ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Խուզարկվում են նաեւ նրա հետ կապ ունեցող այլ անձանց պատկանող տարածքներն ու առանձնատները:

Նա նաեւ ասաց, որ վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, տարածքներում: «Դեռեւս շարունակվում է խուզարկությունը, դրա ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ: Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով: Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով, դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը:
Նա հավելեց, որ խուզարկության հետ կապված որեւէ բան չի կարող ասել, որովհետեւ դա նախաքննության գաղտնիք է: Արթուր Վանեցյանի խոսքով՝ երբ ժամանակը կլինի, ամբողջովին կհրապարակվեն բոլոր մանրամասները:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































