Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագիծը: Նախնական տարբերակով՝ այն 93 էջանոց հիմնավորումներ ուներ, լրամշակման արդյունքում դարձրել են 76: Ըստ նախագծի, Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում կատարելու հիմքով պետք է զրկվի իր լիազորություններից: Խոսքը ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշման հիման վրա վարույթ ընդունված Քոչարյանի հայտնի գործի քննության ընթացքում թույլ տրված խախտումների մասին է: Այդ որոշումից հետո ՍԴ-ն կայացրել է թիվ ՍԴԱՈ-60 աշխատակարգային որոշումը, որով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին հեռացրել էին վարույթից՝ դրան մասնակցելու անհնարինության հիմքով: Վահե Գրիգորյանն էլ իր հերթին գրություն էր ուղարկել ՍԴ դատավորներ Արեւիկ Պետրոսյանի, Հրանտ Նազարյանի, Հրայր Թովմասյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին,սակայն այն չի քննվել:
Թե ինչու չպետք է Հրայր Թովմասյանը չմասնակցեր այդ գործի վարույթին, նախագծում ներկայացված են նրա մասնակցելու անհնարինության 4 հիմքերը, այն է՝ Քոչարյանի պաշտպան, այդ գործով դիմումատուի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունները, որը կանխակալ վերաբերմունքի մասին է խոսում կողմի նկատմամբ, Քոչարյանին իր շնորհավորական ուղերձը: Սա Սահմանադրական դատարանի մասին օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի խախտում է: Ըստ Սահմանադրության, յուրաքանչյուր ոք ունի անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավունք ու այս հանգամանքը հարցականի տակ է դնում դատարանի անաչառությունը: Նախագծում մի շարք հիմնավորումներ են բերվել միջազգային կոնվենցիաներից ու ՀՀ Սահմանադրությունից դատարանի անաչառության, դատավորի բացարկի ինստիտուտի մասին: Ըստ ՄԻԵԴ-ի, անաչառության հարցը պարզելիս շատ կարեւոր է ճշտել՝ դատավորը կոնկրետ այդ գործով ունի՞ կանխակալ վերաբերմունք, թե՞ չէ:
Ըստ Եվրոպական դատարանի, դատավորի անձնական կապերը կողմի փաստաբանի միջեւ կարող են դատարանի անաչառության վերաբերյալ հարցեր առաջացնել:
Նախագծի հիմնավորումներում մեջբերված են Հրայր Թովմասյանի եւ Արամ Օրբելյանի հարցազրույցներից հատվածներ, որտեղ նրանք խոսում են իրենց մտերմիկ հարաբերությունների մասին եւ չեն ժխտում, որ կնքահոր եւ սանիկի հարաբերություններ ունեն, ընտանիքներով էլ մոտ են:
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանի՝ 2010-ից մինչեւ 2014-ի ապրիլ արդարադատության նախարար աշխատելու ընթացքում Արամ Օրբելյանը շուրջ 3 տարի զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Սա նույնպես վկայում է նրանց հարաբերությունների մասին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին մտահոգել էր, որ նախնական տարբերակում նախագծից տպավորություն էր, թե ԱԺ-ն ստանձնել է դատավորի կարգավիճակ, արդեն որոշել է, թե ովքեր են մեղավոր, մինչդեռ որոշումը վերապահված է ՍԴ-ին, ԱԺ-ն ընդամենը պետք է կասկած հայտնի:




Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































