Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ողջունելով Հայաստանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքի մասնակիցներին՝ նշեց, որ ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը մնում են որպես մեր ժամանակների առանցքային վտանգ:
«Չնայած ներկայումս Հայաստանի տարածքում ահաբեկչական կոնկրետ դրսեւորումներ ի հայտ չեն բերվել, այդուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առանձնահատուկ դիրքը, չի կարելի բացառել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես թիրախ ընտրելու հավանականությունը: Նման զարգացումները ի հայտ բերելու եւ կանխարգելիչ գործողությունների արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի հետ համագործակցության եւ հատուկ ծառայությունների հետ գործընկերային հարաբերությունների շրջանակներում պարբերաբար իրականացնում է ահաբեկչական սպառնալիքների վերլուծություն: Առանձնահատուկ ուշադրության է արժանանում կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ վառելիքաէներգետիկ համալիրի, հակաահաբեկչական ապահովվածությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































