Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
- քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է,
 - պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ,
 - պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից ամբողջական պատով առանձնացված չեն և բացակայում են դռները,
 - առկա են կարանտինային բաժանմունքում պահվող ազատությունից զրկված անձանց անկողնային պարագաների տրամադրմանն առնչվող խնդիրներ,
 - տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները,
 - չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները,
 - առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ պահանջվող դեղորայքը ոչ բավարար քանակությամբ և տեսականիով է, արձանագրվել են ժամկետանց դեղեր, բժշկական հետազոտությունները չեն կազմակերպվում պատշաճ և ժամանակին, առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը, բժշկական անձնակազմի աշխատանքը գերծանրաբեռնված է և այլն),
 - անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները,
 - բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները և այլն:
 
Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:
Կարդացեք նաև
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ


















































                        
         
         
         