Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «պեղել» սիթքոմի մարդկանց

Սեպտեմբեր 09,2019 12:30

Հարցազրույց ռեժիսոր, պրոդյուսեր Հարություն Խալաֆյանի հետ

– Դուք հայկական հեռուստատեսությունում սիթքոմի (իրավիճակային կոմեդիա) առաջին ռեժիսորներից եք: Ձեր «Տնփեսա» եւ «Դոմինո» շարքերը բարձր վարկանիշ ունեցան: Մինչ այդ ժանրին անդրադառնալը՝ հաջողություններ էիք գրանցում տեսահոլովակների, տոնական հաղորդումների իրականացմամբ: Բարդ չէ՞ր լուրջ ոլորտից հետո գալ «ծիծաղի դաշտ»:

– Ցանկացած արվեստագետ ոլորտի փոփոխության դեպքում հանդիպում է որոշ բարդությունների, իմ պարագայում դրանք հաղթահարելը այնքան բարդ չէր, քանի որ առաջին սիթքոմի՝ «Տնփեսա»-ի դեպքում ստացվեց այնպես, որ համագործակցեցի ընկերներիս, այդ թվում՝ դերասաններ Մկրտիչ Արզումանյանի, Հովհաննես Ազոյանի, Վահագն Գալստյանի, Լուսինե Արշակյանի եւ մյուսների հետ: Իսկ մինչ «Տնփեսան», ստեղծագործական խմբի որոշ անդամների հետ ոչ միայն մտերիմ եմ եղել, այլեւ միասին, թեկուզ ոչ երկար, բայց ստեղծագործական ճանապարհ ենք անցել: Օրինակ՝ 2004-ից համագործակցել եմ «Կարգին» ստուդիայի հետ, հանդես գալով իբրեւ ադմինիստրատիվ խմբի աշխատող եւ քասթինգ մենեջեր: Եղել եմ նաեւ դրամատիկ մի քանի սերիալներում՝ «Դժբախտ երջանկություն», «Հրեշտակների դպրոց», «Կյանքի կարուսել» եւ, ինչպես ընդունված է ասել՝ այդ «օճառային օպերաներից» անցումը հումորային նախագծերին, որպես ռեժիսոր, նախեւառաջ ենթադրում էր, որ առաջինը ես, ելնելով սցենարից, պետք է փորձեմ գտնել մի այնպիսի սուր անկյուն կամ անկյուններ, որ հեռուստադիտողի մոտ կառաջացնի հետաքրքրություն, ծիծաղ: Նման խնդիր էի դրել իմ առջեւ ու մինչ օրս էլ փորձում եմ այն հաղթահարել: Ընդ որում՝ նաեւ կյանքում զուգահեռներ անցկացնելով իրականության եւ ստեղծագործականի միջեւ:

– Դժվար չէ՞ր մի քանի եթերաշրջան ծիծաղ ապահովել, ինչն, ի դեպ, գոնե ձեր երկու սիթքոմներում միանշանակ հաջողվել է: Եվ դժվար չէ՞ր «պեղել» սցենարիստներ եւ արտիստներ:

– Դա ամենալուրջ խնդիրն է: Ինքս մշտապես կապի մեջ եմ եղել սցենարիստների հետ, որպեսզի նախ համոզվեմ՝ կարո՞ղ եմ այն, ինչ գրված է, ըստ արժանվույն ներկայացնել: Դե, դա աշխատանքային ընթացք է, եւ եկել ենք ընդհանուր հայտարարի: Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, այդ հարցում մինչ օրս էլ ունեմ խնդիրների հասնող դժվարություններ: Օրինակ՝ կան վաստակաշատ դերասաններ, որոնց երբ առաջարկում ես մասնակցել ընդամենը մեկ կամ երկու սերիայի, միանգամից հրաժարվում են, համարելով դա իրենց համար ոչ լուրջ առաջարկ: Սա միակ խնդիրը չէ: Նույն վաստակավորներից ոմանք էլ գտնում են, թեեւ դա իրենց իրավունքն է, որ ոչ պրոֆեսիոնալ դերասանների ընկերակցությամբ հանդես գալը, նույնիսկ անկախ հոնորարի չափից՝ պատիվ չի բերում իրենց: Հիմնականում դա է պատճառը, որ ստիպված ենք ժամանակ առ ժամանակ աշխատել ոչ դերասանների հետ: Ունենալով դերասանի մասնագիտացում, իմ ներսում հասկանում եմ նրանց, երբեմն էլ՝ արդարացնում: Անկախ որեւէ պատճառից, յուրաքանչյուրը պետք է զբաղվի ի՛ր գործով:


– Երբ հայկական հեռուստաշուկա մուտք գործեցին սերիալները, նույն վաստակավոր դերասանները, մեղմ ասած՝ քարկոծում էին: Մինչդեռ վաղուց «դրսում», մասնավորապես ԱՄՆ-ում, հոլիվուդյան աստղերն են ընդունում առաջարկներ ու նկարահանվում սերիալներում: Նաեւ հայ հեռուստադիտողի բարձր գնահատականին արժանացած ռուսաստանյան «Բրիգադա» սերիալում նկարահանվելուց հետո միայն Սերգեյ Բեզռուկովին շնորհվեց ժողովրդական արտիստի կոչում: Հիմա արդեն սերիալների հանդեպ վերաբերմունքը փոխվել է, նույն վաստակավորներից շատերը, առանց չափազանցության, երազում են սերիալներից հրավերներ ստանալ: Այս առիթով ժողովրդի մոտ հետեւյալ կարծիքն է ստեղծվել, թե ճանաչվածների կամ վաստակավորների նման հետաքրքրությունը կապված է բարձր վարձատրության հետ:

– Միանշանակ՝ ո՛չ: Վաստակավոր շատ արտիստներ այսօր էլ մերժում են հրավերները: Պատճառները տարբեր են. գուցե սցենարը, կերպարը… չի գոհացնում կամ՝ հնարավոր է, ասենք՝ ժամանակի առումով զբաղվածությունը թատրոններում…

– Կներեք, միամիտ բան ասացիք: Այսօր շատ թատրոններում եւ զբաղված, եւ չզբաղված դերասաններն են բողոքում իրենց անգործությունից:

– Առանց մեկնաբանության…

– Վերադառնանք սիթքոմներին. հետաքրքիր է՝ ե՞րբ է որոշում կայացվում, օրինակ, մի քանի եթերաշրջան հաջողություն ունեցող աշխատանքը փակել կամ նորը սկսել: Գուցե որոշ դեպքերում որոշակի թվով հեռուստահանդիսատեսի շրջանում անցկացվում է մոնիթորի՞նգ…

– Սիթքոմների, նաեւ հեռուստասերիալների դեպքում, մինչ նկարահանումներին անցնելը վերլուծում ենք սյուժեն, դրամատուրգիական կառուցվածքը, եւ միայն դրանից հետո հասկանալի է դառնում ոչ միայն առաջին, նույնիսկ հաջորդ՝ 2-րդ, 3-րդ եթերաշրջաններում տվյալ նախագծի պահանջարկը՝ «կյանքի տեւողությունը»:

– Իսկ հեռուստադիտողի կարծիքը կամ պահա՞նջը…

– Յուրաքանչյուր հաջողված բան ունենում է ավարտ:

– Չե՞ք պատրաստվում ներկայանալ ձեր առաջին՝ դերասանի մասնագիտությամբ, ձեր իսկ սիթքոմներում:

– Չի բացառվում:

– Այս պահին ի՞նչ նոր նախագիծ եք ծրագրել կամ սկսել:

– «Տնփեսայի» փորձառու եւ լուրջ սցենարական խմբի մասնագետների հետ նախաձեռնել ենք նոր աշխատանք: Այսքանը:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
7.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    «Դոմինոն» շատ անհաջող է արված:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30