Russia, and the Co-Chairs of the OSCE Minsk Group, MOSCOW 15 April 2019, https://www.osce.org/minsk-group/417281

[2]Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group, YEREVAN / BAKU, 30 May 2019, https://www.osce.org/minsk-group/421322

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930