Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիանա Գասպարյանը քաղաքացիներին ընդունելիս ծամոն է ծամում եւ հեռախոսով խաղ խաղում». Ջիվան Աբրահամյան

Հուլիս 09,2019 20:45 Share

Էջմիածնում այս պահին ընթանում է քաղաքացիների հավաք՝ ընդդեմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի: Ցուցարարները  նրա հրաժարականն են պահանջում: Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատման դեմ բողոքի ցույցերից հայտնի Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, թե Դիանա Գասպարյանն իր քաղաքացիներին չի ցուցաբերում պատշաճ վերաբերմունք. «Այս հավաքի պատճառները քաղաքացիների բողոքներն են, որոնք ես ստացել եմ: Ես Դիանա Գասպարյանի կողմնակիցը չեմ եղել նաեւ այն ժամանակ, երբ նա առաջադրվում էր որպես քաղաքապետի թեկնածու: Հացի մրցույթը Երեւանից են շահել, Էջմիածնում չկա՞ր, թե կարծում եք՝ չգիտենք, թե որը որից հետո է: Նա գրասենյակում քաղաքացիներին ընդունելիս ծամոն է ծամում եւ հեռախոսով խաղ խաղում: Մի տեղում արգելում են սուրճի ապարատ դնել, հետո մեկ ուրիշը կարողանում է դնել: Այսպե՞ս է հեղափոխություն լինում»:

Ապա ելույթ ունեցավ Արտակ անունով երիտասարդ եւ հայտարարեց, որ եղել է Դիանա Գասպարյանի շտաբերից մեկի պատասխանատուն. «Ակտիվ մասնակցել եմ հեղափոխությանը նրա համար, որ հեղափոխական քայլերր արվեն քաղաքում: Ասում են՝ «ախպեր, էս ո՞ւմ բերիք, մտնում ենք մոտը՝ բշտում են»…Եթե պաղպաղակի սառնարանի համար քաղաքացուց 10 000 դրամ եք գանձում, դարձրեք դա 7000 դրամ, որպեսզի մարդկանց սրտով լինի: Իսկ քաղաքապետարանում նախկին պաշտոնյան, որը հիմա ավելի բարձր պաշտոնի է, ասում է՝ ուզում էիք բան փոխվե՞ր»:

Ապա` Արտակը ներողություն խնդրեց այն բանի համար, որ ժամանակին կանգնել է Դիանա Գասպարյանի կողքին. «Անցյալը՝ Մանվել Գրիգորյանը, Սերժ Սարգսյանը, հնարավոր չէ, որ վերադառնան: Բայց մենք էլ ենք ուզում, որ այս քաղաքը բարգավաճի, բայց եթե Դիանա Գասպարյանը միայն իր եսն է տեսնում այս քաղաքում, ուրեւմն նա անելիք չունի այստեղ»: Ապա Ջիվան Աբրահամյանը նշեց, որ Դիանա Գասպարյանը մեկնաբանություններից մեկում իրեն անվանել է Նիկոլ Փաշինյանի ինքնակոչ հետեւորդ. «Շատերդ եք քաղաքում լսել, թե մենք հանրապետական ենք, սերժական, լեւոնական: Ես գիտեմ, որ ժողովրդի 70%-ից ավելին ընտրել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա հետեւորդ է, բայց Դիանա Գասպարյանն ասում է՝ «Նիկոլ Փաշինյանի ինքնակոչ հետեւորդ»:

Տիկին Դիանա, դուք իրավունք չունեք ժողովրդին տարանջատել Նիկոլ Փաշինյանից: Դա Քոչարյանի եւ նրա կողմնակիցների աշխատանքն է: Ինձ համար դուք Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եք, որովհետեւ ամեն պատի անկյունում «հակահեղափոխական» բառն եք օգտագործում, մինչդեռ ձեր արարքներն են հակահեղափոխական, ոչ թե ժողովրդի օրինական պահանջները: Անընդհատ ասում եք, թե քաղաքում խնդիր չկա: Ես պայքարելու եմ նման քաղաքապետի դեմ»:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ բողոքի ալիք չկա, իսկ քաղաքապետին բոլորը ճանաչում են որպես բարեհամբույր պաշտոնյայի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ծամոն ծամելն ինչ է, Արցախում ոչ վաղ անցյալում շատ կարևոր նախարարության մի ղեկավար կար, ով գործի ժամանակ ոտքերն էր դնում սեղանին, իսկ դիմացը նստած էր նախարարության աշխատակիցը։ Այժմ նա հետ է գնացել իր հարազատ քաղաքը, բայց իրենից հետո ի թիվս այլ ոչ լավ հուշերի, թողել է նաև այս մեկը։ Կարևոր պաշտոն ստանձնելուց առաջ մարդուն պիտի թեսթավորեն, թե չէ շատերը չեն դիմանում պաշտոնի գայթակղությանը, մատնելով իրենց անուրախ մանկությունը։

Պատասխանել