Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի ավարտվի կիսատ թողած երգը

Սեպտեմբեր 09,2019 00:07

«… Հիշեցնենք, որ ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում տեղի ունեցավ ավտովթար, որի արդյունքում երկու երիտասարդ  զոհվեց»՝ սիրված դերասանի մասին ցանկացած հրապարակման վերջում, անկախ այն բանից՝ ինչի՞ մասին է այդ հրապարակումը՝ նրա ստեղծագործական գործունեության, հանդիպումների, թե մեկ այլ բանի՝ գրված է լինում այս պարբերությունը: Վարդան Պետրոսյանի համար կարծես չի գործում մոռացված լինելու իրավունքը: Եվ նա ինքն էլ շատ լավ հասկանում, գիտակցում է դա. այն, ինչ հնարավոր է շարքային քաղաքացու դեպքում՝ անհնարին է դառնում հանրային հռչակ ունեցող մարդու պարագայում: Ինչպե՞ս ապրել այս բեռով, ինչպե՞ս ապրել հասկանալով, որ ճակատագրի հարվածից վայրկյանների ընթացքում փոխվեց ոչ միայն քո, քո հարազատների կյանքը, այլեւ բազմաթիվ այլ մարդկանց, իսկ նրանցից երկուսն անդառնալիորեն հեռացան երկրային կյանքից: Մոռանա՞լ, փակվե՞լ, կոտրվե՞լ, ի՞նչ անել…

Դեպքից արդեն վեց տարի է անցել, վեց տարի, որից երկուսը Վարդան Պետրոսյանն անցկացրել է փակ ռեժիմի կալանավայրերում՝ կալանավորների հիվանդանոցում եւ Նուբարաշենի բանտում, իսկ 2015 թ.-ի վերջից մինչեւ 2017 թ.-ը սկիզբը պատիժը կրում էր բաց ռեժիմով: Սակայն 2013-ի դժբախտ պատահարը դեռ բաց չի թողել սիրված դերասանին, եւ պարզ չի՝ երբեւէ կթողնի՞, թե՞ ոչ: Վերադարձը մեծ բեմ՝ առանց այդ դեպքին անդրադարձի, թերեւս հնարավոր չէր: Իրականությունից, ինքդ քեզնից, քո ապրած կյանքից, քեզ հարված հասցրած ճակատագրից չես կարող փախչել, պետք է առերեսվել նրա հետ, առերեսվել բաց եւ բարձր տեքստով, այնպես ինչպես անում է այսօր Վարդան Պետրոսյանը: «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացումը, որն այս օրերին անշլագով ընթանում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում, Վարդան Պետրոսյանի առերեսումն է, խոնարհությամբ իրեն բաժին հասածի ընդունումն է այնպես, ինչպես այն կա: Նա պատմում է բանտում, դատարանում անցկացրած օրերի մասին, պատմում տեղ-տեղ հուզմունքով, տեղ-տեղ հումորով, տեղ-տեղ ծաղրով, տեղ-տեղ՝ սիրով՝ իր կալանավոր ընկերների հանդեպ, որոնք, անկախ այն բանից, թե ինչու եւ ինչպես են հայտնվել բանտում, մարդ են՝ իրենց մարդկային տարբեր որակներով, սրտացավությամբ, տարբեր թերություններով եւ բազում առավելություններով հանդերձ՝ ընդ որում՝ իրավական համակարգի որոշ ներկայացուցիչների համեմատ՝ միայն առավելություններով: Պատմում է՝ կերտելով քննիչի եւ դատավորների, դատախազների եւ բժիշկների, կալանավորների եւ բանտապահների կերպարները, ներկայացնում կալանավայրերի իրավիճակը, խոսում իր ապրումներից, գոռում՝ հուսահատությունից եւ լույս աշխարհ դուրս գալու ուրախությունից՝ միախառնված այդ լույս աշխարհում կրկին հայտնվելու վախին: Պատմում է՝ դատարկելով իր մեջ կուտակվածը, պատմում է՝ հույսով, որ մի օր այդ բեռից կթոթափվեն իր ուսերը, պատմում է, որովհետեւ չի կարող չպատմել այն մասին, ինչի մասին իրեն հիշեցնում են ցանկացած հրապարակման մեջ, որտեղ կա «դերասան Վարդան Պետրոսյանը» բառերը…

Ներկայացումը դեռ չսկսված՝ հանդիսատեսը հոտընկայս ծափահարություններով է ընդունում սիրված դերասանին, որին կարոտել էր, եւ զգացվում է, պարզ է, որ դերասանն էլ կարոտել է բեմն ու իր հանդիսատեսին: Ծափահարությունները պարբերաբար թնդում են դահլիճում, որովհետեւ Վարդան Պետրոսյանի հայտնած մտքերը ծափերով շեշտելու անհրաժեշտություն է առաջանում, իսկ երբեմն էլ նրա կերտած կերպարներն են այնքան ծանոթ ու շոշափելի, որ առանց ծափերի հեղեղի՝ դժվար է դրանց կողքով անցնել: Եվ ներկայացման ավարտին էլ հանդիսատեսը երկար ժամանակ չի թողնում դերասանին, որովհետեւ ինչպես Վարդան Պետրոսյանը գիտի, այնպես էլ հանդիսատեսը հասկանում է, որ պետք է ավարտել կիսատ թողած երգը՝ նոր երգեր գրելու համար:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30