Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանականները Լեհաստանում լուրջ աշխատանք են տարել. «Լեհերը տպավորություն ունեն, թե Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դեռեւս վերադառնալու հնարավորություն ունեն»

Հուլիս 11,2019 14:51

Հուլիսի 2-4-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Լեհաստան այց էին կատարել: Նրանք այսօր ասուլիս էին հրավիրել՝ խոսելու այդ այցի մասին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ Think-tank-ում՝ արեւելյան հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած իրենց հանդիպումը նույնպես հիասթափեցնող է եղել. «Փորձագետները, որոնք մեզ հետ հանդիպում էին, մատնանշում էին փաստեր, որոնք եւս վկայում են ոչ պատշաճ աշխատանքի մասին ՀՀ իշխանությունների կամ փորձագիտական մարմինների հետ: Տպավորություն կար, որ նրանց հետ շատ հետեւողականորեն աշխատում են Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հավատարիմ շրջանակներ, եւ նրանք տպավորություն ունեն, որ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դեռեւս վերադառնալու հնարավորություն ունեն եւ Հայաստանում ամեն ինչ սպասման ռեժիմի մեջ է, մինչեւ նրանք կվերադառնան, եւ կայունություն կհաստատվի ՀՀ-ում: Մենք, իհարկե, ցրեցինք այդ տպավորությունը՝ հասկանալով, թե որտեղից են գալիս այդ հոսանքները: Այստեղ եւս մենք աշխատանք ունենք կատարելու, եւ ԱԺ-ն պիտի իր ուշադրության կենտրոնում պահի նաեւ փորձագետների հետ աշխատանքը: Նրանց ուսումնասիրությունները այդ երկրի արտաքին քաղաքականության համար ծառայում են որպես շատ կարեւոր աղբյուր եւ փաստաթուղթ»:

«Իմ քայլը» խմբակցությունից Անուշ Բեղլոյանը հավելեց, որ այնուամենայնիվ, լեհերն ասել են, որ առաջին անգամ ՀՀ պատվիրակությունից տեսել են անկեղծ եւ գործնական զրույց:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ լեհերը այնպիսի հարցադրումներ են հնչեցրել իրենց հետ հանդիպմանը, որ զարմացած պատվիրակության անդամներն իրար են նայել. «Մենք ոչ միայն ունենք մեծ աշխատանքի դաշտ Եվրոպայում, այլ մենք պարտավոր ենք ներկա լինել ամեն տեղ: ՀՀ-ի, հայ ազգի թշնամիները աշխատում են եվրոպական կենտրոնում, իսկ Լեհաստանը եվրոպական երկրների լոկոմոտիվն է: Լեհական կողմը պատրաստ է լսել, ընկալել եւ անել հետեւություններ: Իմիջիայլոց, շատ զարմացած էին, որ փող չէինք ուզում, շատ էին զարմացել»:

Արման Բաբաջանյանն էլ ասաց. «Ճիշտ է, տարօրինակ էր, որ հայկական կողմը փող չէր ուզում, բայց հայկական կողմը չէր ասում, թե ինչ է ուզում առհասարակ: Արտաքին գործերի նախարարության պաշտոնյան մեզնից հարցնում էր, որ իրենք մեկ տարի է՝ փորձում են Հայաստանից հասկանալ այն առաջնահերթությունները, որոնց շուրջ կարող է երկխոսություն լինել ՀՀ-ի եւ Լեհաստանի միջեւ, եւ մինչեւ հիմա այդ առաջնահերթությունը գոնե պատկերավոր կերպով նրանց չի ներկայացվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031