Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են անում Սեւանա լիճը փրկելու համար

Հուլիս 11,2019 17:29

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ներկայացրեց՝ ինչ գործողություններ են կատարում Սեւանա լիճը փրկելու առնչությամբ: Կառավարության նիստից հետո նախարարը ասուլիս հրավիրեց՝ նշելով, որ այսօր, եթե անգամ ոչինչ չարվի, հավելյալ ջրառ չիրականացվի, աղտոտման աղբյուրները չավելանան, միեւնույն է, լճի վիճակը չի բարելավի: Պարոն Գրիգորյանի խոսքով, հստակ գործողություններ պետք է կատարվեն, քանի որ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է. «Այսինքն՝ Սեւանի հետ կատարվող աշխատանքների ռեժիմը արտակարգ ռեժիմի բնույթի պետք է լինեն։ Մեզ որոշակի առումով մեղադրում են, որ անցյալ տարի նույնպես այս ամենը կար, Սեւանում ջրիմուռները կային, ինչո՞ւ գործողություններ չեն կատարվել։ Զուգահեռ որոշ գործողություններ, իհարկե, կատարվել են։ Մաքրման աշխատանքների մաքրման համար կրկին բյուջեով կար հաստատված գումար, կար ծավալ, մի մասը ցամաքում մաքրել, մի մասը՝ ջրում։ Եթե մենք գնայինք, այսպես կոչված, ընթացիկ աշխատանքներով, ապա մրցույթը կհայտարարեինք, այդ աշխատանքների կեսը ցամաքում կարվեր, կեսը՝ ջրում։ Բայց մենք գնացինք խնդրի ավելի խորը լուծմանը, վերհանեցինք ամբողջ մաքրման ենթակա տարածքը»:

Նախարարի ներկայացմամբ, Գեղարքունիքի մարզի տարածքի ամբողջ կեղտաջրերը հոսում են դեպի Սեւան, իսկ գործող մաքրման 3 կայանները որակական փոփոխություն չեն բերում:

«Նաեւ անասնապահության հետ կապված տվյալները վերցրել ու ուսումնասիրել են, մինչեւ 150 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն էր։ Եթե ֆոսֆորի ձեւավորված ծավալները նայենք, եթե նույնիսկ այս ծավալի մեկ տոկոսը մուտք լինի Սեւանա լիճ, խոսքը գնում է կրկին հսկայական ծավալի ֆոսֆորի ներմուծման մասին»,- ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանն ասաց, որ լճերն ունեն երեք կարգավիճակ՝ միջին, շատ մաքուր եւ ճահճացված։ Սեւանա լիճը գտնվում է միջին վիճակում. «Չենք կարող ասել, թե Սեւանը ճահճանում է, բայց սառը շերտը վնասված է»։ Ըստ նրա, մենք ճահճացման չենք գնում, մենք ունենք խնդիրներ, եւ այդ խնդիրներին պատշաճ չարձագանքելու դեպքում, որակական շատ մեծ վնասներ կկրենք»:

Նախարարը նաեւ նշեց, որ 2017 .-ին Սեւանա լճի թափանցիկությունը 14 մետր էր, ինչը լավ ցուցանիշն էր։ Սակայն երկու տարվա ընթացքում այն էականորեն իջել է դառնալով՝ 2-2.5 մետր։

Նախարարը նաեւ ներկայացրեց՝ ինչ են անում: Ասաց, որ առաջին անգամ ամբողջովին գույքագրել են մաքրման ենթակա իրական ծավալները, ուսումնասիրվել են Սոթքում նախկինում առկա պոչամբարների եւ թափոնակույտերի ծավալները. «Եվ հենց այս պահին էլ եռաչափ մոդելավորում է իրականացվում, որպեսզի ռեկուլտիվացման աշխատանքներ իրականացվեն։ Ջրի հոսքի կառավարման հետ կապված ամենօրյա աշխատանքներ ենք կատարում, կողակի վերականգնման աշխատանքն ենք իրականացնում, նաեւ ուսումնասիրություններ կան ցանցավանդակային տնտեսությունների հետ կապված, դրանք համադրել ենք ֆոսֆորի հետ կապված ծավալների հետ»:

Ինչ վերաբերում է ստորջրյա հատվածների մաքրման աշխատանքներին, ապա, նախարարի խոսքով, վերջին մեկ տարում դրանք չեն իրականացվել, քանի որ որոշված չէ՝ ինչ ծավալի մաքրում պետք է կատարեն եւ որ հատվածներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031