Տավուշի մարզի Աչաջուր համայնքն ունի 4573 բնակիչ, մոտ 1200 տնտեսություն: Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ եւ անասնապահությամբ: Բնակիչների մոտ 30-40 տոկոսն արտագնա աշխատանքի են մեկնում: Համայնքի հողերի 90 տոկոսը չի մշակվում ոռոգման ջրի պատճառով:

Միրզոյանն ասաց, որ սրսկումները նորմալ արվում են, բայց գլխաքանակի անկում էլի նկատվում է. «Սահմանին մոտիկ է, Վրաստանի հետ կարող է կապ ունի, կարող է թուրքերը մի շուն են վարակում, գցում, ի՞նչ իմանաս, տնտեսական պատերազմի մեթոդ են օգտագործում»: Վերջին անկումը եղել է գարնանը:
Աչաջրում նաեւ բրուցելյոզ է տարածված եղել: Հարցին՝ եթե պատվաստումները նորմալ անում եք, անասնաբույժը լավն է, ո՞րն է խնդիրը, որ հիվանդությունների դեմ չեք կարողանում պայքարել՝ նա պատասխանեց. «Կարող է՝ քաղաքական է: Իշխանափոխությունից հետո… կարող է վարչապետի դեմ են անում, ի՞նչ իմանանք»:
Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ոսկու գրավ են դրել, խոզը մորթում են, որ տոկոսները փակեն, մի քիչ «ձգեն». «Մորթում ենք, միսը խանութին ենք տալու, վերավաճառելու են, մենք տալիս ենք 2200 դրամով»:

Հարցին՝ այսինքն, կարծում եք, ծառահատումների դեմն առնելը սխա՞լ էր՝ նա պատասխանեց. «Ճիշտ է, ո՞նց է սխալ բան, ցավդ տանեմ, ո՞նց կլինի: Ծառեր կան, որ Կարմիր գրքում գրանցված են, եթե անարխիա են անում, հո հիմա՞ր չեմ, որ ասեմ սխալ է: Բայց քանի հազար հեկտարներով թափած ծառեր կան, ճանապարհը սարքեն, մարդիկ էլ օգտվեն: Աշխատեն: Ոչ թե փակեն: Փակեցիր՝ ժողովրդի վիճակը վատ տի ըլի»:
Հարցին՝ աշխատատեղ չկա՞, թող գնան աշխատեն՝ նա պատասխանեց. «Որտե՞ղ կա, ցավդ տանեմ: Էն անգամ Իջեւանում մարդիկ էին խոսում, թե բա էսքան աշխատատեղ կա: Մի հատ ապացույց բերեն, ցույց տան մարդկանց, ժողովրդին, որ էսինչ մարդն արդեն աշխատանքի ընդունվեց: Որտե՞ղ կա աշխատատեղ: Սուտ է, մի բան էլ չկա: Մենակ «նայոմնիկի» (պայմանագրային զինծառայող) տեղն է, էդ էլ 40-նն անցին ընդունում չեն, մարդ կա՝ առողջությունը նորմալ չի, մարդ կա՝ իր ընտանիքի վիճակն էնպես է, որ քոռփա երեխա ունի, հիվանդ ծնող ունի, չի կարա 15 օր իր ընտանիքը թողնի, գնա պոստում մնա: Խի պարտադրելո՞վ է, որ անտառը փակեն, ստիպված գնան «նայոմնիկ»: Սաղի խելքն էլ հասնում է, ում պետք է՝ գնում է: Չգիտեմ, ես սրանից լավ հոտ չեմ առնում: Ժողովուրդը շատ վատ վիճակի մեջ հայտնվեց: Ընդամենը իրենց պայքարը նրա համար է, որ օլիգարխների չգիտեմ ինչեր, ա՛յ մարդ, օլիգարխը տուժիլ չի, նա էնքան փող ունի դիզած, վարչապետի ասած՝ սեւագործ բանվորը, որ աշխատում է, էլի տույժը նրա՛ն տի ըլի: Աշխատատեղ որ ստեղծեին, էլի գոնե … միանգամից սեզոնի կեսինը փակեցին, դե գնացեք ապրեցեք: Մարդիկ տխրած, ձեռները չանի տակ դրած՝ մտածում են, թե իրանց վաղվա օրը ո՞նց տի ըլի: Թե ոնց տի ըլի՝ Աստված գիտի»:
Մեր հարցին՝ բա ասում են, որ սոցիալապես անապահով ընտանիքների անվան տակ խոշոր բիզնեսմեններն են օգտվում անտառ հատելով, շատ քիչ տոկոս ընտանիքներ կան, որ դրա հույսին են՝ նա պատասխանեց. «Բիզնես են անում, թող նրանց արգելեն: Որ էն Կարմիր գրքում գրած ծառերով միլիոններ են շինում, միլիարդներ են շինում, մենք ի՞նչ անենք: Մամաս մի հատ լավ խոսք ուներ, ասում էր՝ մինչեւ կուշտը նիհարի, նիհարի հարիրն էլ կկտրի: Ոնց գցում-բռնում ես, էլի էս մեր խեղճ ժողովուրդն է արանքում տուժողը: Անտառը ամենաառաջինը ես կուզեմ չկտրեն, մեր բնությունն է: Մի քանի փեթակ եմ ունեցել, սաղ սատկել են, մի քանի հատ ձի ունեմ, բերում եմ պահում, երեխեքը սիրում, փայփայում, տանում եմ սար, մեկ էլ տենում եմ՝ հո՛պ, գելը կերավ, ինչի՞ շնորհքն է, անտառի կործանման: Եթե սաղ նորմալ անեն, ձին էլ լավ կլինի, բանվոր մարդն էլ լավ կապրի: Իմ ասածն էդ է, եթե ուզում են, ով չափից ավելի փռթել է, տարել է, թող նա մի քիչ խելոքանա՝ հերիք է, բայց մեր էս բանվոր դասակարգին մի՛ նեղացրեք, մեղք է էս ժողովուրդը: Կռվի ժամանակ հրացանը ձեռին, սեփական կյանքը մեջտեղ դրած, վառոդ-մառոդ ճարելով, «պատրոն զապրավկա» անելով՝ թուրքի առաջ են ելել, «պոստ» ու սահման պահել»:
Հիշեցնենք, որ Աչաջուր համայնքը 2015-ի կառավարության որոշմամբ հարկային արտոնությունից չի օգտվում՝ որպես սահմանամերձ համայնք, քանի որ այսպես ասած «կրակի տակ» հողեր չունի: Համայնքում 180 ընտանիք նպաստառուների ցուցակում է: Աչաջուրցի Մելսիկ Ալավերդյանը թոշակառու է, կնոջ հետ խանութ են աշխատեցնում, որ օրվա հացի փող անեն: Ասում են՝ պարտքերի ցուցակն աննկարագրելի մեծացել է, խանութից պարտքով են տանում անգամ սուրճը:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում կատարված այցելության ժամանակ։



















































