Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյանը` Քյուֆթայի փառատոնի եւ խոհանոցը որբի գլուխ դիտարկողների մասին

Հոկտեմբեր 04,2019 17:44

Էջմիածնի քաղաքապետարանն ու Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ն համատեղ նախաձեռնել են Քյուֆթայի (կոլոլակի) փառատոն, որը կկայանա հոկտեմբերի 8-ին: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ըստ ուսումնասիրությունների՝ կոլոլակը մսի սառը մշակման առաջին եղանակն է:

«Դա զուտ հայկական երեւույթ է եւ սրա մասին խոսում են ոչ միայն հայ ուսումնասիրողները, այլեւ դրսի մասնագետները, զորօրինակ, Վիլյամ Վասիլեւիչ Պոխլյոբկինը: Միջնադարի եւ հատկապես Կիլիկյան ժամանակաշրջանի խոհանոցի հիմքում ամբողջությամբ կոլոլակներն են, եւ այն ավանդական եղանակը, որը մինչեւ հիմա պահպանվում է մեր նախնիների շնորհիվ` Գավառում եւ այլ բնակավայրերում, ընդամենը դրա մի պատառիկն է»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով, ինչքան գավառ ու բնակավայր կա, այդքան կոլոլակի տեսակներ կան` ինչպես, Շուշվա, Էջմիածնի: Ինչ վերաբերում է Ուրֆայի եւ Հաճնի կոլոլակներին, դրանք, մասնագետի ասելով, առանձին ուսումնասիրության են արժանի. «Ունենք դրանց վերաբերյալ նյութերը, սակայն դեռ լիովին չենք հասցրել վերծանել, որովհետեւ դրանց մի մասը գրաբարով է, մի մասը` արեւմտահայերեն: Ամբողջ խոհանոցի հիմքն այնտեղ կոլոլակից պատրաստվող կերակրատեսակներն են»:

Սեդրակ Մամուլյանը վստահ է, որ Քյուֆթայի փառատոնը տարիներ անց նույնպիսի հաջողություն ու փառք ունենա, ինչպես Տոլմայինը եւ զբոսաշրջիկների հոսք կբերի Հայաստան. «Եթե այս ամենը թողնում ենք կենցաղի մակարդակի, խոհանոցը զարգացում չի ապրում, մնում է նույն ծեծած միսը` ջրի մեջ խաշած ու վերջ: Մինչդեռ կոլոլակով կարելի է շատ ու շատ կերակրատեսակներ պատրաստել` տարբեր համադրություններով, տարբեր ջերմային մշակման ենթարկելով: Ես վստահ եմ, որ Կոլոլակի փառատոնը ամենամյա կդառնա, կհարատեւի, եւ ի հայտ կգան նոր կերակրատեսակներ նույնպես` հնի վրա կառուցված, հնի մոտիվներով: Ընդհանրապես խոհանոցը հենց այդպես է զարգանում»:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի նախագահից հետաքրքրվեցինք` իր կարծիքով շատ չե՞ն գաստրոնոմիական բնույթի փառատոնները: Նրա ձեւակերպմամբ, եթե հայտարարել ենք զբոսաշրջությունը որպես տնտեսության զարգացման առաջնային ճյուղերից մեկը, ուրեմն պետք է ամեն ինչ էլ անենք այդ ուղղությամբ: «Մեր խոհանոցը բացառիկ խոհանոց է` գիտական հիմքերի վրա մշակված, հնից փոխանցված, եւ դա մեզանից լավ գիտեն զբոսաշրջիկները: Ցավոք, խոհանոցի հանդեպ վերաբերմունքը վերջին 15 տարվա ընթացքում շատ դանդաղ է փոխվում, խոհանոցն ընկալվում է զուտ որպես քաղցը հագեցնելու միջոց եւ ոչ թե մշակութային երեւույթ: Իսկ նման փառատոնները կարեւոր են այնքանով, որ դրանց արդյունքում դրսի մարդկանց հետ շփվելով՝ մեր տնտեսական եւ քաղաքական էլիտան, մտավորականությունը կամաց-կամաց կհասկանա, որ ազգային խոհանոցը նույնպես մշակութային ժառանգություն է: Ու պետք չէ խոհանոցը դիտարկել որպես որբի գլուխ»:

Մամուլյանը տարակուսանք հայտնեց, որ վերջերս մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից մեկն ասել էր, թե Տոլմայի փառատոնի փոխարեն կարելի էր դասական երաժշտության փառատոն անցկացնել. «Ո՞վ է բռնել ձեր ձեռքը, անցկացրեք դասական երաժշտության ձեր փառատոնները, դուք գիտե՞ք, որ Տոլմայի փառատոնը մեկ լումա անգամ պետական աջակցություն չունի»,-ասաց Մամուլյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Սեդրակ Մամուլյանի լուսանկարը` Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031