«Էդ որ մենք հեղափոխություն ենք արել, ասում ենք՝ հարաբերություններն արդար են, հին բաները չեն լինելու, համակարգային կոռուպցիան վերացել է: Բա էս քաղաքական պրոցեսից հետո չե՞նք կարողանում չկեղտոտենք Սեւանը: Էդ հեղափոխությունը չի՞ նշանակում, որ Սեւանը չպիտի կեղտոտենք: Ես ուզում եմ տեսնել՝ այս վերջին 1.5 տարվա ընթացքում՝ հեղափոխությունից հետո ո՞վ ինչ պիտի աներ ու չի արել: Իմ կոշտ հարցադրումը, որ երկու նախարարները այստեղ չեն, պետք է այստեղ լինեին, սա քաղաքական քննարկում է, ունենք հարցեր, որովհետեւ քաղաքական պատասխանատվություն կրողը նախարարն է»,- այսօր ԱԺ-ում Սեւանա լճի հիմնախնդիրների թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Քննարկումը կազմակերպվել էր ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ: ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը (լուսանկարում) հայտարարեց. «Սեւան ազգային պարկն անգործության է մատնված: Եթե «Սեւանի ազգային պարկը մեր հետ համատեղ աշխատեր, 10-ի փոխարեն 100 տեղադրված կայան կունենայինք»:
Կարդացեք նաև
Մելքումյանն էլ արձագանքեց, որ հարց կուղղեն կառավարությանը. «Եթե պետք է, «Սեւան ազգային պարկի» պատասխանատվության չափը ճշտենք ու պատասխանատվության ենթարկեն»:

Ջավադյանը չընդունեց քննադատությունը՝ ասելով, որ իրենց հանձնաժողովի անդամները գիտնականներ են հիմնականում, գիտակ են ու մեծ աշխատանք են տանում. «Մենք արձանագրությունները երեք օրվա ընթացքում ուղարկում ենք կառավարություն»: Ադամյանը տեղից բղավեց՝ տարիներ շարունակ գործ չեք արել՝ Ջավադյանն արձագանքեց՝ «Տարիներ շարունակ մենք ձեզ չենք տեսել»: Բնապահպաններն էլ հակադարձեցին՝ «Մեզ չէիք տեսել, Սեւանը տեսնեիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































