Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին եւ նրա աշխատասենյակից դուրս եկավ ԵՊՀ ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Ինչ վերաբերվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանի` ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերը լինելուն եւ այդ պատճառով ԵՊՀ խնջույքը նրան պատկանող «Ֆլորենս» համալիր տեղափոխելուն, Ռաֆայել Բարխուդարյանը դժվարացավ պատասխանել: Փոխարենը իր մասին խոսեց: «Բոլորը պնդում են, որ ես Գեւորգյանի ասպիրանտն եմ, բայց իմ գիտական ղեկավարը ակադեմիկոս Անրի Ներսիսյանն է, շատ հարգված ու ճանաչված մաթեմատիկոս»,-ասաց նա:
Նա հերքեց, որ դեկտեմբերի 31-ին մարդիկ կազատվեն աշխատանքից: Aravot.am-ի հարցին` ինչու ԵՊՀ 100-ամյակի միջոցառումներով երկրի առաջին դեմքերը հետաքրքրված չեն, մինչդեռ ասում էին, որ Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո հավուր պատշաճի կտոնեն Մայր բուհի հոբելյանը, Բարխուդարյանը պատասխանեց. «Իմ տեղեկություններով երեք առաջին դեմքերը պատրաստվում են մասնակցել հոբելյանական միջոցառումներին»: Հարցրինք` կոնկրետ ումից է հաստատում ստացել: «Հաստատում չեմ ստացել, բայց իմ տեղեկություններով քննարկվել է 100-ամյակի հանձնաժողովի վերջին նիստում, եւ ԱԺ նախագահը եւ վարչապետը փորձելու են մասնակցել, ուղղակի հիմա ժամանակային խնդիրներ կան»:
Կարդացեք նաև
Ռաֆայել Բարխուդարյանին հարցրինք` եթե զուգահեռ տանի հոգաբարձուների նախկին եւ ներկա խորհուրդների միջեւ, որը կհամարի ավելի կուսակցականացված ու քաղաքականացված: «Ես կդժվարանամ համեմատել»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































