Այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց էին անում Բարձրագույն դատական խորհրդի գրասենյակի դիմաց: Քոչարյանի աջակիցները հայտարարեցին՝ Քոչարյանի գործը քննող դատավորների նկատմամբ իրականացվում է ճնշում եւ անօրինական գործողություններ։ Ցուցարարներն ասացին, որ արդեն 3-րդն օրն է՝ իրենք ցույց են անում, սակայն ԲԴԽ-ից արձագանք չկա: Ցույցի մասնակիցները ԲԴԽ-ին կոչ արեցին ապահովել դատական համակարգի անկախությունը:
Նրանք պահանջում էին ԲԴԽ նախագահը դուրս գա եւ իրենց հետ հանդիպի, պատասխանի իրենց հարցերին: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այդպես էլ դուրս չեկավ: Սակայն նրանց հետ հանդիպեց ԲԴԽ մամուլի ծառայության ղեկավարը եւ առաջարկեց իրենց հարցերը գրավոր ներկայացնել, ԲԴԽ-ն դրանց կպատասխանի:

Քոչարյանի աջակիցների հարցերը հետեւյալն են. «Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում նախագահ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով ներկա պահին դատարանի չկազմավորվելու հետ կապված: Ձեր կողմից նորաթուխ նշանակված ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը ինչո՞ւ չի կարողանում գործի դնել համակարգիչը, որը պետք է ընտրի դատավորին, որն էլ պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի ու առհասարակ, գործը քննի:
Կարդացեք նաև
Նախագահ Քոչարյանի գործի վերաբերյալ ստեղծված կոլապսային իրավիճակը՝ կապված գործի հանրային հնչեղությամբ, առաջնային է՝ անկախ նրանից նրա աջակիցներն են, թե՝ ոչ, բոլորին հետաքրքրում է՝ գործն ի՞նչ փուլում է, ինչո՞ւ է արհեստականորեն ձգձգվում, ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում իրավիճակը շտկելու համար, մինչեւ հիմա ձեր անգործությունն ինչո՞վ է պայմանավորված:
Մեզ հետաքրքրում է՝ «վնգստոց», «փետով տալ դատավորների գլխին» եւ այլն. ԲԴԽ-ն կոչված է երաշխավորելու արդարադատությունն ու դատարանների անկախությունը, ինչո՞վ է պայմանավորված ձեր անգործությունն այս արտահայտությունների վերաբերյալ:
Օրենսդրական մի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով Սահմանադրական դատարանի դատավորներին հնարավոր է առաջարկվի մինչեւ պաշտոնավարման ավարտը փոխհատուցել աշխատավարձի չափով՝ հրաժարականի դեպքում: Ձեր դիրքորոշումը սրա նկատմամբ, մի՞թե սա կոռուպցիա չէ, պետական մակարդակով կաշառք, միթե արդարադատության հետ սահմանակցող վտանգներ չկան»:

Իսկ մինչ այս, ցուցարարները վանկարկում էին «Քոչարյան, հերոս», «Գրպանային ԲԴԽ-ին ասում ենք՝ ո՛չ»:

Քոչարյանի աջակիցներից մեկն էլ ասաց. «Սերժ ջան, տեղդ երեւում ա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































