«Ավրորա» ֆորումի շրջանակում անցկացվում է «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն: Վերջինիս առանցքային միջոցառումներից մեկը IHTFFհամաժողովն է, որը կայացավ հոկտեմբերի 15-ին։ Այս միջոցառումը մասնագիտական քննարկման հարթակ է, որին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի առաջատար կինոգործիչները, հեռուստատեսության ոլորտի մասնագետները։ Փառատոնի հիմնադիր նախագահներն են պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին (Associated Television International), ռեժիսոր ու հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովը (Blitz Films)։ Փառատոնի համանախագահներն են երգահան, թատերագետ Մարինե Ալեսը, հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը:

Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև

«Հայաստանը տաղանդավոր մարդկանց երկիր է, այստեղ մարդիկ մեծ ցանկություն ունեն ներգրավվածություն ունենալ ոլորտում»,-ասաց ՄկՔենզին: Օրինակ բերեց, որ «Գահերի խաղը» նկարահանվել է Խորվաթիայում եւ Մոնտենեգրոյում, ինչի շնորհիվ այժմ բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում այդ երկրներ: «Մենք վստահ ենք, որ մեր նկարած հեռուստաշոուների ու նյութերի շնորհիվ եւս շատ մարդիկ կգան Հայաստան… Ես հավատում եմ, որ այստեղ կա հզոր ներուժ` ստեղծելու հրաշալի հաղորդումներ, եւ Հայաստանը կարող է զբոսաշրջիկների այցելությունների համար հոյակապ վայր լինել»:
Նա խոսեց իրենց` Հայաստանի մասին զբոսաշրջային ֆիլմից, որտեղ պատրաստվում են ներկայացնել այն ամենը, ինչն անհրաժեշտ է մարդուն տվյալ երկիր այցելելու համար. «Չորսուկես տարի առաջ իմ աշխատակազմն ասում էր` մի գնա Հայաստան, այնտեղ ոչինչ չկա, ընդամենը մի քանի եկեղեցիներ են»: Դեյվիդ ՄկՔենզին փաստեց, որ այդ մտայնությունը գալիս էր տեղեկատվության պակասից, եւ հիմա ինքն ուրախ է, որ համացանցում բավականին տեղեկատվություն եւ լուսանկարներ կան Հայաստանի մասին:
«Մոտակա ամիսների ընթացքում մենք որոշակի քանակի տեխնիկա ենք ներկրելու Հայաստան, որն առավել դյուրին կդարձնի ամերիկյան ընկերությունների աշխատանքն այստեղ։ Միգուցե դրանք կենսական նշանակության բաներ չեն, բայց մենք ուզում ենք, որ ֆիլմարտադրողները գոհ մնան այստեղ անցկացրած աշխատանքային օրերից »,-հավելեց նա:
Մանրամասն` տեսանյութում
POPSTAR! համացանցային հեռուստաալիքի փոխնախագահ Ջեյքոբ Մեյբերին նշեց, որ արդեն 7-րդ անգամ է Հայաստանում։ «Ինձ համար ամենամեծ մարտահրավերն այն էր, որ ամերիկացիները չգիտեն, թե որտեղ է Հայաստանը, չգիտեն, թե որքան ապահով, զարգացած եւ հյուրընկալ երկիր է Հայաստանը»,-ասաց նա։

Մանրամասն` տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































