Քիչ առաջ Հայաստանի եվրոպական կուսակցության պատվիրակությունը Հայաստանում ՌԴ դեսպանատանը հանձնեց պահանջ, որպեսզի Խորհրդային Ռուսաստանի իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը չեղարկի, չեղյալ հայտարարի Լենին-Քեմալ՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրն այնպես, ինչպես անվավեր ճանաչվեց 1939 թվականի Մոլոտով- Ռիբենտրոպ պայմանագիրը:
Նշենք, որ 30 տարի առաջ այս օրը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում անցկացվեց «Բալթիկ ուղի» անվանումով զանգվածային ցույց` կազմելով պատմության մեջ աննախադեպ, ամենամեծ, 600 կիլոմետր երկարությամբ եւ 2 միլիոն մարդկանց մասնակցությամբ կենդանի շղթա Վիլնյուսից մինչեւ Ռիգա եւ այնտեղից մինչեւ Տալլին։ Դա Բալթիկ երեք հանրապետությունների անկախության երազանքի ու պահանջի ցույց էր եւ բողոք 1939-ի՝ այդ օրը Ստալինի եւ Հիտլերի միջեւ հանցավոր ու ապօրինի գործարքի դեմ, որի արդյունքում, այսպես կոչված «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի» գաղտնի պայմանավորվածությամբ ֆաշիստներն ու բոլշևիկները կիսեցին միմյանց մեջ Լեհաստանը եւ Բալթիկ պետությունները։
1991-ի ամռանը տապալվող ԽՍՀՄ-ն ընդունեց այդ գործարքի հանցավոր բնույթը եւ պաշտոնապես չեղարկեց այն:

Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ դրական հետևանք կունենա Հայաստանի համար այն, որ Ռուսաստանը չեղարկի Լենին-Քեմալ՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը. «Եթե անվավեր է ճանաչվում ռուս-թուրքական պայմանագիրը, որը հանցավոր է, քանի որ ընդունվել է առանց Հայաստանի մասնակցության, առավել ևս, որ ՀՀ-ն այդ ընթացքում ազատագրվեց Խորհրդային միությունից, փետրվարի 18-ին փետրվարյան ապստամբությունը հիսուն օրով վերականգնեց ՀՀ-ի պետականությունը, հետևաբար բոլոր պայմանագրերը, որոնք ընդունվել էին դրանից հետո, բոլոր օրենքները, տնտեսական և քաղաքական ակտերը, անվավեր են: Օրինակ՝ միանգամից այդ առումով իրավական տեսակետից լուծվում են Արցախի և Նախիջևանի հարցերը: Այսինքն՝ մենք չունենք որևէ տարածքային պահանջ, քանի որ մենք վերականգնել ենք մեր տարածքը Արցախում Առաջին Հանրապետության ոգով և տառով: Ադրբեջանն է, որը տարածքային պահանջներ ունի մեզ: Մենք այդ առումով չունենք: Նախիջևանն ուրիշ հարց է: Մենք ազատվելու ենք իրավական տեսակետից տնտեսական կախվածությունից Ռուսաստանից: Օրինակ՝ գազի գներին վերաբերվող, մեր հանքերի պատկանելությունը ռուսական կորպորացիաներին, կապի միջոցներին ռուսական ռազմաբազա և նման բոլոր հարցերը, որոնք առաջացել են և հիմնված են ապօրինի և հանցավոր պայմանագրի վրա, դրանք փաստորեն չեղարկվում են, և մեր հարաբերությունները պետք է հիմնվեն նոր, իրավահավասար հայ-ռուսական միջազգային իրավունքներին համապատասխանող պայմանագրի վրա: Այդպես գործեցին բալթյան երկրները և հասան արդյունքի: Խորհրդային Միությունը 1991-ին ընդունեց այդ պայմանագրի հանցավոր բնույթը, դուրս բերեց այնտեղից զորքերը, և բալթյան երկրների հետ Ռուսաստանը կնքեց ուղիղ երկկողմանի պայմանագիր: Դրան ձգտում ենք նաև մենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ա1+»-ի


















































