Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային դարպաս Մեղրիի, նրա առանձնահատկության ու բրենդների մասին

Հունիս 26,2019 12:00

Մեղրի բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2016 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի խոշորացման արդյունքում: Ինչպես «Առավոտի» հետ զույցում նշեց Մեղրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Ավետիսյանը` խոսելով համայնքի առանձնահատկության մասին, խոշորացված համայնքը ներառում է 13 գյուղական, 2 քաղաքային բնակավայր: «Մեղրին Հայաստանի հարավային դարպասն է, նաեւ ստրատեգիական նշանակություն ունի, տրանզիտ գոտի է հանդիսանում: ԻԻՀ, Երեւան, ինչու չէ նաեւ Վրաստան բեռնափոխադրումները կատարվում են Մեղրու տարածքով: Այն ունի բնակլիմայական բոլոր գոտիները` սկսած մերձարեւադարձայինից մինչեւ ալպիական: Բնակչության հիմնական զբաղմունքը լեռնարդյունաբերությունն է, գյուղատնտեսությունը: Մեղրիում ավելի շատ պտղատու այգիների մշակմամբ են զբաղվում: Մեր բրենդն են հանդիսանում արքայախնձորը, թուզը, նուռը: Այժմ նաեւ մերձարեւադարձային կուլտուրաների մշակմամբ ենք զբաղվում, որոնցից է կիվին, ձիթապտղի պլանտացիա եւս ունենք: Արաքսի ափին ծիրանենու մեծ այգի ունենք, որտեղ մեծ մասշաբով աշխատանք է կատարվում, իսկ պտուղն արտահանվում է»,-ասաց տիկին Ավետիսյանը:

Բնակչությունը մոտ 12000 է, Աննա Ավետիսյանի խոսքերով, Մեղրուց արտագաղթ չկա, ընդհակառակը՝ Հայաստանի հյուսիսային շրջաններից մարդիկ գալիս են Մեղրի` աշխատանք գտնելու ակնկալիքով: «Մեր պղնձամոլիբդենային կոմբինատը գործում է, Ագարակի բնակչության մեծ մասը հիմնականում աշխատում է կոմբինատում»,-հավելեց մեր զրուցակիցը: Ի դեպ, Ագարակը հիմնադրվել է Արաքս գետի ձախ ափին 1949թ.-ին` որպես համանուն պղնձամոլիբդենային կոմբինատին կից բանավան, իսկ 1996թ.-ին բանավանը վերանվանվել է Ագարակ քաղաք։ Այն ունի կենսական, մշակութային եւ սպորտային, կրթական ու ընդհանուր զարգացվածությունը ապահովող բոլոր կառույցները` հիվանդանոց, կոմունալ բարեկարգման տնտեսություն, մսուր-մանկապարտեզ, միջնակարգ դպրոց, արվեստի եւ գրադարանային ծառայության կենտրոն, մշակույթի պալատ։

Մեղրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության գծով գլխավոր մասնագետ Նունե Համբարձումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանրակրթական դպրոցներն ու 2 մանկապարտեզները բնականոն ռիթմով են աշխատում: Ինչ-ինչ խնդիրներ կան հեռավոր գյուղական վայրերի դպրոցներում, որոնք փորձում են հաղթահարել: «Այս տարի բոլոր 129 առաջին դասարանցիներին համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի նախաձեռնությամբ, ապահովել է դպրոցական պայուսակներով: Շուրջ 60 շրջանավարտ ենք ունեցել, Ագարակն էլ ներառյալ՝ մոտ 100»,-ասաց տիկին Համբարձումյանը:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Մեղրու պետական քոլեջին, որը բավականին բարեկարգ է, այստեղ ուսումնասիրվող մասնագիտություններն են` զբոսաշրջություն, նախադպրոցական կրթություն, հաշվապահական հաշվառում, փոխադրումների կազմակերպում եւ կառավարում: Մեղրու թիվ 2-ի մասին էլ խոսեցինք, որն ամենահարմարեցվածն է ներառական կրթություն իրականացնելու համար: Այս դպրոցն աչքի է ընկնում ոչ միայն լավագույն մասնագետներով, այլեւ փայլուն աշակերտներով: Դպրոցի աշակերտներն այս տարի հաղթել են «Մեղու», «Կենգուրու» եւ «Ռուսական արջուկ» մրցույթներում:

Իսկ մշակութային Մեղրիի մասին Սիրուն Սարգսյանի հետ զրույցի մանրամասները` առաջիկայում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ, 

25.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930