Լրահոս
Օրվա լրահոսը

Անդառնալի կորստի ցավը

Հունիս 16,2019 21:12

Օրերը նրա համար բացվում են միապաղաղ օրինաչափությամբ, ընթանում գործողությունների նույն հաջորդականությամբ,  վերջանում նույն տևողությամբ:

Առավոտյան արևը բարձրանում է հորիզոնից վեր, սարերի կլորիկ գագաթների վրայով սահում, թափանցում  ձորերի, կիրճերի  ու քարափների նեղ անկյունները, որտեղ զով ու խորը լռություն է տիրում, հավքերին դուրս է հանում իրենց բներից, սողուններին ուղեկցում քարերի վրա՝ տաքանալու, կենդանիներին քշում իրենց որսի հետևից, ապա բարձրանում  քաղաքի վրա, մտնում ամեն տուն, շոշափում քնած ամեն մի բջիջ…

Գարնանային պաղ ու ամպոտ առավոտ էր, ուր որ է անձրև էր մաղելու, արշալույսը ողողել էր երկրագնդի մի մասը, սկսվել էր նոր օրը:

Արմենակ պապի ոսկորները ավելի խորն էին  զգում այս գարնան խոնավ շունչը: Այդ օրվա մեղմիկ սառնությունը թափանցում ու սառեցնում էր նրա սիրտը, թախիծ ու տխրություն բերում, իսկ դրսում ծառերի տերևները փութով ներկում էին ամենուրեք կանաչ  մեղմությամբ: Տամուկ հուսահատություն էր պատել նրա էությանը, ինչ-որ բան սեղմում էր կոկորդը, հուզմունքը ահագնանում էր:

Գուցե մեռնող գարնան մայրամուտն էր նրան այդպես վշտացնում, որը հսկա տարածություն ու ժամանակ էր անցել: Մեռնում էր գարունը, որը առատ ու շռայլ սփռել էր իր գույները երկրի վրա ու բարիքներ էր խոստանում անկաշառությամբ:

Ահա փողոցի հարթության վրա կաթեցին հոգնած անձրևի առաջին կաթիլները: Իսկ ծառերը մեղմիկ սոսափյունից խրտնելով արագացրին իրենց գագաթների շարժումը: Նորելուկ քամին նրանց օրորում, թափով շարժում էր ու արմատներից պոկել փորձում: Երեկ էր, որ  այդ ծառերը մերկ ու չորացած տեսք ունեին, իսկ հիմա կանաչով ու կյանքով են լցված, շոյում ու թարմացնում են մարդկանց տեսողությունն ու հոտառությունը, հաճույք պատճառում նրանց, բայց դեռ  աշնանը չորացած և գետնին թափված տերևները այսօր զզվեցնելու չափ անհանգստացնում են իրենց խշրտոցով, քամու սուլոցով: Սառը քամին հոշոտում է մարդկանց ականջների թմբկաթաղանթը, անձրևով թրջում պատուհանների ապակիները, որոնք երեկ խնամքով մաքրել էին տանտիրուհիները:

Մեռնում է գարունը: Շուտով ամառը կգա և գույնզգույն ու հյութեղ մրգերը կբռնեն շուկաների ողջ տարածքը: Մահացողի հոգեվարքը, տնքոցները, սարսռազդու մահվան դողը սեղմում է տարեց տղամարդու դալկացած սիրտը: Նա ակամայից ականատեսն է լինում մահացող գարնան  հոգեվարքին: Այդպես է նաև մահանում մարդը:

Մեռնող գարնան այս մայրամուտին պառկել էր Արմենակ պապը անկողնում և հիշում էր անցած-գնացած հիսուն տարիները, երբ նրանք ապրեցին միասին: Կինը նոր էր մահացել և կորստի ցավի  թարմ հուշերը հոշոտում էին նրա անօգնական մտքերը:

Սենյակը դանդաղորեն լուսավորվում էր: Ժամանակը աննկատ սահում էր պատից կախված կնոջ  երիտասարդ տարիներին արված մի լուսանկարի վրայով, շոյում կարճ կտրած մազերի, տխրամած աչքերի,  նիհարուկ այտերի, կիսաբաց պարանոցի ճերմակությունը:

Արմենակ պապը անրջային երազի մեջ, արցունքոտված աչքերով նայում էր կնոջ պատկերին, կարծես թե նա իր կողքին է և խորամանկորեն ժպտում է:

Բայց հանկարծ սթափվում է նա և զգալով իրականությունը, փակում է աչքերը՝ պատրանքը շարունակելու հույսով: Առավոտյան խռովքը նրան չի թողնում հանգիստ պառկելու: Ձեռքերը դանդաղ դուրս սահեցնելով վերմակի տակից` շուռ է գալիս մեջքի վրա, ապա դրանք դնում գլխատակը ու լուռ նայում առաստաղի այն ճեղքին, որտեղ թառել է մեծ ու սև ճանճը, որը կարծես պաշտպանվել է ուզում գարնան խոնավ շնչից:

Բավական է երազել, հարկավոր է վեր կենալ, այլևս քնել չի կարողանում: Այտուցված ոտքերը կամացուկ դուրս հանելով վերմակի տակից, զգում է գարնան խոնավ շունչը,  նայում վերջույթների կապտուկներին, բարձրանում  ու ցած է սահում անկողնուց, հորանջելով կանգնում հատակին ու հուշիկ քայլերով մոտենում միջանցքի պատից կախված հայելուն, ծամածռում առանց այն էլ արցունքներից ծամածռված դեմքը, ինքն իրեն լեզու ցույց տալիս,  կրկին ետ վերադառնում ննջարան, մոտենում պատուհանին, բացում այն` մի կողմ հրելով ծանր վարագույրները, որոնցով ամեն երեկո խնամքով փակում է իր պատուհանները: Նա սովոր է քնել մութ սենյակում, չի կարող այլ կերպ:

Հպանցիկ հայացք է գցում դիմացի մահճակալին, որտեղ Կինը պառկած էր լինում վերջին երեք ամիսներին՝ ծանր վիրահատությունից հետո: Տեղից գրեթե չէր վեր կենում, լավագույն դեպքում խնդրում էր ամուսնուն օգնել իրեն՝ նստելու:

Արմենակ պապը կրկին մոտենում է պատուհանին, խորը շնչելով դրսի օդը ներս քաշում դեպի թառամած թոքերը: Քնատ ու արնակալած աչքերը մի ակնթարթում որսում են փողոցի անձկությունը, ապա ծածկում է վարագուրը ու սուզվում սենյակի խոր լռության մեջ:

Կրկին մոտենում է միջանցքի հայելուն, նայում իր կազմվածքին, դառը ժպտում, զգում իր անցած երիտասարդության հզոր ու անդիմադրելի ուժը, վայելչության ճնշող հմայքը:

Հանկարծ աչքերից նորից սկսում են հոսել տաք ու աղի արցունքները, տղամարդու ժլատ արցունքները:

Նա այդպիսին չէր ամբողջ իր գիտակցական կյանքի յոթ տասնամյակներում, երկու կամ երեք անգամ էր լաց եղել, բայց հիմա կամքը թուլացել, ավերակվել էր:

Հեռանում է հայելուց, շրջվում ու նայում իր մարմնի թառամած ու աղավաղված կառուցվածքին, մտնում ճաշասենյակ, բազմոցի վրայից վերցնում սև գույնի վերնաշապիկը, անփութորեն գցում վրան, կրկին մոտենում հայելուն, ուղղում վերնաշապիկի ծռված դարսերը, առհամարական ժպտում, ապա դանդաղ քայլերով դուրս գալիս պատշգամբ, բացում պատուհանը,  կռթնում բազրիքին և հայացքով շոշափում հեռուները:

Հեռանալով պատուհանից` մտնում է ճաշասենյակ, նստում աթոռակի վրա և երկա¯ր, երկա¯ր մտածում՝  գլուխը ամուր պահած ձեռքերի մեջ:

Ժամանակը սահում է տարածության մեջ, իսկ երկրագունդը՝  պտտվելով իր առանցքի շուրջ, պտտվում է  նաև արեգակի շուրջ: Այդպես է միշտ:

Արդեն մի քանի տարի էր, որ նրանք մենակ էին ապրում իրենց հարմարավետ բնակարանում: Հիմա ինքը մնացել է մենակ, ի՞նչ անել, ինչպե՞ս անել…

Տիկինը  երկար ժամանակ տառապում էր տարբեր հիվանդություններով, բայց դիմանում էր և ահա մի տարի էր, որ նրան տանջում  էր ինչ-որ հիվանդություն, սակայն բոլոր անալիզները ցույց էին տալիս, որ նրա օրգանիզմում ամեն ինչ նորմայի մեջ է:

Սակայն վերջին հետազոտությունը՝ համակարգչային տոմոգրաֆիայով, ճակատագրական եղավ, այն ցույց տվեց, որ տիկնոջ մոտ առաջացել է ուռուցք, բայց այն չարորա՞կ էր, թե բարորա՞կ դեռ հայտնի չէր: Իսկ դա նշանակում էր, որ վիրահատությունը գրեթե անխուսափելի է:

Արմենակ պապը հետազոտական կենտրոնի տրամադրած տոմոգրաֆիայի տվյալներով այցելեց մի քանի հայտնի բժիշկ-վիրաբույժների, որոնք նույն եզրակացությանը եկան՝ անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն կատարել և հեռացնել ուռուցքը:

Նա տիկնոջը ուղեկցում էր զանազան կոնսուլտացիաների, որտեղ արյան և մեզի անալիզներ էին անում, զանազան հետազոտություններ կատարում:

Վերջնական եզրակացությունը ամփոփվեց և նշանակվեց վիրահատության օրը:

Բավականին բարդ վիրահատությունը տևեց մոտ հինգ ժամ, որից հետո տիկնոջը  տեղափոխեցին հիվանդասենյակ,իսկ քիչ հետո հայտնված բուժքույրը Արմենակ պապին հրավիրեց վիրահատող բժշկի առանձնասենյակ:

Վիրաբույժը հոգնած ու մռայլ տեսք ուներ և կարծես նոր էր քնից արթնացել:

-Դժբախտաբար, հետազոտությունը ցույց տվեց, որ գոյացությունը չարորակ է, սակայն այն տարածված չէր և հուսանք, որ հետվիրահատական շրջանը բարեհաջող կանցնի,-ասաց բժիշկը առանց նայելու հրավիրյալի դեմքին, ապա խորը շունչ քաշելով հենվեց բազկաթոռին, չգտնելով այլ  սփոփիչ բառեր:

Արմենակ պապը կոտրած սրտով դուրս եկավ բժշկի սենյակից, շնորհակալություն հայտնելով բժշկին՝ չարչարանքի համար, իսկ դրսում իրեն ուղեկցող ավագ որդուն ասաց.

-Ոչ մեկին պետք չէ ասել այս մասին, թե չէ, որ մորդ ականջը ընկնի, կորած ենք:

Հիվանդանոցում մի քանի օր պահելուց հետո, հիվանդին դուրս գրեցին և շտապ օգնության մեքենայով տուն տեղափոխեցին:

Կնոջը հիմնականում խնամում էր ինքը: Նրա համար զանազան ճաշեր ու ըմպելիքներ էր պատրաստում, իհարկե, տիկնոջ անմիջական խորհուրդներով, բայց կինը երկու-երեք թեյի գդալ դժվարությամբ կուլ տալուց հետո, հրաժարվում էր ուտելիքից:

Ինքը շատ էր նեղվում դրանից, թափում էր պատրաստած ուտելիքները և նորը պատրաստում:

Իհարկե, հիվանդին այցելում էին նաև որդիները, հարսները, բարեկամները, հարազատները, հարևաններից ոմանք, զրուցում, օգտակար խորհուրդներ էին տալիս, բայց նրա առողջական վիճակը գնալով վատթարանում էր: Ի՞նչ էր կատարվում նրա օրգանիզմում միայն աստծուն էր հայտնի:

Կինը սկսեց հրաժարվել գրեթե ամեն ինչից, նույնիսկ այն դեղերից, որոնք խմում էր մի քանի տարի զարկերակային ճնշումը հարկավոր մակարդակի վրա պահելու համար: Սրտի ռիթմը ահավոր բարձր չափերի էր հասնում: Ուժերը դավաճանում էին օրեց-օր: Մահվան մասին ոչ մի անգամ նա ոչ մի բառ չասաց: Բավականին լռակյաց ու ինքնամփոփ էր դարձել, չէր ցանկանում նույնիսկ հեռախոսով մի քանի խոսք փոխանակել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում կարող էր երկար զրուցել:

Անընդհատ նույն բանն էր ասում.

-Ի՜նչ լավ կլիներ, որ քնեի ու էլ չարթնանայի:

Հիմա Արմենակ պապը ամեն անգամ խոր հուզմունք է ապրում, երբ հիշում է այդ օրհասական պահերը, երբ կինը վերջին ճիգերն էր գործադրում դիմադրելու, հաղթահարելու հիվանդությունը, ի՞նչ էր կատարվում նրա հետ, ինչպե՞ս էր նա դիմանում այդ տանջանքներին, միայն իրեն էր հայտնի:

Իսկ կնոջ վերջին օրվա հոգեվարքի տեսարանը միշտ ցնցում է իրեն, որը գուցե մինչև իր կյանքի վերջը կուղեկցի նրան:

Այդ պահին կնոջ հայացքը հանկարծ տարօրինակ ձևով փոխվեց, երբ ինքը օգնեց նրան մի փոքր բարձր դիրք ընդունելու: Նրա աչքերը հանկարծ սառեցին, մնացին անթարթ ու կոկորդային ինչ-որ ձայներ արտասանելով, նա մի քանի վայրկյան այդպես մնաց գրեթե անշարժ: Հետո անսահման լռություն տիրեց…

Շտապ օգնության բժշկուհին, որ հսկում էր իրավիճակը և միացրել էր սրտագիրը, զգաց, որ սրտի թակոցները դանդաղ մարում են…

-Հայրիկ ջան,-դիմելով Արմենակ պապին, նա ասաց,-ոչինչ անել չենք կարող, եթե տեղափոխենք հիվանդանոց, ճանապարհին տեղի կունենա այն…

Մի քանի վայրկյան հետո հիվանդը այլևս չէր շնչում…

Ճակատագրական պահը եկել էր, յոթանասունյոթ տարի թակող սիրտը այլևս կանգ էր առել, իսկ հոգին այլևս ուղևորվել էր  հավիտենություն….

Հիմա Արմենակ պապը հայելու առջև շվարած կանգնած, նայում էր իր աչքերից գլորվող արցունքներին և չէր հավատում եղելությանը, չնայած արդեն բավականին ժամանակ էր անցել:

Իսկ գնացած ժամանակը այլևս հետ չես կարող վերադարձնել, գոյություն չունի «Ժամանակի մեքենա» կոչվածը, որի միջոցով հետ շրջես ժամանակի անիվը, մնում է միայն խորհես արածներիդ ու չարածներիդ համար, մտածես կատարած սխալներիդ և ձեռք բերած հաջողություններիդ մասին, սակայն, ավա՜ղ,  անկրկնելի  ու անցողիկ է ժամանակը:

Մենք անընդհատ ժամանակ ենք շնչում ու արտաշնչում` անխնա ոչնչացնելով նրան: Ասում են, թե` «ժամանակը թանակ է», մեկ-մեկ էլ, թե` «ժամանակը ոսկի է»: Եթե դրան հավատանք, ուրեմն ամեն վայրկյան ինչպիսի ահռելի քանակությամբ ոսկի ենք կորցնում իզուր տեղը: Երևի մեկ-մեկ էլ ոսկի ենք գտնում, երբ որևէ հաջող գործ ենք ձեռնարկում և մեզ երջանիկ զգում:

Առավոտյան ցողի կաթիլների պես ժամանակը գոլորշի է դառնում ու ցնդում, անհետանում և մի գեղեցիկ օր մենք հայտնվում ենք այն փաստի առջև, որ այլևս ժամանակը կանգ է առնում, կյանքը ճահճի է վերածվում, կոկորդիդ մի ահավոր հեղձուկ է առաջանում ու փորձում՝ խեղդել, խեղդել, խեղդել…

Ափսո~ս: Հիմա անորոշություն է Արմենակ պապի մտքերում, իսկ գլխում՝ մենակության ահռելի զգացողություն, խորը թախիծ, մտքի կաշկանդվածություն, նույնիսկ ինքնաոչնչացման զառանցանքներ, ինքնահաստատման դաժան պայքար` հաղթահարելով եսասիրությունը նաև, սակայն որը նույնպես կեցության իրավունք ունի:

Նա կյանքի հավատարիմ ընկեր է կորցրել ու այն զգացողությունն է նրա մոտ, որ մնացել է այլևս մենակ՝ բազում մարդկանց մեջ, նրանց կողքին և նրան պատում է զազրելի մտքերը, մտնում արյան մեջ, աղի և տաք արցունքներ հոսեցնում նրա աչքերից, որոնց նա կարոտ էր մնացել մի ամբողջ հավիտենություն:

Այս խառնակ մտքերով տարված Արմենակ պապը արագ հագնվեց, դուրս եկավ տանից ու շտապեց մոտակա այգին, տեղ հասնելով, նստեց այն նստարանին, որի վրա միշտ նստում էին ինքն ու կինը, երբ այգի էին գալիս ու երկար-երկար մնաց այնտեղ՝ տարված անմոռանալի հիշողություններով:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930