«Սա բաց հարթակ է: Այն ամենը, ինչ այստեղ հայտարարվում է, չպետք է վերագրվի Հայկական բնապահպանական ճակատին»,- Սարյան պուրակում «Ամուլսարի շահագործման թեմայով» հանրային քննարկման մեկնարկին հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը:
Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության անդամների և այն ընկերության հետ հանդիպմանը, որն ունի ցանկություն Ամուլսարում գործունեություն ծավալել և վարչապետի գրառմանը, ասաց. «Մենք հարցեր ունենք, որոնց պետք է պատասխանի ՀՀ քննչական կոմիտեն: Այսօր վարչապետը տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում որոշել են ամբողջ փաստաթղթերը, որ Քննչական կոմիտեն ունի, միջազգային կազմակերպության կողմից տրված, փոխանցեն բնապահպանության նախարարությանը, որ պարզեն՝ արդյոք կա՞ն հիմքեր դրական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել: Այս պահին տեղյակ չենք, թե հանձնաժողովին ինչքան ժամանակ է տրված դրա համար»:
Լևոն Գալստյանը կոչ արեց այն բոլոր հայ գիտնականներին, որ ունեն գիտելիք, ցանկություն ու կամք ուսումնասիրելու այդ նոր փաստաթղթերը, համեմատեն Լիդիանի՝ 2016-ին ներկայացրած փաստաթղթի հետ, և անճշտություններ հանդիպելու դեպքում ներկայացնեն բնապահպանության նախարարություն և կառավարություն: Նա նաև նշեց, թե նոր են տեղեկացել, որ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային քիմիայի ինստիտուտը, երբ ժամանակին Քննչականը դիմել էր եզրակացության համար, դոկտորական կազմով այն ժամանակ բացասական եզրակացություն է տվել: Մեկ այլ հարց ևս բարձրացրեց Լևոն Գալստյանը, որի մասին սպասում են Քննչական կոմիտեից պարզաբանում. «Քննչական կոմիտեն պետք է պարզաբանի՝ ո՞նց քրեական գործի շրջանակներում 2016-ին դրական եզրակացություն տված անձնավորությունները գիտեին, որ 2018-2019-ին պետք է նման փաստաթուղթ տային, որ հղում էին տալիս ապագայից: Այս կազուսն էլ պետք է հասկանալ: Այս ամենի հանրագումարն այն է, որ Թրանսփարենսի ինթերնեյշնըլ կազմակերպությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ իրենք դիմել են Քննչական կոմիտեին, որտեղ այդ նույն փաստարկներն է նշել, որ քննչական կոմիտեն ոչ մի հիմք չուներ հայտարարելու, որ ինքը կարճում է քրեական գործի վարույթը»:
Աննա Շահնազարյանն անդրադարձավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումներին. «Վրդովեցնող է, որ Տիգրան Ավինյանն ակտիվ լծված է Լիդիանի օգտին տարբեր գրառումներ անելուն: Այսօր կարծես թվային բաներ է գրել տնտեսության հետ կապված, բայց հանքարդյունաբերության խնդիրները բարձրաձայնելիս միշտ նշել ենք, որ թվեր ներկայացնելիս ներկայացնում են հանքարդյունաբերողների խոստացած և ոչ թե իրական թվեր»:
Կարդացեք նաև
Նա նաև խոսեց ջրերի մաքրման մասին՝ նշելով, որ դրանք ենթակառուցվածքներ են պահանջում: Նա նշեց, որ շատ մեծ տարբերություն կա ջրերի պասիվ մաքրման եղանակի և ակտիվ մաքրման եղանակի մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































