«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն կրում էր «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը:
Երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, և երեկոյին ներկայացվում էին մեր օրերի դասականի ստեղծագործությունները: Ի դեպ, Մանսուրյանը ևս ներկա էր համերգին:

Կարդացեք նաև
«Ինձ համար մեծ հպարտություն է կրկին լինել Արցախում: Արցախում մենք շատ ենք եղել՝ երգել Գանձասարում, Ամարասում, ինչպես նաև մասնակցել տարբեր փառատոների: Առաջիկայում նախատեսում ենք մի քանի ծրագրեր կյանքի կոչել Արցախում: Պետք է խոստովանեմ, որ այստեղի հանդիսատեսը լուրջ է, գրագետ և սրտաբուխ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:

Համերգը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ:
Հայաստանի պետական կամերային երգչախումբ



















































