«Դեռեւս մեկ տարի առաջ «Նաիրյան վոկալ անսամբլը» կանգնեց Ամուլսարի հանքի շահագործման խնդրով մտահոգ մարդկանց կողքին: Մենք որոշեցինք համերգ ունենալ ու լսելի դարձնել «Պահպանենք Ամուլսարը» կոչը: Ջերմուկ քաղաքի կենտրոնում բացօթյա մենահամերգ ունեցանք»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Մուղդուսյան արվեստի կենտրոնի համահիմնադիր, «Նաիրյան» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը:
Նաեւ հավելեց, որ երբ իրավիճակը կրկին սրվել է, անսամբլը նաեւ ժեստերի լեզվով է ուղերձներ հղել՝ «Պահպանենք Ամուլսարը». «Քանի որ ժեստերով երգելը մեր ուղղությունն էր, ցանկացանք, որ այդ ուղերձն էլ ժեստով ներկայացնենք: Ջերմուկից բացի նաեւ Ամուլսարի «պոստերում» էինք ողջունում տղաներին, մեզ համար շատ ոգեւորիչ էր, որ մարդիկ իրենց կյանքի որակի գնով կարողանում են ինչ-որ հարցեր բարձրացնել»:
Նաիրայի ձեւակերպմամբ՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնում միշտ էլ ողջունվել է ներառականությունը: «Մենք ունեինք լսողության խնդիրներով սաներ: Նրանք կարծեք իրենց ներկայությամբ բերեցին այն մտքին, որ երգերը նաեւ ժեստերի լեզվով ներկայացնենք: Իհարկե, մտահղացումը Մարիամ Մուղդուսյանինն էր: Նա առաջարկեց, որ մեր համերգներից մեկը թարգմանվի ժեստերի լեզվով, ինչ նպատակով էլ հրավիրեցինք մասնագետի, որը զուգահեռաբար մեր երգերը թարգմանում էր: Երբ տեսանք, թե այդ լեզուն ինչպես է ներկայացվում, ինչքան պատկերավոր է եւ տպավորիչ է դառնում երգը` ժեստերի հետ զուգահեռ, որոշեցինք, որ մենք եւս պետք է սովորենք ժեստերի լեզուն եւ երգերը վերծանենք այդ լեզվով: Սկզբում չէինք պատկերացնում բարդության աստիճանը, որովհետեւ մենք հինգ աղջիկներով բազմաձայն երգող խումբ ենք, բոլորս տարբեր ձայներով: Պատկերացրեք ալտերի ձայնաբաժնում երգող աղջիկների համար որքան դժվար է ցույց տալ միայն մեղեդու ձայնաբաժինը: Դա մեզանից մի քանի անգամ շատ կենտրոնացում էր պահանջում»,- հավելեց մեր զրուցակիցը: Ապա ընդգծեց. «Ես գտնում եմ, որ մարդուն պետք է ավելի շատ ներառել սոցիալ-մշակութային կյանքում: Կարեւոր է նաեւ այն, որ ժեստերի լեզվի կիրառումից չպետք է տուժի մեղեդին»:

Կարդացեք նաև
«Այս տարի նախարարությունը դրամաշնորհի մրցույթ էր հայտարարել: Մենք նախարարությանը ներկայացրինք գաղափարը, որ ցանկանում ենք, որ ազգային դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները թարգմանվեն ժեստերի լեզվով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ծրագրին հավանություն տվեց եւս 6 ամսով: Այս պահի դրությամբ «Նաիրյան» վոկալ անսամբլը տեսակով եւ առանձնահատկությամբ միակն է տարածաշրջանում, իրենք երգում են բազմաձայն ստեղծագործություններ` դրանք վերծանելով ժեստերի լեզվով»,-փաստեց Մարիամ Մուղդուսյանը: Նաիրան էլ հավելեց, որ իրենց համար անչափ կարեւոր է երգացանկը, հիմնականում Կոմիտասյան երգերի վրա են շեշտը դրել: Ու քանի որ տարին կոմիտասյանն է, իրենք Կոմիտասի 150-ամյակի շրջանակներում որպես խումբ փորձում են իրենց ձեւով ներկայանալ:
Ընդհանրապես անսամբլը երգում է բազմաձայն, ակապելլա, ունի կատարումներ, որ նվագակցում են կլարնետով, դափով եւ երաժշտական այլ գործիքներով, որոնք կատարում են հենց իրենք՝ աղջիկները։ Անսամբլը նաեւ հաճախ ելույթ է ունենում տարբեր հանրային վայրերում, իրականացնում ֆլեշմոբեր, որոնց հիմնական նպատակը հենց կոմիտասյան եւ հայ ավանդական երաժշտությունը հանրաճանաչ դարձնելն է։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են
Նաիրա եւ Մարիամ Մուղդուսյանները
«Առավոտ» օրաթերթ
29.08.2019


















































