Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում 900 շենքից 300-ը դատարկ է: Սեփականատերերը արտագաղթել են, շատ դեպքերում էլ նպատակ չունեն հետ գալու, իսկ տներն այդպես մնացել են «վաճառվում է» ցուցանակներով: Համայնքի հիմնական խնդիրը գործազրկությունն է:



Կարդացեք նաև

Հարցին՝ հեղափոխությունից հետո փոփոխություն չկա՞՝ Լուսինե Սարուխանյանը պատասխանեց. «Մի տարվա մեջ ի՞նչ պիտի լինի: Որ 30 տարի ապրել ենք, ոչ մի բան, ոչ մի արդյունք չենք տեսել, հիմա թոշակները գոնե բարձրացավ: Ես 18 հազար դրամ էի ստանում, հիմա ստանում եմ 25 հազար 500 դրամ: 2000 դրամն էլ որ ավելացնում է ինքը, դա ինձ համար մեծ բան է, մեծ փոփոխություն է: Ես կարում եմ հիմա իմ կոմունալ վարձերը տամ, մնացածով էլ դեղերս առնեմ, ինսուլին եմ ստանում, շաքարով հիվանդ եմ, երկրորդ կարգի հաշմանդամ: Ես աշխատանքի ի վիճակի էլ չեմ: Փաշինյանը դատարկ բյուջեի մեջ ի՞նչ տի աներ: Ինչ էլ արել է՝ էլի մալադեց իրան: Մենք ուղղակի իրեն խնդրում ենք ուղղակի՝ մեր ջահելներին մի գործով ապահովի»:
Թե կոնկրետ ինչպիսի՞ աշխատատեղերի կարիք կա՝ ազատամուտցիներն ասացին՝ համայնքում մենակ մի քանի խանութ կա, որտեղ գործ կա, մի քանի խանութում ո՞ր մեկն աշխատի. «Մի նորմալ խանութ չսարքեցին, գործարան, կարի, դերձակի տեղ»:



Խոշոր ներդրողներին Ազատամուտը չի գրավում, սահմանին շատ մոտ է, ռիսկային է: Սահմանից հեռավորությունը 2 կմ է: Գյուղապետն ասաց, որ Ազատամուտում արտադրություն կարող են կազմակերպել: Շրջափակման արդյունքում այս համայնքի արտադրությունները փակվել են. «Պատկերացրեք, համայնքին կից 1500 աշխատատեղ կար, հիմա չկա»:
Վահագն Ալավերդյանը երկու ամիս է, ինչ Ազատամուտ համայնքի ղեկավարն է, մինչ այդ 6 ամիս ժամանակավոր պաշտոնակատար է եղել: Նա ցույցերի միջոցով է եկել պաշտոնի, մինչ այդ ավագանու անդամ է եղել: Ալավերդյանի խոսքով՝ «Բազմաթիվ անգամ առարկայական, համայնքի խնդիրները լուծող առաջարկներ ենք արել, համայնքի ղեկավարը չէր ուզում լսել: Օրինակ, անվճար ուսանողական տրանսպորտը, մենք անգամ լուծումներ էինք առաջարկում, թե տրանսպորտը որտեղից պիտի լինի, վարորդի աշխատավարձը՝ որտեղից , վառելիքը որտեղից պիտի լինի: Այդ ամեն ինչը ներկայացնում էինք, ասում էինք, թե որտեղից ինչ խնայողություններ կարող էր անել: Հիմա մենք այդ խնայողությունների հաշվին է, որ բազմաթիվ աշխատանքներ ենք կարողանում կատարել: Այս կարճ ժամանակահատվածում, օրինակ, մանկական խաղահրապարակ ենք հիմնել, մանկապարտեզը 4 տարի էր՝ չէր աշխատում, բացվել է, մշակույթի պալատի տանիքը կաթում էր, 1.3 մլն-ի ներդրում ենք արել, էդ խնդիրը լուծել ենք, երաժշտական դպրոցն ենք վերանորոգել: Գումարները վերցրել ենք տարբեր աղբյուրներից՝ հովանավորներ, անհատներ, ՀԿ-ներ, համայնքի բյուջե, համայնքի բնակիչների ռեսուրս: Հիմնականում աշխատուժին գումար չենք տալիս, համայնքի բնակիչների եւ համայնքապետարանի աշխատակազմի միջոցով է արվում: Այս պահին արդեն պայմանագիրը կապել ենք, 7 օրից կսկսենք 2 բազմաբնակարան շենքի տանիք վերանորոգել, որն ընդհանուր 15 մլն դրամ է: Նախկին համայնքապետարանի շենքը սեփականաշնորհվել էր 90-ականներին, հետ ենք գնել 12 մլն դրամով, վերանորոգումը կսկսենք, գրադարան ենք վերանորոգել: Պայմանագիր ենք կնքել, առաջիկայում մինի ֆուտբոլի դաշտ կհիմնենք՝ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով: Այսինքն, մենք հնարավոր եւ անհնարին բոլոր աղբյուրներին դիմում ենք, որ մեզ աջակցեն: Աշխատանքը տեսնելով՝ վստահության արդյունքում բոլորը պատրաստ են»:
Համայնքապետն ասաց, որ մտադիր են համայնքում փակ շուկա ստեղծել ու համայնքի բնակիչներին վարձակալությամբ տրամադրել, ինչը կավելացնի համայնքի բյուջեն մոտ 4 մլն դրամով:
Ազատամուտի համայնքապետն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակ համայնքում ներդրումների ծավալը 100 մլն դրամն անցնում է: Եթե այսպես հաջողվի ամեն տարի բյուջեն 20 տոկոս ավելացնել, համայնքը զարգացման կգնա. «Ազատամուտում չկա մսի խանութ, չկա դեղատուն, չկա նորմալ ծաղկի խանութ, չկա գրենական պիտույքների խանութ: Ազատամուտցին իր գումարը ծախսում է այլ համայնքներում: Ես մտածում եմ, որ այստեղ կարող ենք պայմաններ ստեղծել եւ դրա արդյունքում սպասարկման ոլորտում ե՛ւ աշխատատեղ կստեղծվի, ե՛ւ արդյունավետ սպասարկում: Հետո կմտածենք, թե ինչ կարող ենք արտադրել, որը ճիշտ բրենդինգի արդյունքում կարող ենք շուկա հանել»:
Հարցին՝ Ազատամուտում իսկապե՞ս աշխատանք չկա, թե՞ չե՞ն ուզում աշխատել՝ համայնքապետը պատասխանեց. «Ազատամուտի բնակիչները գիտակցում են, որ, օրինակ, փայտածուխի ծուխը վնասում է իր ընտանիքին, բայց ինքը այլ եկամտի միջոց չուներ, աղբյուր չուներ, գնում էր աշխատում էր: Մենք պիտի ուսումնասիրենք, թե այդ մարդիկ էլ ինչո՞վ կարող են զբաղվել՝ որպես հիմնական զբաղմունք, ոչ թե կարճաժամկետ»:

Նա վստահեցրեց, որ մարդիկ աշխատանքից հրաժարվում են, որ չզրկվեն ընտանեկան նպաստից, այսինքն, նախընտրում են նպաստ ստանալ, բայց չաշխատել. «Մարդիկ սովոր չեն աշխատել: Ձեզ համար կարող է տարօրինակ թվալ, որովհետեւ դուք աշխատանքի պրոցեսի մեջ եք, առավոտից իրիկուն, արտաժամյա եք նույնիսկ աշխատում, արդյունք եք տալիս, այդ արդյունքի հիման վրա ձեր գործատուն կարող է ձեզ պարգեւատրում տալ, դուք հարմարվել եք, գիտեք ինչ է նշանակում աշխատել: Հազարավոր մարդիկ կան, որ չգիտեն ինչ է դա: Իրենք ամբողջ կյանքում աշխատել են այն ժամանակ, այդ թվում՝ անօրինական աշխատանքները, երբ դրանք անռեժիմ են եղել: Մարդիկ սովոր չեն ամեն օր ժամը 8-ին գնալու, երեկոյան 6-ին գալու եւ 7-8 հազար դրամ ստանալու: Պետք է մարդկանց հասկացնենք, որ հանրային պատասխանատվության խնդիր կա, խնդիրը միայն քո ընտանիքը հացով ապահովելը չի, խնդիրը նաեւ քո ընտանիքի ապագան ապահովելն է նաեւ, որովհետեւ այսօրվա հացով ոչինչ չի որոշվում, դա սպառողական մոտեցում է: 300 հազար աշխատողը 600 հազար թոշակառու է պահում: Վերջապես նաեւ հարգանք պիտի լինի, ինչի՞ պիտի մենք մեր աշխատանքով մի հատված իրենց տանք ու մեկը իրեն արտոնյալ զգա ու չտա: Դա արտոնություն է, որ մարդուն տրվում է ՝ հարկ չվճարելով՝ օգտվի բոլոր այն իրավունքներից էս պետությունում, ինչպես օգտվում ենք մենք ու մեր երեխաները: Արդարությունը սրա՛ մասին է»:
Մարզպետն ասաց, որ շուտով բրիկետների արտադրություն են ձեռնարկելու ու գյուղերում բրիկետների վառարաններ են ստեղծելու:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ազատամուտ համայնքին, մարզպետն ասաց, որ արդեն մի գործարարի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, կարի արտադրություն են այնտեղ հիմնելու. «Գուցե ցածրարժեք աշխատատեղեր են, բայց մեծ քանակի աշխատողներով են ապահովելու: Ենթադրվում է, որ առաջին փուլում մինչեւ 100-150 հոգի աշխատանքով կապահովվի: Արդեն քոլեջներում թեթեւ արդյունաբերության մասնագիտություններ ենք դնում, որ երեխաները ավարտեն ու գնան արտադրական ձեռնարկություններում աշխատելու: Թեթեւ արդյունաբերությունը երբ զարգանա, մենք առավելություն ունենք, դա Եվրասիական շուկային մոտիկ լինելն է, բացի այդ, Գյումրիում մանրաթելերի գործարան է բացվել, հնարավոր է տեղական հումքն օգտագործել այդ գործարանում, ոչ թե ներկրել»:
Հայկ Չոբանյանը դժգոհեց. «Այսօր մարզում հարյուրավոր մարդիկ ներգրաված են ճանապարհաշինական աշխատանքներում եւ նրանց ընդամենը 15 տոկոսն է տեղացի: Անցած օրը Նոյեմբերյանի հատվածում գործատուն ասում էր՝ 7000-10 000 դրամով ինքը աշխատանք է առաջարկում, մարդիկ չեն գալիս: Եթե գալիս են, մեկ-երկու օր մնում, գնում են: Մենք այսօր ունենք մեծաքանակ պայմանագրային զինծառայողների կարիք: 300 կմ սահման ունեք թշնամու հետ եւ սա մեր երկրի ռազմավարական խնդիրն է, իսկ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրանում են, նաեւ կառավարությունը սկսել է նրանց համար հիփոթեքային ծրագիր իրականացնել: Այսինքն, մենք ունենք աշխատատեղեր ու ունենք մեծաքանակ աշխատողների կարիք: Մենք արդեն մի քանի շինարարական կազմակերպությունների հետ ենք խոսել, որտեղ բանվորները տարածքից չեն, արտերկրից են բերել՝ Ուզբեկստանից: Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ էնտեղից գալիս են էստեղ: Մարդիկ պիտի մտնեն, սկսեն աշխատել, ոչ մեկը չի կարող իրենց միանգամից օրը 20 հազար դրամով աշխատանք առաջարկել, եթե չի տեսել, թե այդ մարդն ինչ արդյունք կարող է տալ: Ես մեր գործարարներից մեկի հետ էի խոսում, ասում էր՝ անցած տարվանից մինչեւ հիմա իր աշխատողների աշխատավարձը կրկնակիի ավելի բարձրացրել է: Վերամշակման ձեռնարկություն է: Մարդ կա՝ օրական 20-25 հազար դրամ վարձատրվում է, այսինքն, աշխատանք շատ կա: Էդ նույն գործարարն ասում է, որ իր ապրանքի 70 տոկոսը բերում է ուրիշ տարածաշրջանից՝ հենց աշխատող չունենալու պատճառով: Դա թեյերի արտադրություն է, իսկ այդ բույսերը մեր սարերում լիքն են: Մեզ պետք են մարդիկ, որոնք կսովորեն աշխատել, կմասնագիտանան ու դրա արդյունքում նոր ձեռնարկություններ կստեղծվեն: Ասել, որ ուղղակի աշխատանք չկա՝ այդպես չի: Մարդիկ կան, որ վերադարձել են գյուղ, իրենց հայրական տները բացել են, անցած օրը խոսում էին, որ գյուղում չեն կարողանում 5-10 հազար դրամով մարդ գտնել, ով կարող է իրենց հողը մշակել, մաքրել, խոտը հնձել: Իրականում մենք ունենք աշխատաշուկայի կազմակերպման խնդիր: Կարծես ունենք ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք զբաղվում են դրանով, բայց հավաստիացնում եմ՝ իրենք ռացիոնալ չեն աշխատում, այլապես այս խնդիրը պետք է չունենայինք: 21-րդ դարն է: Եթե մարդը աշխատող է փնտրում ու չի գտնում, նշանակում է՝ մենք զբաղվածության ծառայությունների բորսա չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում կատարված այցելության ժամանակ։



















































