Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջ ՌԴ դեսպանատանը. փոխանցել Կրեմլին՝ չեղյալ հայտարարել Լենին-Քեմալ՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը

Օգոստոս 23,2019 17:35

Քիչ առաջ Հայաստանի եվրոպական կուսակցության պատվիրակությունը Հայաստանում ՌԴ դեսպանատանը հանձնեց պահանջ, որպեսզի Խորհրդային Ռուսաստանի իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը չեղարկի, չեղյալ հայտարարի Լենին-Քեմալ՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրն այնպես, ինչպես անվավեր ճանաչվեց 1939 թվականի Մոլոտով- Ռիբենտրոպ պայմանագիրը:

Նշենք, որ 30 տարի առաջ այս օրը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում անցկացվեց «Բալթիկ ուղի» անվանումով զանգվածային ցույց` կազմելով պատմության մեջ աննախադեպ, ամենամեծ, 600 կիլոմետր երկարությամբ եւ 2 միլիոն մարդկանց մասնակցությամբ կենդանի շղթա Վիլնյուսից մինչեւ Ռիգա եւ այնտեղից մինչեւ Տալլին։ Դա Բալթիկ երեք հանրապետությունների անկախության երազանքի ու պահանջի ցույց էր եւ բողոք 1939-ի՝ այդ օրը Ստալինի եւ Հիտլերի միջեւ հանցավոր ու ապօրինի գործարքի դեմ, որի արդյունքում, այսպես կոչված «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի» գաղտնի պայմանավորվածությամբ ֆաշիստներն ու բոլշևիկները կիսեցին միմյանց մեջ Լեհաստանը եւ Բալթիկ պետությունները։

1991-ի ամռանը տապալվող ԽՍՀՄ-ն ընդունեց այդ գործարքի հանցավոր բնույթը եւ պաշտոնապես չեղարկեց այն:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը տեղեկացրեց՝ այսօր կազմակերպվեց նաև գիտաժողով, որի նպատակն էր ցույց տալ, որ պակտն ուղիղ նախադեպ ունի. դա Լենին-Քեմալ 1921 թվականի համաձայնագիրն է. «Ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային Ռուսաստանը 1991-ին ճանաչեց Մոլոտով –Ռիբենտրոպ պայմանագիրն ապօրինի, մենք պահանջելու ենք, որ նույնը կատարի նաև Լենին-Քեմալ՝ 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրի վերաբերյալ, որպեսզի մեր իրավունքները Առաջին Հանրապետության վերականգնվեն հենց սկսած 1921 թվականի կարգավիճակից: Այսինքն՝ մենք օգտագործում ենք այս առիթը, որ ստեղծենք իրավական նախադեպ, քանի որ միջազգային իրավունքն առաջնորդվում է նախադեպի սկզբունքով: Մենք դիտում ենք այն հանգամանքը, որ 1991-ին Խորհրդային Միությունը չեղարկեց ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը, որպես նախադեպ մեր դեպքի համար: ՀՀ-ն էլ ավելի մեծ հիմքեր ունի, քան Բալթյան երկրները և Լեհաստանը պահանջելու, որ ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագիրը ճանաչվի ապօրինի, հանցավոր և չեղարկվի: Դա շատ մեծ քաղաքական և միջազգային հետևանքներ է ունենալու: Դա առանձին խոսակցության թեմա է, և մենք դրան առանձին գիտաժողով ենք նվիրել, որին մասնակցում էին բալթյան երեք երկրների ներկայացուցիչներ՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ դրական հետևանք կունենա Հայաստանի համար այն, որ Ռուսաստանը չեղարկի Լենին-Քեմալ՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը. «Եթե անվավեր է ճանաչվում ռուս-թուրքական պայմանագիրը, որը հանցավոր է, քանի որ ընդունվել է առանց Հայաստանի մասնակցության, առավել ևս, որ ՀՀ-ն այդ ընթացքում ազատագրվեց Խորհրդային միությունից, փետրվարի 18-ին փետրվարյան ապստամբությունը հիսուն օրով վերականգնեց ՀՀ-ի պետականությունը, հետևաբար բոլոր պայմանագրերը, որոնք ընդունվել էին դրանից հետո, բոլոր օրենքները, տնտեսական և քաղաքական ակտերը, անվավեր են: Օրինակ՝ միանգամից այդ առումով իրավական տեսակետից լուծվում են Արցախի և Նախիջևանի հարցերը: Այսինքն՝ մենք չունենք որևէ տարածքային պահանջ, քանի որ մենք վերականգնել ենք մեր տարածքը Արցախում Առաջին Հանրապետության ոգով և տառով: Ադրբեջանն է, որը տարածքային պահանջներ ունի մեզ: Մենք այդ առումով չունենք: Նախիջևանն ուրիշ հարց է: Մենք ազատվելու ենք իրավական տեսակետից տնտեսական կախվածությունից Ռուսաստանից: Օրինակ՝ գազի գներին վերաբերվող, մեր հանքերի պատկանելությունը ռուսական կորպորացիաներին, կապի միջոցներին ռուսական ռազմաբազա և նման բոլոր հարցերը, որոնք առաջացել են և հիմնված են ապօրինի և հանցավոր պայմանագրի վրա, դրանք փաստորեն չեղարկվում են, և մեր հարաբերությունները պետք է հիմնվեն նոր, իրավահավասար հայ-ռուսական միջազգային իրավունքներին համապատասխանող պայմանագրի վրա: Այդպես գործեցին բալթյան երկրները և հասան արդյունքի: Խորհրդային Միությունը 1991-ին ընդունեց այդ պայմանագրի հանցավոր բնույթը, դուրս բերեց այնտեղից զորքերը, և բալթյան երկրների հետ Ռուսաստանը կնքեց ուղիղ երկկողմանի պայմանագիր: Դրան ձգտում ենք նաև մենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031