«Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումները շատ դեպքերում հիմք են հանդիսանում ամբողջ իրավական գործընթացների փոփոխման համար: ՍԴ-ի հեղինակությունն իջեցնելու արդյունքում մենք ունենալու ենք իրավիճակ, երբ երկրում սահմանադրական անվտանգությունը վտանգվում է», – այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Կարեւոր է, որ բոլոր գործընթացները հանրության համար լինեն բացարձակապես թափանցիկ եւ ընկալելի: Այն, որ ՍԴ-ի նկատմամբ երբեւէ չի եղել խորը ակնածանք, պարզ է»: Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանին դեմ էր քվեարկել ՝ ՍԴ անդամ ընտրելիս. «Ինքը չի համապատասխանում այդ չափորոշիչներին եւ չէր կարող լինել ՍԴ նախագահ, մենք մեր պատճառներն ու հիմնավորումներն ունեինք: Մենք լսեցինք, ձեր բոլոր 4 հիմնավորումները: Առաջիկայում մենք մեր որոշումը կկայացնենք, ԲՀԿ-ն երբեւէ չի եղել կաշկանդված ոչ քաղաքական, ոչ իրավական ինչ-ինչ հարցերով: Հանրությունը պիտի բացարձակապես վստահ լինի, որ եթե մենք մերժում ենք մի բան, որովհետեւ հիմքում տեսնում ենք անաչառություն, ապա մեր բոլոր քայլերը պիտի լինեն օրինական, սուբյեկտիվիզմը մեր քայլերից պիտի բացառվի»: Նա ասաց, որ ԲՀԿ-ն իր որոշումը կհրապարակի առաջիկա 1-2 օրերին:

Ինչ վերաբերում է ԱԺ-ի նախաձեռնած գործընթացին՝ նա ասաց, որ այն պետք է մնա իրավական տիրույթում. «Այն հիմքերը, որոնք վկայակոչված են, իրավական տիրույթում են, մեր զեկուցումները իրավական տիրույթում են եւ ՍԴ-ից ակնկալում ենք, որ վերջինս կայացնի իրավական, ոչ թե քաղաքական տրամաբանությունից ելնելով որոշում»:
Կարդացեք նաև

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Եթե կան մարդիկ, ում կարծիքով մենք էստեղ անձի խնդիր ենք քննարկում, իրենց ստիպված եմ ծանուցել, որ այստեղ անձի հարց չկա: Մենք շատ ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնած: ԲՀԿ-ն շահագրգռված է, որ ցանկացած գործընթաց կազմակերպվի օրենքի շրջանակներում: Մեզ համար անձինք չեն կարեւոր: Այստեղ դրված է ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը: Մենք մի խնդիր պիտի լուծենք, ոնց որ շեղվել ենք մեր օրակարգից՝ կա՞ն օրենքով ու սահմանված հիմքերը, թե՞ ոչ: Մեր համար Հրայր Թովմասյանը չի կարեւոր, զոռով ինձ ստիպում եք ասել՝ նա իմ աչքի լույսը չի, ոչ էլ իր նմանները, բայց մենք պետք է մշակույթ ձեւավորենք՝ վերանանք անձի տիրույթից՝ էսինչյանի բարեկամն է, դրա համար եկեք իրան սենց անենք….Մենք պետք է այստեղ քննարկեինք՝ օրենքում որ նշված է՝ էական կարգապահական խախտում, կա՞ այդպիսի հանգամանք, թե՞ ոչ»:
Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց. «Մենք որեւէ մեկին չենք խոստացել պաշտպանել Հրայր Թովմասյանին: Ես չհամոզվեցի, չտեսա՝ էական խախտումը ո՞րն է, սա իմ անձնական կարծիքն է: Եթե կա, թող պատժվի ինքը: Ես չտեսա, չկարողացա հասկանալ՝ կարգապահական էական ի՞նչ խախտում է թույլ տվել Հրայր Թովմասյանը: Որ տենամ իրան, հարցնելու եմ՝ բա չե՞ս ամաչում՝ էական կարգապահական խախտում ես թույլ տալիս, ինքն էլ ինձ հարցնելու է՝ բայց ո՞րն է, ու կարող է ես իրեն պատասխան չունենամ տալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































