Հայերս շատ ենք սիրում ջազ, և մեր երկրում այն ունի հարուստ ու հին պատմություն: Երևանը վաղուց հայտնի է իր ջազային մշակույթով ու ակումբային կյանքով:
Իսկ Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից: Արդեն 1930-ականներին հայտնվեցին անսամբլներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ: Ամենահայտնին Ցոլակ Վարդազարյանի նվագախումբն էր, որը ելույթներ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում: Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը համարվում է 1938 թ. կազմավորված Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանի ղեկավարությամբ:
Կարդացեք նաև
1950-60-ական թվականներին խորհրդային Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ Լևոն Մալխասյանի ջազ-քառյակի, Արմեն Թութունջյանի, Արթուր Աբրահամյանի, Ալեքսանդր Զախարյանի և մյուսների շնորհիվ, որոնք հանդես էին գալիս ոչ միայն Երևանում, այլև մասնակցում էին համամիութենական փառատոներին: 1970-ականների սկզբից իրենց արվեստն էին ներկայացնում նոր տաղանդավոր երաժիշտներ Դավիթ Ազարյանն ու Արտաշես Քարթալյանը, Բորիս Անդրեասյանը, Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը և այլն: Այդ տարիներին էր, որ խորհրդային միությունը ցնցեցին երգչուհիներ Էլվինա Մակարյանը, Զառա Տոնիկյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը:
Կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Խորհրդային Միությունում և առաջինն էր ջազ նվագախմբերից, որ հյուրախաղերով մեկնեց ջազի հայրենիք՝ ԱՄՆ: Հայկական ջազի համառոտ այս կենսագրական տեղեկությունը կարելի է շարունակել, բայց գանք մեր ժամանակներ:
Aravot.am-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում հայաստանյան ջազային կյանքը՝ ներկայացնելով կամ անդրադառնալով հայկական ջազի խորհրդանիշ Լևոն Մալխասյանի, ջազային դաշնակահարներ, կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Գարի Քյոսայանի, Վահագն Հայրապետյանի, Տիգրան Համասյանի արվեստին:
Իսկ Yerevan Jazz Fest-ը՝ ամենամյա միջազգային փառատոնը, համախմբում է մերօրյա և արտասահմանցի հայտնի երաժիշտներին: Մեր ուշադրության կենտրոնում են հայտնվում նաև նոր ստեղծված, կազմավորված ջազային անսամբլները:
Վերջերս օպերայի տանիքում հանդես եկավ Arm.Strong Orchestra-ն՝ «Սովետ Jazz» համերգային ծրագրով՝ միավորելով խորհրդային ջազի լավագույն ստեղծագործությունները ժամանակակից երաժշտական շնչով: Մեր առաջին հանդիպումն էր այս կոլեկտիվի հետ, որը հիմնվել է 2020 թ., թեև հետևել ենք նրանց գործունեությանը և հիշում ենք հենց հիմնադրման տարում նկարահանված ամենաառաջին տեսահոլովակը՝ «New Year Dixie»-ն:
Մեզ հետ կարճ զրույցում խմբի հիմնադիր, պրոդյուսեր, շեփորահար Լևոն Այվազյանը նախ նշեց, որ Arm.Strong Orchestra-ի գեղարվեստական ղեկավարն է Դավիթ Գեոդակյանը, հետո ասաց.
«Մեր նպատակն է ներկայացնել հայ անվանի կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Ալեքսանդր Աճեմյանի և մյուսների ստեղծագործությունները: Համագործակցում ենք ճանաչում ձեռք բերած ջազային այնպիսի ստեղծագործողների հետ, ինչպիսիք են Վահագն Հայրապետյանը, Արթուր Սաթյանը և այլն: Մասնակցել ենք ջազային փառատոներին, Կամերային երաժշտության տանը հանդես ենք եկել՝ ներկայացնելով հանրահայտ ու սիրված ֆիլմերի երաժշտություն: Պատրաստվում ենք աշնանը դարձյալ օպերայի տանիքում ներկայանալ Ռեյ Չարլզ ծրագրով, որին կհաջորդի Նյու-Օռլեանի ժամանակների երաժշտության ընտրանին: Առայժմ այսքանը»:
Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ է խումբը կրում Arm.Strong Orchestra անունը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Խմբի անունը կարելի է երկակի ընկալել. Arm.Strong՝ թարգմանաբար «հայկական ուժեղ» կամ լեգենդար ջազմեն Արմսթրոնգ»:
Հավելեց նաև՝ անուն առ անուն հնչեցնելով խմբի երաժիշտների անունները՝ շեփորահարներ Լևոն Այվազյան և Հայկ Գրիգորյան, սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյան, տրոմբոնահար Կարեն Սարգսյան, կիթառահար Արամ Ծատուրյան, դաշնակահար Ռաֆայել Պետրոսյան, երգիչներ Անուշ Բադալյան, Տիգրան Քախվեյջյան:
Մենք էլ հավելենք, որ կայացած համերգի հատուկ հյուրն էր ճանաչված օպերային երգիչ Գուրգեն Բավեյանը:
Ինչ վերաբերում է կայացած երեկոյի «Սովետ Jazz» խորագրին, ինչպես վերևում նշեցինք, հնչեցին ոչ միայն սովետահայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ջազային տարբերակով, այլև ռուս, օրինակ՝ Ալեքսանդր Զացեպինի:
Մի բան էլ՝ խորհրդային ջազը սկսել է ի հայտ գալ 1920-ականների սկզբներին, երբ արևմտյան մշակույթը թափանցում էր Ռուսաստան: Իսկ առաջին ջազ-անսամբլը ստեղծվել է Մոսկվայում 1922 թ. բանաստեղծ և պարուսույց Վալենտին Պարնախի կողմից, որն, ի դեպ, Փարիզից իր հետ բերել էր ձայնասկավառակներ և նոտաներ:
Ապա հաջորդեց ՌՍՖՍՀ առաջին էքսցենտրիկ ջազ նվագախմբի համերգը ԳԻՏԻՍ-ում, որն, ինչպես ներկայացվում է, իսկական սենսացիա էր այդ ժամանակահատվածում, քանի որ ջազն ընկալվում էր որպես մոդեռնիզմի, նորարարության ու ազատության ոգու երաժշտություն, և դրա կատարումը համատեղվում էր պարաոճերի՝ ֆոքստրոտի, չարլստոնի հետ:
Սամվել Դանիելյան
Լուսանկարները՝ օպերայի տանիքում կայացած Arm.Strong Orchestra-ի համերգից


























































