Այսօր առավոտյան ժամը 10․48 սահմաններում ոստիկանության «Մուշ» բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված։
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ահազանգը ստանալով, անմիջապես մեկնել են դեպքի վայր, տարհանել են աշակերտներին ու անձնակազմին՝ դպրոցի պահպանությունը վերցնելով իրենց հսկողության ներքո ու սկսելով որոնողական աշխատանքներ իրականացնել։

Վիճակը նորմալ է, կարևորը, որ մենք շատ արագ արձագանքել ենք, աշակերտների ու մանկավարժական անձնակազմի տարհանումն արել ենք, չենք թույլատրել, որ խուճապի մատնվեն թե՛ դպրոցի, և թե՛ հարևանության շրջակայքում»,-ասաց ոստիկանապետը։
Կարդացեք նաև

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ նշեց, որ համապատասխան ստուգումներով հերքվել է ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը։ Դատախազը հանձնարարել է կեղծ ահազանգ կատարելու կապակցությամբ հարուցել քրեական գործ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































