Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները մտել են քաղաքացիների տուն, ծեծել ամուսիններին

Հոկտեմբեր 14,2019 14:51

«2019 թվականի հոկտեմբերի 11-ի առավոտյան լուսադեմին՝ ժամը 7:10-ին մեր տուն են մտնում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները, պահանջելով տղայիս՝ Տիգրան Բադալյանին: Ոստիկանները կրկին եկել էին առանց գրավոր փաստաթղթերի, հիմքերի և մեզ չբացատրեցին, թե ինչու են եկել և ինչու են պահանջում տղայիս: Հետագայում իմացանք, որ տղայիս ուզում են տանեն այս անգամ սառնարանի սեկցիաների գողության համար/գողոնի արժեքը կազմել է 15 000 ՀՀ դրամ/:Ես զանգահարեցի փաստաբանիս, որ Երևանից գա, փաստաբանս էլ անհանգստանալով զանգահարել է 116 թեժ գիծ՝ Մարդու իրավունքների պաշտպանին, որ միջոցներ ձեռնարկեն մեզ բան չպատահի, մինչև փաստաբանը Երևանից գա հասնի Վերին Արտաշատ: Սակայն կատարվեց ավելի սարսափելին: Երբ մենք տանը չորս ոստիկանների հետ նստած էինք, ոստիկաններից մեկը` ոմն Կարենը, տղայիս՝ Տիգրանի թևը մտած մտերմաբար տարավ դուրս և մենք լսեցինք«.. մի խփեք ինչու եք խփում մի խփեք…»: Ես վազեցի դուրս և տեսա մոտ չորս անծանոթ ավտոմեքենաներ և մի խումբ ոստիկաններ: Տիգրանի գլխին մեջքին և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ տեղալով մոտ չորս հոգի փորձում էին նստեցնել մեքենան: Բնականաբար, ես տեսնելով դա` ասացի ուր եք տանում տղայիս, որովհետև բոլորը քաղաքացիական հագուստով էին: Ես ամուսինս՝ Լյովա Բադալյանը և տղաս՝ Գագիկ Բադալյանը փորձեցինք պաշտպանել Տիգրան Բադալյանին, սակայն բոլորս ծեծի ենթարկվեցինք քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից»:

Լյովա Բադալյանը, Մարինե Գևորգյանը կապտուկներով, դեմքի վնասվածքներով քիչ առաջ ՀՔԾ-ի դիմաց էին, նրանք դիմել են ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, հանցագործության մասին հաղորդումով:

Հաղորդում են ներկայացրել Արտաշատի ոստիկանության բաժնի կողմից իրենց տուն ապօրինի ներխուժելու, մեզ ծեծի ենթարկելու փաստի առթիվ.

«Դեռ 2019 թվականի սեպտեմբերի 15-19 ընկած ժամանակահատվածում բազմիցս Արտաշատի ոստիկանության ծառայողները զանգահարել են մեր տղային՝ Տիգրան Բադալյանին, բանավոր կանչելով ոստիկանություն՝ Վերին Արտաշատ գյուղում բնակարանից ոսկու գողություն կատարելու համար: Մեր տղային 2019 թվականի սեպտեմբերի 16-ին առանց փաստաթղթերի տարել են Արտաշատի բաժին, անձնագիրը պահել էին, նոր հաջորդ օրը՝ փաստաբանի հետ գնացել են բաժին և վերցրել է իր անձնագիրը: Սակայն, կրկին մեզ անընդհատ զանգահարել և անհանգստացրել է Արտաշատի քրեականի պետը՝ Ֆիլիպ Ստեփանյանը, որ տղաս գնա ոստիկանություն: Այդ կապակցությամբ փաստաբանը գրավոր դիմել էր Արտաշատի ոստիկանության բաժնի պետ Ռ. Ներսիսյանին, որպեսզի «..Որևէ քրեադատավարական գործողություն կատարելու դեպքում` Տիգրան Բադալյանին բաժին հրավիրեն գրավոր ծանուցմամբ, ինչպես նաև Արտաշատի «Ֆաստկրեդիտ» մասնաճյուղում ՀՀ ոստիկանության մարմինների և ՀՀ Քննչական մարմինների կողմից որևէ քրեադատավարական գործողություն՝ այդ թվում առգրավում կամ ճանաչում կատարելու համար ապահովեն իր և փաստաբանի ներկայությունն ու մասնակցությունը»,-տեղեկացրել են հանցագործության մասին հաղորդման մեջ քաղաքացիները:

Նրանց փաստաբանը` Լ. Բալյանը տեղեկացրեց, որ ոստիկանները գրավոր ծանուցագիր են ուղարկել, տղան ներկայացել է Արտաշատի քննչական բաժին փաստաբանի հետ՝ որպես վկա:

«Հաջորդ օրը փաստաբանի հետ գնացել են ոստիկանություն, սակայն քրեականի պետը հրաժարվել է նրանց ընդունել, քանի որ տղաս գնացել է փաստաբանի հետ: Այդ մասին մի քանի անգամ թեժ գծով մեր փաստաբանն ահազանգել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, տեղյակ պահելով, որ Արտաշատի ոստիկանության կողմից կատարվում են ապօրինություններ»-ասվել էր հաղորդման մեջ:

Ծեծված քաղաքացիները խնդրում են անհապաղ հարուցել քրեական գործ՝ ոստիկանների անօրինական մուտք գործելու, իրենց ծեծի ենթարկելու փաստի առթիվ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031