«Բացասական եմ վերաբերվում: Համարում եմ, որ մարդը, սպան, որն իր տեքստն ավարտում է «պատիվ ունեմ» արտահայտությամբ, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատեւ լավ հարաբերություններ՝ ինքն իրեն պետք է թույլ չտա նման ձեւով, նման ոճով արձագանքել: Առավել եւս՝ նման պաշտոն զբաղեցրած անձը պետք է դա շատ լավ գիտակցի», – այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կոշտ արձագանքին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան՝ այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո շատ հազվադեպ են շփվել եւ այս հայտարարություններից հետո էլ չի հանդիպել Վանեցյանին եւ իր տեսակետը նրան չի հայտնել:
Մենք հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ եք, թե ում է ուղարկել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Վանեցյանն առայժմ չխոսի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին արդեն 10 տարի եւ վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը երբ որ բան է ունենում ասելու՝ ուղիղ ասում է, էլ չեմ ասում, որ չեմ կարծում, որ որեւիցե բան է ասել»:
Կարդացեք նաև
Այն տեսակետը, թե Վանեցյանը կարող էր ինչ-որ դավադրությունների մեջ ներգրաված լինել՝ Ալեն Սիմոնյանը չի կիսում. «ՀՀ-ում հեղաշրջում կամ դավադրություն կազմակերպել այսօր դա խելագարության կանխավարկածից բխող մի բան է, որովհետեւ ՀՀ-ում կա ժողովրդավարության ամենաբարձր աստիճանը: Դա աբսուրդ է: Նույն հաջողությամբ կարելի է քարով տանկին խփել»:
Ըստ Ալեն Սիմոնյանի, ՀՀ անվտանգության հարց է ու ԱԱԾ տնօրենը պաշտոնանկությունից հետո չպետք է այդպես հեռանար:
Վանեցյանը զգուշացրել էր, թե «պատկերացնո՞ւմ եք եթե հանկարծ ես սկսեմ խոսել…»:
Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իր գործն է, բայց ես կարծում եմ՝ ամեն մի ասված բան վնասելու է առաջին հերթին սպային, որը որ պատիվ ունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































