Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «բիթլերի» ճակատագիրը

Օգոստոս 30,2019 13:30

Ինչու երբեւէ չի ցուցադրվել «Երազողներ» բացառիկ ֆիլմը

Ըստ ժողովրդական ասացվածքի. «Աստված, որ ուզում է աղքատին ուրախացնել, էշը կորցնում է, հետո գտնել է տալիս»: Վերջին երեք տասնամյակում բազում փորձություններով անցավ մեր մշակութային կյանքը: Երկար թվարկելիք ցանկից բերենք միայն 1990-ականներին Ռադիոյի եւ հեռուստատեսության ոսկե ֆոնդից անհետացած, ինչպես ասում են՝ «ցրտից փչացած», «տեխնիկապես մաշված», «կորած» ու «թրջված» կամ ուղղակի անհասկանալի պատճառներով անհետացած շատ ձայնա ու տեսագրություններ, որոնք բացառիկ էին եւ որոնք, ցավոք, հիմա չկան ու չեն կարող այլեւս վերականգնվել: Շատերը ժամանակի վրա են գցում մեղքը, շատերը՝ ինչ-ինչ հանգամանքների, իսկ որոշ մարդիկ էլ մեղքը գցում են պարզապես գործի հետ կապ չունեցող անմեղ մարդկանց վրա:

Անհետ կորածների թվում էր նաեւ խորհրդային երկրում առաջինններից մեկը մեզ մոտ ձեւավորված «Երազողներ» վոկալ գործիքային անսամբլի, 1969թ. «Երեւան» կինոստուդիայում նկարահանված (կինոռեժիսոր՝ Անատոլի Մոկացյան) ֆիլմը: Եվ կես դար հետո միայն՝ վերջերս, այն հայտնվեց, ինչն իրարանցում է առաջացրել սոցցանցերում: Օգտատերերի գերակշիռ մասը ֆիլմում հանդես եկող երաժիշտներին որակելով հայկական բիթլեր, ուզում է անուն առ անուն իմանալ իրենց ժամանակի այդ հինգ խիզախներին: Վերջիններից ճանաչել են միայն կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին:

«Առավոտը» կապվեց մաեստրոյի հետ: Մեր զրուցակիցը հայտնեց, թե «Երազողները» երբեք չի ցուցադրվել հեռուստատեսությամբ: Պատճառաբանությունն այն է եղել, թե աղավաղում են մեր երգերը: Առանց մանրամասնելու էլ ասաց, որ ֆիլմի որոնման խնդրանքով շուրջ երկու տարի առաջ է դիմել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին: Եվ դարձյալ առանց մանրամասնելու նշեց, թե ֆիլմն իսկույն գտնվեց: «Մեր ժամանակներում, երբ ժողովրդական նվագարանները, այդ թվում՝ դուդուկը, զուռնան, հնչում են դասական եւ երաժշտարվեստի այլ ժանրերի ստեղծագործություններում, հեղինակներն առաջինը լինելու հանգամանքը իրենց են վերագրում: Ինչ վերաբերում է նրան, որ մենք՝ «Երազողներ» բենդի երաժիշտներս, տարված էինք «Բիթլզ» քառյակի արվեստով, դա այդպես էր: Աշխարհն էր տարված… Բայց մեր ֆիլմում «Բիթլզից» ընդամենը մեկ երգ է: Գերակշռում են հայկական ֆոլք երաժշտության նմուշները եւ կոմիտասյան ստեղծագործությունները, իհարկե, դրանց մշակումներն ու փոխադրությունները: Իսկ ֆիլմը սկսվում է «Մեր սրտերը» երգով, որի հեղինակն է գործընկերս՝ երջանկահիշատակ Ստեփան Շաքարյանը, որն, ի դեպ, «Երազողների» երկրպագուն էր…»:

Զրույցի ընթացքում պարոն Երզնկյանը տեղեկացրեց, որ «Երազողներ» վոկալ գործիքային անսամբլը հիմնվել է 1965թ., երաժիշտները Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներն էին. բաս կիթառ՝ Երվանդ Երզնկյան, սոլո կիթառ՝ Հակոբ Պետրոսյան, կիթառ եւ վոկալ՝ Հրայր Կոտոյան, հարվածային գործիքներ՝ Արմեն Զաքարյան եւ երգիչ՝ Զավեն Սարգսյան:

Մեր զրուցակցին՝ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ավելի քան 30 տարիների գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին խնդրեցինք տեղեկացնել, թե ինչ ընթացք ունեցավ «երազող երաժիշտների» կյանքը. «Երջանկահիշատակ Հակոբը տարիներ շարունակ ԱՕԿՍ-ի լուսանկարիչն էր, Հրայրը լրագրող է, ներկայում ապրում է Սան-Դիեգոյում, Արմենը երկար տարիներ էստրադային սիմֆոնիկ նվագախմբի «ուդառնիկն» էր, այժմ Լոնդոնում է, իսկ Զավենը, որը հիանալի լուսանկարիչ է, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենն է»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝
Զավեն Սարգսյանի արխիվից:

«Առավոտ» օրաթերթ
29.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031