Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատրաստվում մի քանի տասնյակ մասնակից ունեցող ցույցից հետո հրաժարական տալ». Էջմիածնի քաղաքապետ

Հուլիս 09,2019 22:15

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր իր դեմ կազմակերպված ցույցում քաղաքացի Ջիվան Աբրահամյանի մեղադրանքներին, թե ինքը կոռուպցիոն գործելակերպ է վարում, ասաց. «Եթե Ջիվան Աբրահամյանը որեւէ ապացույց չներկայացնի այդ մեղադրանքի վերաբերյալ, ես դատական կարգով կպաշտպանեմ իմ իրավունքները: Եթե նա որեւէ տեղեկատվություն ունի, մեր իրավապահներին խնդրում եւ հորդորում եմ՝ թող քննություն իրականացնեն եւ պարզեն՝ արդյո՞ք ես որեւէ կոռուպցիոն սկանդալի մեջ եմ»:

Ինչ վերաբերում է ցույցում հնչած մեղադրանքներին, թե քաղաքապետը պատշաճ չի ընդունում քաղաքացիներին, կոպտում է, նրանց հետ խոսելիս ծամոն է ծամում եւ հեռախոսով խաղ խաղում, Դիանա Գասպարյանը նշեց. «Իհարկե, դա ակնհայտ սուտ է եւ իրականությանը չի համապատասխանում: Քաղաքացիների ընդունելությունները ձայնագրվում են: Եթե կա նման մեղադրանք, կարող եմ տրամադրել ձայնագրությունները»:

Ջիվան Աբրահամյանն ասել էր. «Տիկին Դիանա, դուք իրավունք չունեք ժողովրդին տարանջատել Նիկոլ Փաշինյանից: Դա Քոչարյանի եւ նրա կողմնակիցների աշխատանքն է: Ինձ համար դուք Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եք, որովհետեւ ամեն պատի անկյունում «հակահեղափոխական» բառն եք օգտագործում»:

Այս առնչությամբ էլ Դիանա Գասպարյանը նշեց. «Դա Ջիվան Աբրահամյանի երեւակայության արդյունքն է, ես Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կապ չունեմ եւ երբեւէ չեմ եղել նրա գաղափարակիցը: Ես «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եմ կիսում եմ մեր կուսակցության գաղափարները: Ջիվան Աբրահամյանի հայտարարություններն անհիմն մեղադրանքներ են, դրանց հետեւում որեւէ բանական եւ ճշմարիտ փաստարկ չկա»:

Իր հրաժարականի պահանջին էլ Դիանա Գասպարյանը լուրջ չի վերաբերվում. «Ինձ վստահության քվե են տվել հոկտեմբերին՝ ութ հազարից ավելի քաղաքացի: Չեմ պատրաստվում մի քանի տասնյակ մասնակից ունեցող ցույցից հետո հրաժարական տալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031