«Չի՜ բարեկարգվել», «Չի՜ կանաչապատվել»,«Չի՜ մաքրվել»: Այսօր այս բովանդակությամբ պաստառներով ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի առաջ բողոքի ցույց անցկացրեց: Բարեկարգելը, կանաչապատելն ու քաղաքն աղբից մաքրելը, ըստ ցույցի կազմակերպիչների, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից էին: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտարարեց, որ այդ խոստումների կատարման համար ժամանակ է անհրաժեշտ: Ցույցի մասնակիցները պատասխանեցին՝ անցել է 9-10 ամիս, բայց քայլեր չեն տեսնում:
«Մենք այսօր ուզում ենք Երեւանի քաղաքապետին հիշեցնել իր տված խոստումները: Երեւանի բյուջեով նախատեսված է 5 միլիարդ 200 միլիոն աղբահանության համար, լրացուցիչ երկու միլիարդ ավելի ծախս է արվում, բայց աղբահանության հարցում իրավիճակ չի փոխվել»,-ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Արա Ռոստոմյանը։
Ի պատասխան, Հակոբ Կարապետյանն ասաց՝ ես համաձայն չեմ ձեր հնչեցրած թվերի հետ. «Սանիթեք» ընկերությունն իր չարած աշխատանքի համար գումար չի ստանում եւ չի ստանալու:


Սարգիս Կարապետյանը հիշեցրեց հուլիսի 27-ի դեպքը , երբ վերելակի ճոպանը պոկվելու հետեւանքով երկու քաղաքացի մահացել էին:
Հակոբ Կարապետյանն ասաց, որ դա մասնավոր ընկերության վերելակ է եղել, եւ այդ վերելակների նկատմամբ պատասխանատվությունը, վերահսկողությունը Երեւանի քաղաքապետարանի տիրույթում չէ:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ականների խոսքով՝ այս անգամ «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետին՝ որպես նախազգուշացում։ Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ հաջորդը «կարմիր քարտն» է լինելու՝ հրաժարականների պահանջով:
Սարգիս Կարապետյանը հստակեցրեց իրենց պահանջը Երեւանի քաղաքային իշխանություններից. «Մեր պահանջն է՝ աղբահանություն, կանաչապատում, գետնանցումների բարեկարգում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































