Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ այս ամենը ավարտվի, բոլորս կարող ենք գնալ, հոգեբան կամ հոգեբույժ աշխատել, որովհետեւ ինչ կատարվում է հիմա քաղաքագիտական առումով շիզոֆրենիա է». Արման Աբովյանի կոշտ խոսքը իշխանություններին

Նոյեմբեր 06,2026 19:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Աբսուրդի եւ քաղաքագիտական շիզոֆրենիայի սեզոններ ենք նայում։ Եվ առհասարակ, կարծում եմ, երբ որ այս ամենը կավարտվի, բոլորս կարող ենք գնալ, հոգեբան կամ հոգեբույժ աշխատել, որովհետեւ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, այլ կերպ, քան քաղաքագիտական առումով շիզոֆրենիա, չես կարող անվանել»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը «Հայելի» ակումբում։

«Իշխանությունները հիմա հին նոր թեզ են առաջ բերում, որ արդարացնեն իրենց գործողությունը ՀՀ սահմանադրությունը ոչնչացնելու եւ տեղը ալիեւյան կամ այլ կերպ ասած՝ «արեւմտյան Ադրբեջանի» սահմանադրությունը ընդունելու համար։

Ինչքան խոսացող գլուխ ունեն, ըստ երեւույթէին, SMS են ստացել, ու դուրս են եկել։ Գիտեք որտեղից։ Դուրս են եկել ու՝ «բա ուր են այդ 300 հազար ադրբեջանցիները»։

Իբր, ընդդիմությանը էդպես բզում են։ Դուք հո աննորմա՞լ չեք։ Մե՞զ եք հարցնում։ Ձեր ընկերներին հարցրեք։ Հարցրեք, օրինակ, Հիքմեթ Հաջիեւին, որը բազմաթիվ անգամ խոսել է 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասով։ Վերջին անգամ խոսել է 2026 թվականի մայիս ամսին։ Բա, ինչի՞ չեք զանգում։ Առավոտից՝ իրիկուն ձեզ զանգում է, չէ՞։ Բա, հարցրեք՝ Հիքմեթ, չգիտեմ՝ իրեն ոնց եք դիմում՝ «լավ ախպեր», «մեծ ախպեր»։ Ինչի՞ չեք հարցնում։

Ընդդիմությունը որտեղի՞ց իմանա։ Ընդդիմությունը ընդամենը արտաբերում է այն, ինչ խոսում են ձեր ազիզ, ընկեր, ախպեր, մոտիկ ադրբեջանցիները։ Կամ նույն Իլհամ Ալիեւը։ Կարո՞ղ է ձեր մոտ ընտրովի ամնեզիա է։ Հետաքրքիր է՝ հասկանո՞ւմ եք ամնեզիա բառն ինչ է նշանակում։ Ամնեզիան այն է, երբ մոռանում ես ինչ-որ մի բան։ Ոչինչ, եթե մոռանում եք, կհիշեցնեմ, որ նույն Ալիեւն ասում էր՝ Արցախը գրավեցին տանկերով, իսկ Հայաստանը գրավելու են մեքենաներով։ Կարո՞ղ է TRIPP-ը դրա հետ կապ ունի։

Բա, մի հատ զանգեք Ալիեւին։ Տեսնում եք՝ չոքերդ թուլանում են։ Ասեք՝ ինչի՞ ես էդպիսի բան ասում։ Մի հատ գոռացեք վրան, մի հատ ղժժացեք։ Ինչի՞ չեք անում։ 300 հազար ադրբեջանցիների թեման մի բզեք։ Չնայած, բզեք, չբզեք, հրահանգը Բաքվից իջեցրած է։ Այդ 300 հազար ադրբեջանցիների թեման փորձելով ընդդիմության գրպանը գցելը, իրականում նվազագույնը նողկալի պատկեր է։ Եվ այո, քաղաքական պատասխանատվության հարց կա, թե ինչի համար եք կոծկում 300, 200, 100 հազար ադրբեջանցիների թիվը։ Ինչի՞ եք խաբում մարդկանց։

Դուք կարդալ գիտե՞ք։ Եթե գիտեք, բացեք ձեր կողմից ձեւավորված արտաքին հետախուզության 2025 թվականի զեկույցը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի առջեւ առանցքային վտանգներից մեկը ադրբեջանցիներին բնակեցնելու թեման է։ Ես չեմ հասկանում՝ դուք ինքներդ ձե՞զ եք հերքում, թե ձեզ թվում է, որ դուրս գաք ու ինչ խոսեք, մարդիկ հալած յուղի պես են ընդունելու։

Այնպես որ, երբ ջղային, կիտած հոնքերով, վեր եք կենում, համաձայն որոշակի SMS-ների, իրար հերթ չտալով ելույթներ եք ունենում, թե ուր են ադրբեջանցիները, վերցրեք հեռախոսը եւ զանգեք ձեր ախպեր թուրքերին կամ ադրբեջանցիներին։ Եվ ձեզ կասեն։ Չնայած, դուք շատ լավ էլ գիտեք։

Իմիջիայլոց, լեգիտիմ շատ լուրջ կասկած է առաջացնում ձեր կողմից այդ թեման կոծկելը։ Մտովի գալիս է Գորիս-Կապան ճանապարհի թեմայի ձեր կոծկելը, բայց հետո պարզվեց, որ տվել եք։ Արցախի հանձնելու թեման։ Հիշո՞ւմ եք 2020 թվականից առաջ, որ իրար հերթ չտալով գնում էիք, հեգնում էիք ընդդիմությանը, թե իբր եկել էիք հանձնելու։ Բայց ընդամենը մի տարի հետո Արցախը չհանձնեցի՞ք։ Այս պարագայում ո՞ւր է քաղաքական պատասխանատվությունը»,- ասաց քաղաքական գործիչը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել